Տարվա լավագույն ուսուցչուհի ճանաչված Գայանե Ալավերդյանը վստահ է, որ չլիներ Գարեգին Նժդեհը՝ չէին լինի Զանգեզուրն ու Հայաստանը:
Այսօր լրանում է Լեռնահայաստանի 90 եւ Լեռնահայաստանի հիմնադիր Գարեգին Նժդեհի 125-ամյակները: Երեկ տեղեկացրել ենք, որ այս առիթներով Սյունիքում նախատեսված են գիտաժողով, այց Նժդեհի շիրիմին եւ համերգ:
Հայոց պատմության կարեւորագույն էջերից է 1919-1921թթ. Զանգեզուրի գոյամարտը:
«Դա պատմական բախտորոշ այն ժամանակաշրջաններից է, երբ անհատը՝ ապավինելով իր Աստծո զորությանը եւ Զանգեզուրի ժողովրդի վստահությանը, Խուստուփի փեշերից բռնելով՝ երկրամասը պաշտպանեց թուրք-բոլշեւիկյան նկրտումներից». այսպիսի բնութագրականով անդրադարձավ իրադարձություններով լեցուն պատմական այս էջին Կապանի թիվ 9 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Գայանե Ալավերդյանը, ով 2010թ.-ին հանրապետության լավագույն ուսուցչուհու կոչմանն է արժանացել:
1919 թվականի օգոստոսից Ադրբեջանի կառավարությունը սկսեց նախապատրաստական աշխատանքներ տանել Զանգեզուրը գրավելու համար: ՀՀ կառավարությունը թուրք-ադրբեջանական զորքերի կողմից շրջապատված երկրամաս ուղարկեց Նախիջեւանի գավառապետ Գարեգին Տեր-Հարությունյանին, ով ստանձնեց Կապարգողթի (Կապան, Արեւիք եւ Գողթան) ընդհանուր հրամանատարությունը, որից եւ սկիզբ դրվեց Գարեգին Նժդեհ եւ Զանգեզուր միասնականությանը: 1919թ. նոյեմբերին լավ նախապատրաստված թուրք-թաթարական զորքերը բոլոր կողմերից շրջապատում են Զանգեզուրը: «Զաբուղից հարձակվում են ադրբեջանական զորքերը՝ գեներալ Շիխլինսկու հրամանատարությամբ, Նախիջեւանից Գողթանի վրա է շարժվում Էդիֆ փաշան, Բարգուշատից Ղափանի արեւելյան գյուղերի վրա է հարձակվում Քյազիմ բեյը: Նույն թվականի նոյեմբերի 1-ին թուրքերը գրավում են Ողջիի եւ Գեղվա ձորերը՝ փակելով Զանգեզուրը Գողթանի հետ միացնող միակ ճանապարհը: 33-ամյա փոխգնդապետ Գարեգին Նժդեհի ներկայությունը դարձավ ուժի եւ ոգեւորության աղբյուր Սյունյաց լեռնաշխարհի քաջարի ժողովրդի համար: Տեղին է մեծն Ալիշանի բնութագիրը. «…Սյունիքն է ամենահամառագույնը եղել ազգային ոգու եւ ավանդների պահպանության մեջ»,- պատմում է ուսուցչուհին: – Նժդեհի ռազմական ու կազմակերպչական տաղանդի շնորհիվ Լեռնահայաստանի ժողովուրդը 2 տարի կռվեց ու փառահեղ հաղթանակներ տարավ: Ապացույցը՝ Ողջիի, Գեղվաձորի, Շուռնուխի, Որոտանի եւ մյուս կռիվներն են»,- հպարտորեն նշում է պատմության սյունեցի մասնագետը:
Ողջիի ձորի կռվի ժամանակ է, որ Նժդեհի ցուցումով առաջին անգամ օգտագործվում են Ղափանի հանքաքարից պատրաստված պայթուցիկ տակառները: Դրանք 10-18 կգ-անոց մետաղե տակառներ էին՝ լցված պղնձի կտորներով ու պայթուցիկ նյութերով, որոնք աննկարագրելի սարսափ ու խուճապ էին առաջացնում թշնամու շարքերում: Առավել նշանավոր էր «խաչակրաց արշավանքը» Գեղվաձորի դեմ: Բաղաց իշխանների ոստան Գեղվաձորը Զանգեզուրի համար նույն նշանակությունն ուներ, ինչ Կարթագենը՝ Հռոմի համար: Մի քանի օրվա հաղթական կռիվներից հետո Բաղաբերդի բարձունքների վրա ծածանվեց հայկական եռագույնը: Արդեն 1920 թվականի գարնանը Նժդեհը կենդանի լեգենդ էր Զանգեզուրի լեռներում, ուներ գնդապետի աստիճան, եւ Ադրբեջանը երեք միլիոն էր խոստացել նրա գլխի համար:
Նժդեհը դարձավ Զանգեզուրի հերոս ժողովրդի առաջնորդը եւ պատասխանատուն նրա ճակատագրի համար: Միանգամայն գիտակցված որոշում առավ ու պատահական չէր, որ չընդունեց ՀՀ զինվորական նախարարի՝ Զանգեզուրը թողնելու հրամանը, մերժեց Դրոյի առաջարկը՝ անցնել Երեւան: Մնաց աշխարհից կտրված Սյունիքում՝ մենակ չթողնելով լեռնահայությանը. «Այդ ծանր օրերին Նժդեհի ձեռամբ ծնվեցին «Հանուն հայրենիքի՝ դավիթբեկաբար» կարգախոսն ու Դավիթբեկյան ուխտեր զորախմբերը: Նժդեհը ասպետական հոգի ուներ եւ իր զինվորներին պարտադրում էր՝ եղեք անխնա ձեզ դիմադրողների նկատմամբ, ասպետ եւ մարդ եղեք կանանց, երեխաների եւ ծերերի նկատմամբ: Սրանով հանդերձ, Նժդեհը դաժան ու անգութ էր դավաճանության եւ դավաճանների նկատմամբ: Կան վկայություններ, որ հակառակորդի կողմն անցած գյուղը մի քանի անգամ հրի է մատնվում Նժդեհի հրամանով:
1920-ի սեպտեմբերին թուրք-բոլշեւիկյան ճնշման արդյունքում Գարեգին Նժդեհը թողեց Ղափանն ու անցավ Գնդեվազ, ցավ ու վիրավորանք կար զորավարի սրտում: Նա դիմում էր ղափանցիներին, խնդրելով, որ հանեն իր աչքերը, կուրացնեն, որ չտեսնի գալիք զուլումը: Սակայն նա շարունակեց պայքարը»,- մանրամասնում է Գայանե Ալավերդյանը:
1920 թվականի դեկտեմբերին Տաթեւում գումարված համազանգեզուրյան առաջին համագումարում Սյունիքը հռչակվեց ինքնավար: Նժդեհն ընտրվեց Սյունյաց սպարապետ՝ դիկտատորի իրավունքներով: Չվստահելով բոլշեւիկների հավաստիացումներին («…նրանց անունը կարմիր էր, գործերը՝ սեւ…»), Նժդեհը շարունակում էր պայքարը: Սպարապետ դառնալուց ոչ շատ անց՝ 1921 թվականի ապրիլին համազանգեզուրյան համագումարը Սյունիքը հռչակեց Լեռնահայաստանի Հանրապետություն՝ սպարապետ Նժդեհի վարչապետությամբ: Հունիսի 1-ին Լեռնահայաստանը հայտարարվեց Հայաստան՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ: Նոր կառավարությունը մի շարք սխալներ թույլ տվեց, գումարած արտաքին աշխարհում մեզ համար անցանկալի զարգացումները, եւ Նժդեհը թողեց Զանգեզուրը՝ հավաստիացնելով լեռնահայությանը, որ կվերադառնա…
Նժդեհը փրկեց լեռնահայությանը կոտորածից, Հայաստանը չվերացավ, Սյունիքը մնաց Հայաստանի կազմում: Երկու տարի Նժդեհի դեմ կռվելով՝ թշնամին 15 հազար զինվոր թողեց մարտադաշտում, իսկ Սյունիքը՝ մի քանի հարյուր, 200 գյուղ մաքրվեց թուրքերից ու վերադարձվեց հայերին:
Լեռնահայաստանի սպարապետն ու հիմնադիրը մոտ 20 տարի ապրեց օտար երկրներում, Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային միությունը նրան Սիբիրի բանտերում պահեց 11 տարի: Գարեգին Նժդեհը մահացել է 1955 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Վլադիմիրի բանտում:
Ասում են՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Նժդեհի եւ սյունեցիների հերոսամարտից 70 տարի անց, նույն սյունեցիները հերոսաբար ելան նույն ոսոխի դեմ: Նժդեհը չկար, բայց սյունեցին էլի հաղթեց ու ապացուցեց, որ չլիներ Նժդեհի ու Սյունիքի ժողովրդի ոգին, կամքն ու վճռականությունը, քարտեզի վրա Հայաստան անունով երկիր չէր լինի: Թող նժդեհյան ոգին մեր դժվար օրերում չլքի լեռնահայաստանցուն, որպեսզի զանգը զուր չհնչի: