Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՋՄԻԱԾԻ՞Ն, ԹԵ՞ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

Հոկտեմբեր 26,2010 00:00

Թե ինչ եղավ հետո, երբ առանց քաղաքի բնակիչների ու ղեկավարների կարծիքը լսելու՝ քաղաքի անունը փոխելու քայլեր արվեցին:

\"\"  \"\"
\"\"

Արդեն ոչ մեկին չի զարմացնում այն փաստը, որ որեւէ գործարք կատարող էջմիածնաբնակ քաղաքացին փաստաթղթային տվյալներով մի դեպքում  էջմիածինցի է, մեկ այլ դեպքում՝ վաղարշապատցի: Օրինակ, եթե քաղաքապետարանն իր բնակչին պետք է կառույցի շինարարության թույլտվություն տա, ապա դա անում է՝ վավերացնելով «Էջմիածնի քաղաքապետարան» կնիքով: Որոշումը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հասնելուն պես, քաղաքացու բնակավայրը դառնում է Վաղարշապատը: Կամ՝ երեխան ծնվում է Էջմիածնում, բայց Վաղարշապատ քաղաքի ծննդատանը, իսկ ծննդյան վկայական ստանում է Էջմիածնի գրանցումով: Վեց-յոթ տարի հետո էլ նույն այդ երեխան հաճախում է Վաղարշապատի որեւէ դպրոց: Էջմիածինցի Աննա  Սիմոնյանը կեսլուրջ-կեսկատակ նկատեց, որ Էջմիածինն ու Վաղարշապատը համերաշխ քույրեր են, որոնք, չնայած 1996 թվականից իրենց համատեղ կյանքին, այնուամենայնիվ՝ անհեթեթ վիճակի մեջ են գցել քաղաքի բնակչությանը:
Պատմությունից, ըստ Ագաթանգեղոսի, հայտնի է, որ Գրիգոր Լուսավորչին տեսիլք է երեւում, թե Աստծո միածին որդին իջնում է Վաղարշապատ եւ ձեռքի ոսկե ուռով ցույց տալիս այն վայրը, որտեղ սուրբ Հռիփսիմյանց կույսերի նահատակության պատվին պետք է կառուցել «Տունն աղօթից»: Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ Մեծի համաձայնությամբ եւ հավատացյալ ժողովրդի օգնությամբ, կործանում է Սարդարամետի մեհյանը եւ տեղում 301-303 թթ. հիմնում Կաթողիկե եկեղեցին՝ Մայր Տաճար սուրբ Էջմիածինը: Հենց այդ անունով էլ քաղաքը հետագայում կոչվում է Էջմիածին:
Էջմիածինը Վաղարշապատ է դառնում 1920թ.՝ խորհրդային կարգերի հաստատումից հետո, իսկ 1945-ին կրկին վերանվանվում Էջմիածին: Դրանից հետո քաղաքի անվան փոփոխության հետ կապված որեւէ որոշում չնայած չի հրապարակվել, բայց 1996-ից գործածության մեջ դրված Վաղարշապատ անունը թյուրիմացության մեջ է գցել Էջմիածնի բնակիչներին:
Ուսումնական եւ բուժհաստատությունները, ոստիկանությունը, ինչպես նաեւ այլ ծառայություններ, որոնք մարզային ենթակայության են, Վաղարշապատ քաղաքինն են, իսկ համայնքային պատկանելություն ունեցողները, ինչպիսիք են մանկապարտեզները, երաժշտական, նկարչական կամ գեղարվեստի դպրոցները՝ Էջմիածնինը: Տեղական իշխանությունը փաստաթղթերը վավերացնում է «Էջմիածնի քաղաքապետարան» կնիքով: Էջմիածին է գրված նաեւ քաղաքի մուտքերի վահանակների վրա: Վերջերս էլ նշվեց ոչ թե Վաղարշապատ, այլ Էջմիածին քաղաքի 2695-ամյակը:
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Էջմիածին: Սա էլ մշտական բնակություն ունեցող ավելի քան 57 հազար քաղաքացու բնակության վայրն է՝ ամրագրված անձը հաստատող փաստաթղթում: Սակայն երկու անուն ունեցող քաղաքի բնակիչները կոնկրետություն են պահանջում: «Ինչ էլ ասեն՝ ես ինձ էջմիածինցի եմ համարում… Բայց սա ինչի՞ նման է` երեխաս Էջմիածնի մանկապարտեզն ավարտելուց հետո պետք է գնա Վաղարշապատի դպրո՞ց: Բա ծիծաղելի չի՞: Իրենց (նկատի ունի անկախ Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին- Մ. Ա.) ո՞վ էր խնդրել քաղաքի անվան հետ խաղալ, որ մինչեւ հիմա կրակն են ընկել իրենք էլ, մենք էլ: Տեղին են ասել՝ մի գիժ քարը գցեց ջուրը, հազար խելոք չեն կարողանում հանել»,- ասաց իրեն հոգեւոր կենտրոնի բնակիչ ու արմատներով էջմիածինցի համարող Սեդա Մուրադյանը:
Էջմիածնի հետ զուգահեռաբար գործածվող Վաղարշապատը ունի՞ արդյոք որեւէ իրավական հիմք՝ հայտնի չէ նույնիսկ 1996-2010 թթ. քաղաքի ղեկը ստանձնած չորս քաղաքապետերից եւ ոչ մեկին: Էջմիածին-Վաղարշապատի ավագանու երկարակյաց անդամ եւ ամենահարուստ փորձ ունեցող Հրաչ Ավետիսյանը հիշեց, թե ինչպես նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանը զարմանքից քարացավ, երբ հեռախոսով Երեւանից տեղեկացրին, որ քաղաքի անունը փոխել են. «Բայց ոչ պաշտոնական գրություն ստացանք, ոչ էլ որեւէ որոշում՝ անվանափոխության մասին: Չնայած, եթե լիներ էր, միեւնույն է, չէր աշխատելու: Տպավորություն էր ստեղծվել, թե դա թաքուն է արվել: Այնքան թաքուն, որ քաղաքի ղեկավարությունն էլ չէր իմացել: Հետո, որքան հիշում եմ՝ մեր տարածքից ընտրված պատգամավորներից մեկն այդ հարցը խորհրդարանում բարձրացրեց: Ասացին. կուսումնասիրենք՝ կպատասխանենք: Բայց մինչեւ օրս ոչինչ արված չէ»: Քաղաքի անվանափոխության մասին որոշում չեն ստացել նաեւ Աղվանյանին հաջորդած երեք քաղաքապետերը: Այդ մասին լռում են նաեւ ԱԺ եւ կառավարության կայքէջերը:
Ավագանու անդամ Հրաչ Ավետիսյանը, ով նաեւ սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային գործակալության պետն է, դժգոհեց, որ քաղաքի անվան երկվությունը քաղաքացիների համար անհարկի դժվարություններ եւ բարդություններ է ստեղծում ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս: Վերջին դեպքը կապված է Մոսկվայում գրանցվել ցանկացող մի քաղաքացու հետ, որի՝ Էջմիածնի գրանցումից դուրս գալու վերաբերյալ փաստաթղթերում քաղաքի երկու անուններն էլ հիշատակված են եղել: «Ստիպված էի պաշտոնական գրությամբ հաստատել, որ երկու անուններն էլ նույն քաղաքին են վերաբերում»,- ասաց սոցիալական ծառայության ղեկավարը:
Քաղաքի երկանունությունը զայրացրել է նաեւ քաղաքապետարանին կից գեղարվեստական խորհրդի անդամներին: Խորհրդի անդամ Արշակ Մանուկյանի կարծիքով՝ ինչպես խորհրդային տարիներին էր կառավարությունը որոշում, որ այսինչ քաղաքը պետք է այսինչ անունը ունենա, այնպես էլ Հայաստանի կառավարիչները արեցին՝ ոչ քաղաքի բնակիչների կարծիքը հաշվի առան, ոչ ղեկավարների: Փորձեցին անունը փոխել, բան չստացվեց, շիլաշփոթ ձեւավորվեց: Մտավորականի կարծիքով, ճիշտը քաղաքում հանրաքվե անցկացնելն է: «Թող հարցում անեն եւ պարզեն՝ էջմիածինցին ո՞ր անունն է ընտրում»,- առաջարկում է Արշակ Մանուկյանը:
Էջմիածնի անվանափոխության բազմաչարչար հարցը քանիցս քննարկվել է թե գեղխորհրդի, թե քաղաքի ավագանու նիստերում: «Այդ թյուրիմացությունը վերացնելու համար 2007թ. ավագանին որոշեց դիմել կառավարություն՝ բոլոր փաստաթղթերում քաղաքը Էջմիածին կոչելու ուղերձով»,- «Առավոտին» ասաց քաղաքի ավագանու նախկին անդամ Գալուստ Խաչիկյանը: Նույնաբովանդակ մի ուղերձ էլ գեղարվեստական խորհուրդը ուղարկել է Ազգային ժողով: Պատասխան դեռ չկա:
Խնդրի վերաբերյալ իր կարծիքն ունի նաեւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը ասաց, որ անկախ Վաղարշ թագավորի ոչ քրիստոնյա լինելու փաստից, պատշաճ է, որ քաղաքը պահպանի նրա պատմական անունը եւ կոչվի Վաղարշապատ: Դրանով կարտահայտվի նաեւ քաղաքացիների վերաբերմունքն իրենց քաղաքի հիմնադրի նկատմամբ:
Էջմիածնի փողոցներում «Առավոտի» փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ քաղաքի բնակիչները այս կարծիքը չեն կիսում եւ Էջմիածին անունն են նախընտրում: Մեր փոքրիկ հարցումը հետեւյալ պատկերը ձեւավորեց. քաղաքի հիմնադիր թագավորին հարգելու համար թող Էջմիածնի փողոցներից կամ հրապարակներից մեկը վերանվանեն Վաղարշի անունով՝ արձանն էլ կանգնեցնեն. ո՞վ է որոշել, որ հիմնադրին անմահացնելու միակ ձեւը քաղաքն անվանափոխելն է, թող այդ դեպքում Երեւանն էլ Էրեբունի դարձնեն, կամ՝ Արգիշտապատ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Շահէն says:

    Նկատի առնելով որ այն եղել է Հայաստանի մայրաքաղաքներից մէկը ճիշտ կը լինի իր պատմական Վաղարշապատ անունը պահպանի իսկ Կաթողիկոսարանը ամբողջովին անւանւի Ս Էջմիածին:

  2. Հայկ says:

    Կարծում եմ, ճիշտ կլինի կոչել Վաղարշապատ-Էջմիածին կամ Էջմիածին-Վաղարշապատ:

    Հ. Գ.: Էրեբունի=Երևան, քանի որ սեպագրում E-RE-BU-NI կարելի է կարդալ թե՛ Էրեբունի, թե՛ Էրևան-Երևան

Պատասխանել