Լրահոս
Օրվա լրահոսը

Մաթեմատիկան ու նկարչությունը

Փետրվար 17,2010 00:00

«Մաթեմատիկան մտքի լարում է պահանջում, գրելը՝ հոգու մաքրություն, իսկ նկարչությունը մաքրում է, երբ հուզված, փոթորկված ու նեղացած ես լինում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է մաթեմատիկոս, մանկավարժ, գրող ու նկարիչ Համլետ Միքայելյանը: Երեկ Հովհ. Թումանյանի թանգարանում բացվեց նրա 45 աշխատանքներից բաղկացած առաջին անհատական ցուցահանդեսը: Հ. Միքայելյանը մաթեմատիկայի գծով դպրոցական, բուհական գրքերի հեղինակ է, հրատարակել է «Ո՞ւր է տանում իմ հոգին» ժողովածուն, վերապատմել նաեւ «Սասնա ծռեր» էպոսը, իսկ նկարել սկսել է միայն մի քանի տարի առաջ:
«Մաթեմատիկան հոգու գիտություն է, Աստված երկրի ստեղծման հիմքում դրել է մաթեմատիկա: Նույնքան հոգեւոր է նաեւ նկարչությունը»,- նշում է Հ. Միքայելյանը: Ըստ նրա, արվեստի նպատակը առեղծվածային շատ երեւույթներ բացահայտելն է. «Օրինակ, նկարչության մեջ երեւույթների խորքը տեսնել առանց մանրուքների, այնպես, ինչպես երեխան է դիտում մուլտֆիլմը»: Մեր զրուցակցի խոսքով՝ «Այսօր մշակութային արժեքները մի քիչ փոխված են: Մեզ տրված ազատությունը պետք է կարողանանք ճիշտ օգտագործել… Նկարչության մեջ էլ պետք է գտնել այն էականը, գեղեցիկը, որը չի պարտադրում»: Համլետ Միքայելյանի նկարներում հիմնականում հայրենի Ջավախքն է, իսկ պատմվածքներում՝ նույնպես:
ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադեւոսյանն այսպես բնութագրեց Համլետ Միքայելյանին. «Նրա նկարներում խորը իմաստ, միտք կա, քանի որ այս նկարիչը նախեւառաջ մտածող մարդ է»:
Հ. Միքայելյանի 45 տարվա ընկեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանն էլ «Առավոտին» ասաց. «Չգիտեի, որ նա նաեւ նկարում է: Համլետի աշխատանքներում գույն ու մտածողություն կա, ամեն ինչ տեսնում է այնպես, ինչպես ուզում է. բնությունը՝ դեղինով, կանաչով: Նա ժամանակաշրջանը պատկերող հրաշալի պատմվածք էր գրել: Համլետն անկանխատեսելի, արտիստիկ մարդ է: Եթե վաղն ասի, որ Ամերիկայի «Ալեքս» թատրոնում անգլերեն «Համլետ» է խաղում, չեմ զարմանա»:
ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանն էլ հավելեց. «Մինչ այժմ ծանոթ չէի նրա նկարներին: Չնայած ընդամենը մի քանի տարվա փորձին, գիտի՝ ինչ է գույնը, արվեստը»: Նշենք, որ Հովհ. Թումանյանի թանգարանում բացված ցուցահանդեսը կշարունակվի մեկ շաբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել