Սովորաբար լրագրողները, մասնակցելով Գալուստ Սահակյանի ասուլիսներին, կենտրոնանում են ՀՀԿ փոխնախագահի՝ իր միտքն արտահայտելու չափազանց յուրօրինակ ձեւերի վրա: Իսկապես, պարոն Սահակյանի լեզուն չափազանց հյութեղ է, ինքնատիպ եւ այդ առումով կարող է նյութ տալ ոչ միայն լրագրողներին, այլեւ բանասեր-հետազոտողներին: Բայց այդ «արտաքին փայլի» հետեւից ընկնելով՝ մենք հաճախ աչքաթող ենք անում պատգամավորի ասածի բուն բովանդակությունը, որը երբեմն ավելի հետաքրքիր է: Օրինակ, իր երեկվա ասուլիսում պարոն Սահակյանը հետեւյալ գնահատականն է տվել ՀՀ երկրորդ նախագահին. «Ռոբերտ Քոչարյանը արարող նախագահ է եղել եւ չի հրաժարվել իր պոստից: Նա միշտ կարողացել է իր պոստում մնալ, եւ այն խնդիրները, որոնք իր առջեւ դրել է, կարծում եմ, լուծել է»: Այսպիսով, «արարող» ղեկավարի երկու գլխավոր հատկանիշներն են. ա/ իր պոստից չհրաժարվելը եւ բ/ իր առաջ դրված խնդիրներն իրականացնելը: Այս երկու հատկանիշներն էլ իսկապես առկա են նախկին նախագահի դեպքում: Օրինակ, մարդը իր առաջ նպատակ էր դրել ինտրիգների եւ բռնությունների միջոցով իշխանության գլուխ մնալու, Ղարաբաղի հարցը 10 տարի չլուծելու, սեփական ահռելի հարստությունը դիզելու եւ իսկապես ամբողջությամբ իրագործել է այդ նպատակները: Այլ հարց է, թե որքանով է դա առնչվում «արարման» հետ:
Վլադիմիր Վոյնովիչի «Մոնումենտալ քարոզչություն» վեպի հերոսներից մեկը այսպիսի գնահատական է տալիս. «Լենինը հիմարի մեկն էր. նա մի բան էր պատկերացնում, բայց բոլորովին մեկ այլ արդյունք ստացավ: Իսկ ահա Ստալինը խելացի էր՝ ինչին որ ձգտում էր, նրան էլ հասավ»: Եթե ընդունենք պարոն Սահակյանի մատնանշած չափանիշները, ապա աշխարհի «ամենաարարող» ղեկավարներից մեկը, անշուշտ, Ստալինն էր: Ի դեպ, նրա կողմնակիցները նույնպես նշում են, որ Ստալինի օրոք շինարարության ծավալներն այսքան էին, իսկ տնտեսական աճն այսքան տոկոս էր կազմում: Բայց արդյոք դա «փոխհատուցո՞ւմ է» միլիոնավոր մարդկանց սպանդը կամ սերնդեսերունդ անցնող վախն ու ստրկամտությունը:
Պատմության մեջ կան բազմաթիվ այլ ղեկավարներ, որոնք իրենց պոստից չեն հրաժարվել եւ իրենց նպատակներին հասել են՝ Հիտլերը, Մաոն, Ֆրանկոն, Թուրքմենբաշին, Հեյդար Ալիեւը: Հավանաբար, ցմահ են պաշտոնավարելու նաեւ Նազարբաեւը, Քարիմովը, Լուկաշենկոն, Իլհամ Ալիեւը: Նրանց ֆոնի վրա անկախ Հայաստանի երկրորդ նախագահը այնքան էլ «արարող» չէ. նա, ի պատիվ իրեն, ինքնակամ հրաժարվեց ցմահ ղեկավարելուց՝ ճիշտ է, պետության վզին դնելով հավելյալ մի քար՝ «մարտի 1-ի» տեսքով:
Մեկ այլ հայտնի գրական գործում՝ Ջորջ Օրուելի «1984»-ում գլխավոր հերոսը բանտում հարցնում է «արարողներից» մեկին. «Դուք, հավանաբար, այս ձեւով իշխանություն եք պահում՝ ինչ-որ լավ բան անելու համա՞ր»: Եվ ստանում է կտրուկ պատասխան. «Ոչ, իշխանության նպատակը իշխանությունն է»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Քննարկելու համար դուք պետք է գրանցված լինեք. ՄուտքԳրանցվել
Simon30/07/10 [13:09]
Ինձ թվում է, պարոն Աբրահամյան, որ հարգելի bzjackal-ը իրեն ուղղակի ձեւ է տվել... Ակնարկել, թե այս հոդվածում Գալուստ Սահակյանի հասցեին գովասանք կա` ոչ միայն ծիծաղելի է, այլեւ նման ակնարկի հեղինակի հումորի եւ մյուս զգացողությունների մասին ոչ այնքան նպաստավոր տպավորություն է թողնում
Ա.Աբրահամյան30/07/10 [12:18]
Սովորական հեգնանք է՝ բոլոր ընթերցողների եւ, վստահ եմ, նաեւ Ձեզ համար հասկանալի:
bzjackal30/07/10 [11:41]
«Յուրօրինակ արտահայտվել», «հյութեղ, ինքնատիպ լեզու» որակումները Գ. Սահակյանի տիպի մարդկանց կողմից, անկասկած, ընկալվում են որպես իրենց իրական արժանիքների գնահատական: Ա. Աբրահամյանն, անկասկած, ամենքից լավ գիտի սա: Այդ դեպքում հարց է առաջանում. ու՞մ համար է նախատեսված հենց այդպիսի շարադրանքը: Կարելի կլիներ սա ընդունել որպես սատիրա կամ սարկազմ, եթե խոսքը Գ. Սահակյանին չվերաբերվեր: Իսկ այնպես...Արդյո՞ք չի ստացվում, որ Ա. Աբրահամյանն էլ, գալուստսահակյաններից ոչ պակաս, voter-ի ասած՝ «արարած ունի» բոլորիս....
voter viparmenia.com30/07/10 [02:08]
Քոչարյանը անկասկած արարող է, նա Գալուստ Սահակյանին է արարել, քրեածին օլիգարխիա է արարել ու շարունակում է հայ ժողովրդին ամեն ձև արարած ունենալ։
Երեկ, ժամը 20.00-ի սահմաններում, Երեւան-Ապարան մայրուղու 13-րդ կմ-ի հատվածում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 1092 Լ պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի 03 ՍՕ 801 պետհամարանիշի ավտոմեքենային: Միկրոավտոբուսի վարորդը՝ Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 48-ամյա Մկրտիչ Կիրակոսյանը, ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: 11 ուղեւորները (այդ թվում՝ 8 անչափահաս) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոց, որտեղից 7 տուժած, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել: Ըստ բժիշկների՝ մյուս տուժածների վիճակը գնահատվում է ծանր եւ միջին ծանրության:
«Առավոտի» տեղեկություններով, թիվ 237 միկրոավտոբուսը տեղափոխում էր մանկական պարի խումբ, որը Վանաձորում տված համերգներից հետո վերադառնում էր Երեւան:
Ասում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը
Երեկ Հայ ազգային կոնգրեսում տեղի ունեցած քաղաքական խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ առաջին նախագահ եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որոշում է ընդունվել սեպտեմբերի 17-ին համապետական հանրահավաք անցկացնել, նաեւ Կոնգրեսի համապատասխան կառույցներին հանձնարարվել է ակտիվորեն զբաղվել հանրահավաքի նախապատրաստման աշխատանքներով: Կոնգրեսի այդ որոշումը ՀԱԿ-ին անդամակցող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը համարեց «ճիշտ ժամանակին կայացված որոշում»:
Նրա ասելով, իրավիճակն այսօր բավականին բարդ է ե՛ւ արտաքին քաղաքական հնարավոր զարգացումների առումով՝ նկատի ունենալով գլխավորապես Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ե՛ւ դրանով պայմանավորված՝ նաեւ ներքաղաքական համատեքստում, մանավանդ, որ ներքաղաքական գործընթացները, ըստ նրա, զարգանում են սոցիալական արդարության հաստատման, ամենաթողության ու օրենքի շրջանցման դեմ հասարակական տարբեր խավերի ծավալած լոկալ պայքարի ֆոնին: Ընդդիմադիր գործչի դիտարկմամբ, այդ բոլոր պրոցեսների հանրագումարը հասարակության ներսում նոր լիցքեր է կուտակում, որոնք Կոնգրեսը պետք է ճիշտ ուղղորդի՝ երկիրը օրինականության դաշտ տեղափոխելու, սահմանադրական կարգի վերականգնման եւ որպես դրա նախապայման՝ արտահերթ ընտրությունների անցկացմանը հասնելու համար: Ավելի հաճախակի հանրահավաքներ եւ զանգվածային միջոցառումներ անցկացնելու պահանջը, նաեւ ՀԱԿ-ի ներսում, վաղուց էլ կար: Ուրեմն՝ ինչո՞ւ հիմա հանրահավաքային շարժումը վերականգնելու որոշում ընդունվեց, ինչ-որ բա՞ն է փոխվել: Ըստ Պ. Մակեյանի՝ «Իրավիճակը Հայաստանում միշտ էլ պայմանավորված է եղել Ղարաբաղի հարցով, վերջին շրջանում՝ նաեւ հայ-թուրքական հարաբերություններով, տարածաշրջանային զարգացումներով:
Բայց այս հանգրվանում, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց իր ելույթում, երբ Արեւմուտքը Ղարաբաղի հարցի լուծումն առաջնահերթություն չի համարում, եւ ղարաբաղյան հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին էլ գտնվում է Ռուսաստանի ձեռքում, իրավիճակը Հայաստանի համար վտանգավոր է դառնում»: Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի համար վտանգավոր է նաեւ ԼՂ հարցում ստատուս-քվոյի պահպանումը, որը կարող է պայմանավորված լինել տարածաշրջանային ու նաեւ այդ խնդրի շուրջ գերտերությունների շահերի միջեւ եղած հակասություններով. «Այս իշխանությունների պարագայում եթե ստատուս-քվոն պահպանվի էլ, ապա զարգացումների ընթացքը բոլոր դեպքերում մեզ համար վտանգավոր է, մենք էլի տուժելու ենք: Ուստի՝ հիմա «դրսում» ստեղծված այս պաուզան մենք պետք է օգտագործենք ներքին ստատուս-քվոն փոխելու համար, եւ հանրահավաքային շարժման վերսկսումն այդ իմաստով բավականին լավ առիթ է, որպեսզի մենք կարողանանք հանրության ներսում կուտակված լիցքերը՝ թե՛ սոցիալական, թե՛ անարդարությունների առումով, ճիշտ ուղղորդել: Այդ դեպքում հնարավոր է, որ որոշակի զարգացումներ լինեն, եւ հասնենք արտահերթ ընտրությունների»:
Անդրադառնալով առաջիկայում Հայաստանում ծավալվելիք հնարավոր զարգացումներին, սահուն կերպով հերթական խորհրդարանական ընտրությունների գնալու հեռանկարին՝ Մակեյանը ասաց, որ սեպտեմբերին կայանալիք հանրահավաքը եւ Կոնգրեսի հետագա անելիքները ցույց կտան՝ առաջիկա ընտրությունները հերթակա՞ն, թե՞ արտահերթ կլինեն, իսկ առայժմ, նրա ասելով՝ դեռ վաղ է դրա մասին խոսել: Երեկ իր ասուլիսում ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ո՛չ ՀՀՇ-ն, ո՛չ էլ ՀԱԿ-ը խորհրդարան մտնելու հնարավորություն չունեն: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ՀՀՇ համագումարից առաջ, նա մամուլում հայտարարել էր, որ «եթե ՀՀՇ-ն ցուցակ ներկայացնի՝ խորհրդարանում տեղեր կունենա: ՀՀՇ-ն, բայց ո՛չ ՀԱԿ-ը»: Նա նաեւ հավաստիացրել է, թե ՀՀՇ համագումարը ցույց տվեց, որ այդ կուսակցության վերաբերյալ իր վերոհիշյալ դիտարկումներն այլեւս ժամանակավրեպ են: Արդյոք Գ. Սահակյանի այս վերջին սրբագրումները պայմանավորված էին ՀՀՇ համագումարից հետո այդ կուսակցությունում իշխանությունների ազդեցությունը կորցնելու եւ ծրագրված վնասարարությունը չեզոքացնելու հանգամանքո՞վ: Ի պատասխան մեր այս հարցին՝ Պետրոս Մակեյանը նետեց. «Ինչո՞ւ, Գալուստ Սահակյանը մեր ժամանակների Նոստրադամո՞ւսը, թե՞ Ահարոն Ադիբեկյանն է: Եթե դա նրա ցանկությունն է, կամ նա խոսել է կլանի պահպանման բնազդից ելնելով՝ հասկանալի է: Բայց իրեն ո՞վ է հարցնելու՝ մտնի՞, թե՞ չմտնի խորհրդարան: Կարծում եմ՝ այդ հայտարարությունը ՀՀՇ-ում տեղի ունեցած գործընթացների հետ կապ չունի. դա ընդամենը Գալուստ Սահակյանի ցանկությունն է, որը ցանկություն էլ կմնա»:
Նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը կարծում է, որ Նիկոյանն ու Սահակյանը առաջին նախագահին լավ չեն ճանաչում:
- ՀՀԿ-ականները, մի քանի օր առաջ Սամվել Նիկոյանը, երեկ էլ Գալուստ Սահակյանը, վերլուծելով ՀՀ առաջին նախագահի ելույթը ՀՀՇ համագումարում, պնդել են, որ այդ ելույթը առաջին նախագահի թոշակի գնալու պատրաստություն էր: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը, եթե ոչ, ապա ինչպե՞ս կմեկնաբանեք հանրապետականների ստացած տպավորությունները:
- Նախ ուզում եմ ընդգծել, որ ՀՀՇ համագումարում ունեցած Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ հանրապետականների եւ այլոց բուռն արձագանքը ակնհայտորեն արհեստականորեն չափազանցված էր: Կարծում եմ՝ առնվազն անլուրջ է Տեր-Պետրոսյանի տեսակետները կամ անելիքների ու մտահոգությունների շրջանակը գնահատել առանձին վերցրած մեկ ելույթում հնչեցրած մտքերով, նույնիսկ մեկ՝ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ իր ունեցած մոտեցումների առումով: Ուզում եմ հարց տալ նման եզրակացություններ անողներին՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հերթական ելույթում չանդրադառնա ղարաբաղյան հարցին, հաջորդ օրը պետք է հայտարարեն, որ առաջին նախագահին այլեւս չի՞ հետաքրքրում ղարաբաղյան թեման: Ինչ վերաբերում է հանրապետականների ստացած տպավորությունների իմ գնահատականին, ապա այն միանշանակ է. իշխանությունները, հանձինս հանրապետականների եւ այսպես կոչված՝ որոշ «չեզոք» վերլուծաբանների, իրենց կարծիքով՝ ամենահարմար առիթը գտան՝ հայրենասիրական եւ կեղծ ազգայնական ճառեր արտասանելով եւ Տեր-Պետրոսյանին պարտվողական, դավաճանական պիտակներ կպցնելով, կոծկելու վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերում ունեցած լուրջ ձախողումները եւ հասարակության ուշադրությունը շեղելու այդ հարցերում ստեղծված իրավիճակից: Միաժամանակ փորձ է արվում ռեժիմի ոչ հայանպաստ լուծումները ներկայացնելու որպես հաղթողական: Այս ամբողջ ոչ տեղին աժիոտաժի ետեւում ես վտանգավոր իրողություններ եմ տեսնում. այն է՝ ղարաբաղյան հարցում հասարակությանը պատրաստել մեզ համար իրապես ոչ նպաստավոր պայմանավորվածություններին: Ես միայն դրանով կարող եմ բացատրել Տեր-Պետրոսյանի ելույթի վաղուց հայտնի դրույթների վերաբերյալ այդքան աղավաղված մեկնաբանություններն ու գնահատականները հանրապետականների կողմից:
- Իսկ Ձեր գնահատականներով՝ ի՞նչ է ուզում ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը:
- Այն, ինչ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ համագումարում, այս կամ այն ձեւով կրկնել է բազմաթիվ անգամ: Այդ թվում նաեւ 2008 թ. նախագահական ընտրարշավի ընթացքում եւ հետընտրական հանրահավաքներում կամ գոնե իր որեւիցե ելույթում երբեք հակառակ պնդումներ չի արել: Ես քաղաքական մեկնաբան չեմ, սակայն իմ կարծիքով՝ վերջին ելույթում նա մեկ ճշտում կատարեց. ըստ իր տեսակետի՝ ղարաբաղյան կարգավորման խնդրում վերջին շրջանում էապես մեծացել է Ռուսաստանի դերը, եւ լրացուցիչ անգամ ՀՀ ապագայի վերաբերյալ քաղաքական հաշվարկներում խիստ կարեւորեց դեմոգրաֆական ֆակտորը. դեմոգրաֆական առումով ՀՀ-ի վիճակը կվատանա ինչպես պատերազմի դեպքում, այնպես էլ, եթե հանգամանքների բերումով հնարավոր լինի ստատուս-քվոն պահպանել ինչ-որ ժամանակով, եւ որ Հայաստանում դեմոգրաֆական վիճակը հնարավոր է բարելավել միայն խաղաղության դեպքում՝ անվտանգության եւ զարգացման երաշխիքներ ստեղծելով: Այս առումով, կարծում եմ, վերջին 15 տարիների դեմոգրաֆական իրողությունները հաստատում են Տեր-Պետրոսյանի տեսակետները այս հարցում: Հետաքրքիրն այն է, որ առաջին նախագահի ընդդիմախոսներից եւ ոչ մեկը վերոհիշյալ շեշտադրումների վերաբերյալ առարկություն չներկայացրեց, եւ բանավեճ չծավալվեց, ընդհակառակը՝ այն վերլուծաբանները, ովքեր անդրադարձան վերոհիշյալ հարցերին, համաձայնություն հայտնեցին:
- Մամուլում հրապարակումներ եղան, որ ԱՄՆ դեսպանը ջանում է հաշտեցնել Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հավանական համարո՞ւմ եք, որ խորհրդարանական ընտրությունների շեմին երկու նախագահները եւ նրանց գլխավորած թիմերը համաձայնության գան:
- Ես, իհարկե, չեմ կարող պատասխանել առաջին նախագահի փոխարեն եւ ՀԱԿ-ի քաղաքական խորհրդի անդամ չեմ, սակայն համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը հանուն խորհրդարանական տեղերի որեւէ համաձայնության չեն գնա մարտի 1 իրականացրած իշխանության հետ: Կարծում եմ՝ միակ հարցը ներքաղաքական առումով, որի մասին կարելի է խոսել իշխանությունների հետ, քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Ես, իհարկե, ֆորս-մաժորային իրավիճակները նկատի չունեմ:
- Երեկ կայացած խորհրդի նիստում ՀԱԿ-ը հանրահավաքային շրջանը վերսկսելու մասին որոշում կայացրեց: Դուք դա տեղի՞ն եք համարում, ուշացա՞ծ, թե՞ անպատեհ:
- Անձամբ ես կողմնակից եմ ՀԱԿ-ի ավելի ակտիվ գործողություններին եւ ուրախ եմ ՀԱԿ-ի՝ սեպտեմբերին հանրահավաքների վերսկսման որոշման համար: Իմ կարծիքով, քանի դեռ գոյություն ունի իշխանությունների կողմից տոտալ վերահսկողությունը էլեկտրոնային, այսինքն՝ ամենամասսայական լրատվամիջոցների նկատմամբ, ընդդիմությունը, անկախ իրավիճակից, կարիք է ունենալու պարբերաբար հանրահավաքներ կազմակերպելու՝ սեփական դիրքորոշումները քիչ թե շատ լայն լսարանին ներկայացնելու նպատակով: Ուզում եմ անդրադառնալ մեր ընդդիմախոսներին, որոնք այսօր օժտված են իշխանությամբ. եթե այդքան համոզված են իրենց դիրքորոշումներում, ապա թող չվախենան եւ գեթ մեկ անկախ հեռուստաընկերության եթեր տրամադրեն: Շուտով հեռուստաալիքների մրցույթը կկայանա, եւ «Ա1+»-ին եթեր տրամադրելու որոշումը կպատասխանի շատերին, թե որքան քաջ են եւ համոզված իրենց գաղափարների ճշմարտացիության մեջ Նիկոյանը, Սահակյանը եւ այլոք:
- Ձեր գնահատականներով՝ ի՞նչ տրամադրություններ են գերիշխում հանրության շրջանում, հանրահավաքները «բումային» կստացվե՞ն, եւ եթե ՀԱԿ-ը վերսկսի հանրահավաքները, որո՞նք պետք է լինեն առավելագույն եւ նվազագույն ակնկալիքները:
- Բոլոր նրանց համար, ովքեր հասկացել են ՀԱԿ-ի ռազմավարությունը, նման հարց գոյություն չունի: Ես համամիտ եմ Հրանտ Տեր-Աբրահամյանի գնահատականներին ՀԱԿ-ի գործունեության արդյունքների վերաբերյալ: Ձեր բնորոշմամբ՝ «բումային» սպասելիքներ այսօր ձեւավորելը կնշանակի նաեւ նպաստել ՀԱԿ-ի համակիր որոշ շրջանակներում հաջորդող հիասթափության զգացողության ձեւավորմանը: Ես, նաեւ հանրության մի ստվար հատվածը, սպասում ենք, որ առաջին նախագահը հերթական հանրահավաքում կանդրադառնա ներքաղաքական զարգացումներին եւ կհստակեցնի հետագա պայքարի ուղղություններն ու նշանակետերը։ Մի բան կարող եմ ենթադրել, որ ՀԱԿ-ի աշնանային հանրահավաքային ակտիվացումը կպատասխանի առաջին նախագահի՝ թոշակի գնալու ցանկության վերաբերյալ վերջերս հաճախակի հնչեցվող դատողություններին: Այդպիսի դատողություններ անողները պարզապես լավ չեն ճանաչում Լեւոն Տեր-Պետրոսյան գործչին:
Հարազատները չեն հավատում ՊՆ-ի առաջ քաշած՝ Արտակ Նազարյանի ինքնասպանության վարկածին:
Տավուշի մարզի զինվորական դիրքերում հուլիսի 27-ին հրազենից մահացել է 31-ամյա պայմանագրային զինծառայող, հենակետի ավագ, մասնագիտությամբ արեւելագետ, Թեհրանում Հայաստանի դեսպանի նախկին կցորդ Արտակ Նազարյանը: Նա պայմանագրային ծառայության էր անցել անցյալ տարվա դեկտեմբերին:
Lragir.am-ի փոխանցմամբ, հուլիսի 6-ին Արտակի մայրը այցելել էր որդուն եւ մի քանի օր մնացել, իմանալով, որ որդին խնդիրներ ունի սպաների հետ: Արտակի դիակը բերվել է Երեւան: Ծնողներին ասել են, թե նա ինքնասպանություն է գործել՝ ինքնաձիգից կրակելով բերանի մեջ: Հարազատները, սակայն, չէին հավատում այս վարկածին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ տարածեց հետեւյալ հաղորդագրությունը. «Հուլիսի 27-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը (ծնված 1979թ.), ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում: Կատարվում է հետաքննություն»:
Ի դեպ, ժամը 08.00-ի սահմաններում կատարվածի մասին պաշտպանության նախարարությունը ծնողներին հայտնել էր ժամը 17-ին: Երեկ փորձագիտական կենտրոնում ավարտվեց Ա. Նազարյանի դիահերձումը, որին ներկա գտնվեցին հարազատները: Ըստ մեր աղբյուրի, արտաքին զննությամբ Արտակի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բռնության հետքեր, թեւերի վրա հայտնաբերված վնասվածքները բնորոշվել են որպես բութ առարկայով հասցված: Նա վնասվածքները ստացել է մահվանից 6 ժամ առաջ:
«Որդուս սպանել են ժամեր առաջ, իսկ իրենք արդեն զբաղված են գործը կոծկելով»,- ըստ «Ա1+»-ի, ասում է Արտակի մայրը: Հարազատները Արտակի հետ խոսել են շաբաթ օրը, եւ մայրն ասում է, որ «տղաս ահավոր լարված ու անհանգիստ էր, տագնապը մեջը»: Մինչ այդ ծնողներն իմացել են, որ Արտակը խնդիրներ ունի զորամասում: Հրամանատարական կազմից կոնկրետ անձինք մշտապես հետապնդել ու ճնշել են Արտակին: Նրան համարել են թույլ հրամանատար, ով զինվորներին չի ծեծում եւ այլն: «Մամ ջան, ես ուրիշ հրամանատար եմ ուզում լինել զինվորների համար, այստեղ ուրիշ տեսակի մարդիկ են աշխատում: Ես չեմ ուզում նրանց նմանվել: Ես ուզում եմ հայրենասիրական մղումներ առաջացնել զինվորների մեջ»,- ասել էր մորը 10 օր առաջ հանդիպման ժամանակ: Տանից Արտակին հայոց պատմության գրքեր ու քարտեզներ են ուղարկել:
Հարազատները կտրականապես մերժում են Արտակի ինքնասպան լինելու հնարավորությունը: «Հանգիստ ու հավասարակշիռ մարդ էր եւ երբեք նման քայլի չէր գնա»,- համոզված են հարազատները, ովքեր վճռականություն են հայտնում, որ մինչեւ վերջ պայքարելու են գործը բացահայտելու եւ մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:
Արտակ Նազարյանը մեր գործընկեր Ծովինար Նազարյանի եղբայրն է:
Ծովինարը գտնվում էր Վաշինգտոնում եւ Հայաստան կվերադառնա հուլիսի 30-ին: «Առավոտը» ցավակցում է Նազարյաններին եւ հայտնում իր զորակցությունը:
«Առավոտի» հարցին՝ Հաագայի դատարանի որոշումից հետո Հայաստանը եւ ԼՂՀ-ն գործնականում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց. «Ամենաառաջինը, որ, այսպես կոչված, հայ քաղաքական իշխանությունները պետք է ձեռնարկեն՝ հստակեցնեն, թե իրենք ի՞նչ են ուզում եւ իրենց ուզածը իրավական հիմնավորումներով ներկայացնեն աշխարհին: Թե չէ՝ սկսեցին «Միացումով», այն ժամանակ, երբ ԱԻՄ-ն ասում էր միավորում՝ Արցախի ինքնորոշման ճանապարհով, հիմա «Միացումը» մոռացան, գոռում են՝ «Անկախություն»: Հայաստանի եւ Արցախի իշխանություններից մի բան էր պահանջվում՝ հասկանալ, որ մեկ միասնություն ենք, ունենք մեկ ելակետ, եւ որ մեր բոլոր գործողությունները միասնական կարելի է կոչել հայկական հարցի լուծում կամ Ցեղասպանության հետեւանքների վերացում: Ցեղասպանություն, որի գնահատականը մենք չենք տալիս, այլ ԵՄ-ն է տվել՝ 1915-23 թվականները, ներառյալ Արցախի հանձնումն Ադրբեջանին: Այս տեսակետով պետք է ասպարեզ իջնել եւ հարցն աշխարհի առջեւ այդպես էլ դնել՝ Հայկական պետությունն իր առաքելությունն է համարում աշխարհի, նաեւ թուրքերի հետ միասին, նվազագույնի հասցնել հայ ժողովրդին հասցված Ցեղասպանության հետեւանքները»:
«Թուրքիան նույն բանը Հայաստանի վրա երեք անգամ է ծախում»,- tert.am-ի փոխանցմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ խոսելով Վանի Սուրբ Խաչ եկեղեցու մասին: Ըստ նրա, Թուրքիան իր քաղաքականության մեջ զիջումները մաս-մաս անելու սովորություն ունի: Նրա կարծիքով, Թուրքիայի իշխանությունները եկեղեցու վրա կտեղադրեն խաչ եւ պատարագից հետո կհանեն, իսկ առավելագույնը՝ խաչը կտեղադրեն ու չեն հանի: Թուրքագետը հայտարարել է, որ սեպտեմբերը հայ-թուրքական հարաբերությունների առումով հարուստ օրակարգ կունենա, քանի որ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման արարողությունից զատ՝ նաեւ սպասվում են Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնց պետք է մասնակցեն նաեւ թուրքեր, բացի այդ, հոկտեմբերին լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին:
Երեկ «Էկոլուր» բնապահպանական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել որում ասված է. «Ոստիկաններն ուժով ցրեցին ռուսական ՎՏԲ բանկի մոտ Թեղուտի պաշտպանության խմբի կազմակերպած բողոքի ակցիան: Հրմշտոց սկսվեց, երբ ակցիայի մասնակիցները նստեցին բանկի աստիճաններին, եւ բանկի մուտքը փակվեց: Վնասվածք ստացավ Կանաչների կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը: Հարվածեցին Մարիամ Սուխուդյանին: Ցուցարարները զանգահարեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Որոշ ժամանակ անց ՎՏԲ-ի մոտ եկավ Օմբուդսմենի ներկայացուցիչ Արմեն Մաշյանը, որը ակտիվիստներից տեղի ունեցածը լսելուց հետո ասաց. «Մենք կորոշենք՝ ինչ անենք» եւ հեռացավ»:
Հրմշտոցից առաջ, ինչպես վկայում է ցույցին ներկա «Առավոտի» թղթակիցը, ոստիկանները մի քանի անգամ դիմել են ցուցարարներին. «Էրեխեք ջան, դուք ձեր ցույցը արեք, բայց բանկի մուտքը մի փակեք, թող այցելուները ազատ մտնեն, դուրս գան»: Սակայն ցուցարարները իրենց բողոքը տեղ հասցնելու համար անհրաժեշտ գտան փակել ՎՏԲ-ի մուտքը:
Հայ ազգային կոնգրեսում կարծում են, որ իշխանությունների կողմից սադրանքները շարունակվում են: Նրանք այս համատեքստում են տեսնում նաեւ հուլիսի 21-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում հարուցված քրեական գործը, որով անցնող թե՛ տուժողը՝ նախկին քաղբանտարկյալ Քրիստափոր Էլազյանը, եւ թե՛ մեղադրյալները՝ ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանն ու Առաքել Սեմիրջյանը, ՀԱԿ-ի անդամներ են: «Քանի որ մենք պարբերաբար գործում ենք իշխանությունների կողմից մշտական սադրանքների մթնոլորտում, ՀԱԿ-ն ունի իր մարտավարությունը՝ նման դեպքերում մենք բոլոր հարցերի պատասխանները տալիս ենք դռնբաց դատական նիստի ընթացքում»,- «Ա1+»-ին ասել է ՀԱԿ-ի Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի անդամ Արմեն Խաչատրյանը:
Ի՞ՆՉ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԱՐՎԵԼՈՒ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Դրանք առիթ են դարձել դատաիրավական բարեփոխումների նոր փուլի համար
ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հունիսին կայացած նիստում, երբ քննարկվում էր Հայաստանի հարցը՝ ներկաներին էր բաժանվել ՀՀ արդարադատության նախարարության կազմած ամփոփ ուղեցույցը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ՀՀ-ում «Դատավարությունների դիտարկում» զեկույցից բխող օրենսդրական եւ գործնական միջոցառումների մասին:
Բավական ծավալուն այս փաստաթղթից որոշ մեջբերումներ անենք, որոնք պատկերացում են տալիս, թե մարտի 1-ի գործերով դատավարությունների դիտարկման վերաբերյալ այլ զեկույցից հետո ինչ բարեփոխումներ են մտադիր իրականացնել իշխանությունները:
ՀՀ նախագահի ապրիլի 26-ի կարգադրությամբ ստեղծվել էր հանձնաժողով, որը մեկամսյա ժամկետում պետք է քննարկեր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում արտացոլված առաջարկություններից բխող անհրաժեշտ քայլերը: Մայիսի 26-ին կայացել էր հանձնաժողովի անդրանիկ նիստը, որտեղ այդ զեկույցի «Համակարգված առաջարկություններ» բաժնում ներառված բոլոր առաջարկությունների վերաբերյալ յուրաքանչյուր կետով կայացվել էր առանձին որոշում: Ահա մի քանիսն այդ 41 որոշումներից:
Այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու առնչությամբ դատական պրակտիկայի, ինչպես նաեւ համապատասխան օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու հարցը համարվել է միանշանակ ընդունելի:
Որոշվել է ներդնել այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան մեղադրյալին մինչդատական վարույթում հարցաքննելու իր դեմ վկայած անձանց:
Դատաքննության ընթացքում ցուցմունք չտված վկաների եւ փորձագետների գրավոր ցուցմունքները դատարանում որպես ապացույց չընդունելու վերաբերյալ առաջարկությունը համարվել է կիրառելի:
Պաշտպանի բացակայությամբ անձի հարցաքննության արդյունքները դատարանում (անգամ, եթե անձը հրաժարվել է պաշտպանից) որպես ապացույց չհամարելու վերաբերյալ առաջարկության առնչությամբ որոշվել է հանգամանալից ուսումնասիրություններ կատարել եւ դրանց արդյունքներով կայացնել վերջնական որոշում:
Դատավորների կողմից խոշտանգումների եւ ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ արված բոլոր հայտարարություններին արձագանքելու, ինչպես նաեւ այդ առնչությամբ տեղեկություններն իրավասու մարմիններին փոխանցելու վերաբերյալ առաջարկությունը համարվել է կիրառելի:
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքերում քրեական հետապնդում, ինչպես նաեւ սանկցիաներ կիրառելու հիմքերի վերանայման անհրաժեշտությունը, ինչպես նշված է արդարադատության նախարարության կազմած ուղեցույցում՝ համարժեք է գնահատվել նաեւ ԱԺ պատգամավորների կողմից. «Ընդ որում, հարցի անհրաժեշտությունը նկատվել է մինչեւ զեկույցի առաջ գալը, քանզի ԱԺ պատգամավորներն օրենսդրական նախաձեռնության կարգով արդեն իսկ պաշտոնական շրջանառության մեջ էին դրել մի շարք օրինագծեր, որոնցով համապատասխան փոփոխություններ ու լրացումներ են նախատեսված»:
Կալանավորման հարցի վերաբերյալ ցանկացած բողոք կալանավորված անձի ներկայությամբ քննության առնելու վերաբերյալ առաջարկությունը համարվել է անվերապահորեն ընդունելի. «Այդ առնչությամբ նաեւ հանձնարարված է Դատաիրավական բարեփոխումների 2-րդ փուլի ծրագրի պատասխանատուներին միջոցներ ձեռնարկել քրեակատարողական հիմնարկները, ինչպես նաեւ ձերբակալվածներին ու կալանավորվածներին պահելու վայրերն ապահովել համապատասխան էլեկտրոնային համակարգերով, ինչը հնարավորություն կտա քննության ընթացքում անմիջական հեռակապ հաստատել կասկածյալի կամ մեղադրյալի հետ»:
Դատարանների կողմից խափանման միջոց ընտրելիս ՀՀ վճռաբեկ դատարանի, ինչպես նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային դատական ակտերով ղեկավարվելու վերաբերյալ առաջարկությունը եւս համարվել է անվերապահորեն ընդունելի, եւ ընդունվել է որոշում՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու մասին:
Ուղեցույցում նշված է. «Կողմերի նկատմամբ դատավորների կողմից հավասար վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ առաջարկությունը վերաբերում է դատավորների վերապատրաստման ոլորտին, ուստի համապատասխան առաջարկություն է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին՝ ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով հիշյալ հարցադրումը վերապատրաստման ծրագրերում ընդգրկելու համար միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ»:
Դատավորների դեմ բերված բողոքների պատշաճ քննարկման եւ այդ կապակցությամբ բավարար հիմքերի առկայության դեպքում կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունը եւս համարվել է միանշանակ ընդունելի, ինչի առնչությամբ առաջարկվել է ՀՀ արդարադատության խորհրդին նկատի ունենալ սույն նկատառումը եւ հաշվի առնել իրենց հետագա գործունեությունում:
Զեկույցում առաջարկ կա դատական կարգադրիչների ծառայության վարքագծի կանոնակարգի մասին, որի առնչությամբ նշված է. «Սույն փաստաթուղթը պատրաստելու պահին դատական դեպարտամենտում արդեն իսկ մշակվել է դատական կարգադրիչների վարքագծի կանոնների նախագիծ, որը Դատավորների նախագահների խորհրդի առաջիկա նիստում դրվելու է քննարկման»:
Խոշտանգումների կիրառման անթույլատրելիության հարցերով բժշկական անձնակազմի, ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրերի պատասխանատու ծառայողների համար դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ առաջարկության կապակցությամբ «համապատասխան գրություններ են ուղարկվել պատասխանատու պետական կառույցների ղեկավարներին»:
Իրավական օգնության քաղաքականությունը վերանայելու վերաբերյալ առաջարկության առնչությամբ հայտնվել է, որ համապատասխան դրույթներ են ներառվել ՀՀ կառավարության նախաձեռնությամբ պաշտոնական շրջանառության մեջ դրված «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծում:
Զեկույցի հարցադրումների առնչությամբ մշակված օրենսդրական դրույթները նպատակահարմար են գտել ներառել Քրեական դատավարության օրենսգրքի մշակվելիք նախագծում, որի վերջնական տեքստը պատրաստելու համար ՀՀ նախագահի կարգադրությամբ վերջնաժամկետ է նշանակվել 2011թ. մարտի 1-ը:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը օտարալեզու դպրոցներ բացելու հակառակորդների հաղթանակն է համարում, որ իր վերջին հարցազրույցում վարչապետը խոսում էր արդեն միայն այլընտրանքային դպրոցների մասին:
«Ազդակ» ակումբում երեկ հյուրընկալված ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում ՀՀ կառավարության պատվերով իրականացված սոցիոլոգիական հարցման այն արդյունքներին, ըստ որոնց՝ պարզվում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն իր նախորդներից տարբերվում է հետեւողականությամբ ու ծրագրերն ավարտին հասցնելու ունակությամբ, նրան ավելի է բնորոշ ժողովրդի եւ պետության շահերին ու խոցելի խմբերին ուղղվածությունը եւ այլն: Ընդ որում, նույն հարցման «Ո՞րն է, ըստ ձեզ, կառավարության ամենաարդյունավետ քայլը վերջին մեկ տարվա ընթացքում» հարցին մեծամասնությունը՝ 33%-ը պատասխանել էր, թե կառավարությունը ոչ մի արդյունավետ քայլ չի արել վերջին տարվա ընթացքում: Գալուստ Սահակյանը ներկա կառավարությունը նախորդների հետ համեմատելն անվանեց «տաֆտալոգիա»՝ հաշվի առնելով, թե ամեն կառավարություն գործում է տարբեր պայմաններում, եւ հավելեց, թե Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության տարիներին «կերտվեց պետական չինովնիկի կերպարը: Դա հաղթահարել, կարծում եմ՝ ապագայում որեւէ կառավարություն չի կարողանա: Իսկ գործող կառավարության գործունեությունն այնքանով է դրական, որ վերջին հաշվով՝ գործեց ճգնաժամային պայմաններում: Եվ կարծում եմ, որոշակիորեն դրսեւորումներ ունեցավ՝ դրական իմաստով»: Հարցման այն տվյալի մասին, թե կառավարությունը վերջին տարում ոչ մի արդյունավետ քայլ չի արել՝ ասաց. «Եթե նույնիսկ կառավարությունը որեւէ վրիպում էլ թույլ տված չլիներ՝ ժողովրդի 33%-ն էլ, 40%-ն էլ դժգոհ կլինեին, քանի որ սոցիալական վիճակն այդպիսին է: Եվ պիտի անպատվեն ե՛ւ կառավարությանը, ե՛ւ մեզ, ե՛ւ ընդհանրապես իշխանություններին»:
Հարցին, թե ընդհանրապես հավատո՞ւմ է սոցհարցումներին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Հիմա այսպես է դարձել, որ ես ինքս էլ կարող եմ ասել՝ հարցում եմ արել: Ո՞վ է ստուգողը, ո՞վ է տեսնողը: Մտքերը, որ կուտակվում են ինչ-որ տեղ՝ ասում են, թե ժողովրդից արդեն հարցրել ենք: Բավականին բարդ գործընթաց է ժողովրդից հարցնելը»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ թեեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, որ օտարալեզու դպրոցներ հիմնելու վերաբերյալ նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելով՝ իրենց օրակարգում միայն Դիլիջանի եւ Թաիլանդի դպրոցներին գործելու հնարավորություն տալու խնդիրն էր, սակայն անգամ այն բանից հետո, երբ այդ դպրոցներից մեկի ղեկավարը հայտարարեց, թե առաջիկայում Հայաստանում մասնաճյուղ բացելու մտադրություն չունեն, իսկ երկրորդը, թե մտադիր են կասեցնել այդ ծրագիրն ու տվյալ փոփոխություններն իրենց անհրաժեշտ չէին՝ կառավարությունը կարծես մտադիր չէ շրջանառությունից հանել այս նախաձեռնությունը: «Ես ինքս էլ մտադրություն չունեմ, որ օրակարգից դուրս գա, որովհետեւ խնդիրը կա՛ արդեն, խնդիրը քննարկվել է եւ նաեւ քննարկման փուլում է,- պատասխանեց Գալուստ Սահակյանը:- Դրա փոխարեն պիտի հորդորեմ, որ աշնանը լսումների ժամանակ նոր բանաձեւումներ լինեն, նոր քննարկման նյութ առաջանա: Առավել եւս, պիտի կարողանաք նաեւ զգալի դարձնել, որ լրագրողների հետ վարչապետի հարցազրույցում երբե՛ք օտարալեզու դպրոց արտահայտություն չկար՝ կար այլընտրանքային դպրոց հասկացողությունը: Իսկ սա, ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք կողմնակից են, որպեսզի հայոց լեզուն լիովին օգտագործվի որպես ազգի գործիք՝ նրանց հաղթանակն է, այս իմաստով: Եվ կարծում եմ, որ աշնանը կարող է նոր արձանագրումներ լինեն. ես ինքս էլ եմ աշխատում դրանց վրա: Համենայնդեպս՝ սկզբունքը հետեւյալն է. մենք պիտի կարողանանք որոշակիորեն ինտեգրվել աշխարհի կրթական գործընթացներին: Եթե այլ բանաձեւում կլինի, բնականաբար՝ ինձ համար շատ հաճելի կլինի ե՛ւ քննարկելը, ե՛ւ ընդունելը: Այսինքն, ես կողմնակից չեմ, որ ասեմ՝ ոչինչ պետք չէ անել: Ոչինչ չանելը ոչինչ չի տալիս»:
Մեր կենդանաբանական այգու արու կենդանիները ստիպված իրենց կյանքը
կապում են տանը մնացած ու տարիքն առած հարսնացուների հետ:
Ուկրաինայից բերած հովազը հաշմանդամ է:
Երեւանի կենդանաբանական այգին, որը պետական ֆինանսավորում է ստանում քաղաքապետարանից, ստեղծված է կենդանասեր հասարակությանը հաճույք պատճառելու, զվարճացնելու եւ կենդանիների հետ կապված նրանց հետաքրքրությունները բավարարելու համար: Սակայն մեր կենդանաբանական այգին, որքան էլ ֆինանսավորում ստանա կենդանիներ գնելու, նրանց կերի, աշխատակիցների աշխատավարձերի համար՝ չի կարող ծառայել ո՛չ կենդանիներ սիրող մեծերին, ոչ էլ երեխաներին: Հատկապես հոտառության հետ խնդիրներ չունեցող երեխաներն այնտեղից հեռանում են հեծկլտալով: Վանդակների մոտից այնպիսի տհաճ ու անտանելի գարշահոտ է «բուրում», որ շատերը, որքան էլ ծնողները համոզում են, կտրականապես հրաժարվում են մոտենալ վանդակներին ու տեսնել, թե ինչ է անում գայլը, աղվեսը, անգղը, ուղտը կամ արջը, էլ ուր մնաց, թե զվարճանան կամ հաճույք ստանան: Հատկապես գայլի, աղվեսի ու կատվի վանդակներին մոտենալիս՝ հոտից երեխաների աչքերը մրմռում են: Փոքրիկները ստիպված ծնողների ձեռքից քաշում էին ու խնդրում՝ էլ վերեւ չբարձրանալ: Երեխաներից մեկը մորը թախանձագին խնդրում էր իրեն ընդամենը պաղպաղակ առնել ու տանել տուն:
Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը «Առավոտի» հետ զրույցում չհերքեց, որ գազանանոցը, մեղմ ասած, վատ վիճակում է եւ «տհաճորեն բուրում» է: Նրա խոսքերով՝ «Չեմ առարկում, որ այդպես է, բայց մենք ոչինչ անել չենք կարող: Որ ասեմ՝ չենք լվանում, տակները չենք մաքրում, այդպես չէ. մեր աշխատակիցներն ամեն օր մաքրում են, բայց քանի որ տակը բետոն է՝ կենդանիները մի հատ միզում են, նորից գարշահոտ է լինում: Դա մեծ խնդիր է այգու համար, մանավանդ այս շոգին հոտն ավելի է սրվել, եթե կարողանայինք կենդանիներին հողի վրա պահել՝ այդպիսի հոտ չէր գա: Բայց դա մեծ ֆինանսների ու ծախսերի հետ է կապված, իսկ մենք այդքան փող չունենք: Ես էլ եմ շրջում ու տեսնում, որ հատկապես կատուների ու շնաձկների մոտ հոտն ահավոր է, բայց հուսով սպասում ենք, որ կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրով այդ խնդիրը վերջնականապես կլուծվի»: Նշենք, որ կենդանաբանական այգի այցելում են ոչ միայն մեր բնակչությունը, այլեւ շատ զբոսաշրջիկներ: Մի քանի ֆոտոապարատներով ու տեսախցիկներով զինված տուրիստները, որոնք, հիանալու ու զարմանալու տրամադրվածությամբ, գալիս են գազանանոց՝ նույնիսկ չեն ուզում տեսախցիկները միացնել:
Կիրակի օրը Ռուսաստանից մի քանի զբոսաշրջիկներ էին այցելել ու կարողացել էին միայն առյուծների վանդակի մոտ մի քանի րոպե կանգնել եւ լուսանկարվել: Նրանք խոստովանում էին, որ բացի այն, որ մեր կենդանաբանական այգու պայմանները վատն են ու առանձնապես շատ բան չունենք զարմացնելու, հոտը ստիպում է Հայաստանի մասին ունեցած բոլոր լավ տպավորությունները ջնջել: Սահակ Աբովյանը տեղեկացրեց, որ առյուծների վանդակների տակ հող է, դրա համար էլ այդ հատվածում մարդիկ հոտից մի փոքր ազատվում են:
Գազանանոցում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի ընդհանուր անտարբերության տեսարանում աչքի էր ընկնում հատկապես հովազի վանդակի մոտ հավաքված հանրությունը: Երբ մոտեցանք, պարզվեց՝ հովազի թաթը կտրած էր: Հաշմանդամ կենդանու տառապանքը կարողացել էր իր շուրջը այցելու հավաքել: Հաշվի առնելով, թե ինչպես վերջացավ հանրահայտ Մաշա փղիկի ու Գրանդիկի ամուսնությունն, ու նորահարսի վաղաժամ մահով ինչպես դժբախտացավ մեր փղիկի կյանքը՝ մարդիկ նայում էին վիրավոր հովազին ու մտահոգվում, որ մեր կենսդանաբանական այգին կենդանիներին այնքան էլ լավ չի նայում:
Սակայն Ս. Աբովյանը պարզաբանեց, որ հովազին հենց այդպես՝ թաթը կտրած էլ բերել են. «Մենք արու ունեինք, այս հովազին Ուկրաինայից բերեցինք, որ ընտանիք կազմեն, բայց, կարծես թե, մեր արուն այդ հովազին չի ուզում մոտենալ, ոչինչ չի ստացվում, քանի տարի է բերել ենք՝ չեն զուգավորվում ու ձագ չեն ունենում»: Մեր հարցին, թե գուցե հաշմանդամ հարսնացուն մեր փեսայի դուրը չի գալիս, սիրտը չի կպնում, մի լավ տեղից տնական հովազուհի չկա՞ր, որ հարս բերեիք՝ պարոն Աբովյանը պատասխանեց. «Նախ, մենք էդ հովազի համար փող չենք տվել՝ ձրի է, թե չէ նման վիրավոր կենդանու չէինք բերի: Նվեր է, մենք էլ մտածում էինք՝ փորձենք կապել մեր արուին, բայց զոռով չի, համոզելով չի՝ մեր արուն չի ուզում: Հետո հարսնացուն տարիքով մեծ է, հնարավոր է դրանից էլ է, որ չի ուզում»:
Հիշեցնենք, որ Մաշային հարս բերելուց հետո էլ մեր կենդանաբանական այգու տնօրինությունը շեշտում էր, որ նա տարիքն առած է եւ գուցե դրա համար է, որ Գրանդիկը նրան չէր մոտենում: Փաստորեն, մեր գազանանոցի չամուսնացած կենդանիները բավականին դժբախտ ճակատագիր ունեն. ջահել հարսնացուները «թանկ հաճույք» են, ու մեր աղքատ երկիրը չի կարող նման կենդանիների ձեռքը խնդրել, ստիպված բավարարվում է տանը մնացած, պառաված «օրիորդներով»: Դա էլ մեր «թառլան» փեսաների ճակատագրի, հետագա զարգացման վրա խաչ է դնում:
40 տարի անց ավերակ Գյումրին տեխնոքաղաքի վերածելու նպատակով ՀՀ կառավարությունն այս տարվա պետական բյուջեից 200 մլն դրամ է հատկացրել:
Արդեն 2-րդ տարին է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գյումրեցի մտավորականների ուշադրությունը կենտրոնացնում է մի նախագծի վրա, որի իրագործման հավանականությունը նրանց համար միֆ է թվում: Ինչպես հայտնի է՝ կառավարությունը 2008-ին հայեցակարգ է մշակել օտարերկրյա ներդրողների հաշվին Գյումրին գերժամանակակից քաղաք, ավելի ճիշտ տեխնոքաղաք դարձնել, աշխարհի լավագույն ուսանողներին կրթելու համար Գյումրի բերել: Երեկ այս ծրագրի հերթական քննարկումն էր Գյումրիի «Արաքս» հյուրանոցում: Գյումրեցի գիտնականներն այս անգամ չկարողացան թաքցնել իրենց թերահավատությունն ու վրդովմունքը: Մինչ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը հիացած ներկայացնում էր ծրագրի առավելությունները, նախագծի հեղինակներից մեկն էլ՝ Գյումրիի նախկին ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, մանրամասնում էր, թե ինչ է տեխնոպարկը, որտեղ է ստեղծվելու, ինչ հեռանկարներ ունի եւ այլն: Գյումրեցի գիտնական Գուրգեն Ավետիսյանը հարցրեց, թե մինչ այժմ ինչքա՞ն գումար է ծախսվել այդ ուտոպիստական գաղափարի համար: «Ես լավ գիտեմ՝ ինչքան եք ծախսել, ձեր հիշողությունն եմ փորձում»,- խայթեց գիտնականը: Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ մոտ 50 մլն դրամ է ծախսվել:
Տեղեկացնենք, որ տեխնոպարկը սկզբում տեղադրելու են Գյումրիի մանկավարժական ինստիտուտի հին շենքում, այնուհետ տեղափոխելու են պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի տարածք՝ այստեղից 55 հա հողատարածք հատկացված է այդ նպատակի համար: Մասնակիցներին հետաքրքրում էր, թե ի՞նչ միջոցներով ու ինչքա՞ն ժամանակ կտեւի տեխնոպարկի կառուցումը, իրենք գոնե կենդանի կլինե՞ն ու կտեսնե՞ն: «Մեր հաշվարկներով, 55 հա տարածքի 30%-ը կառուցապատվելու է, 1քմ-ի արժեքը եթե $1000 հաշվենք, ապա 450 մլն կպահանջվի»,- պարզաբանեցին մասնակիցներին:
Սակայն «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը ընդհատեց՝ ասելով, որ նախապես սրա մասին խոսել չի կարելի: «Դեռ պիտի քննարկենք, տեսնենք՝ ի՞նչ մտքեր կարող ենք ներդնել, նոր կներկայացնենք ինվեստորներին, սա մի այնպիսի ռեալ գաղափար պետք է լինի, որ նրանց մոտ ցանկություն առաջանա ներդրումներ կատարել, 10-15 տարի սկիզբը կտեւի, իսկ 40 տարի անց կլինի վերջնական, էս բուհում լավագույն ուսանողներ են սովորելու, դա տեխնոպարկի բուհն է լինելու, բայց ոչ վաղը»: Գյումրեցի գիտնական Գ. Ավետիսյանն ասաց. «Գյումրիում 44 հիմնարկ-ձեռնարկություն կար, որոնց փոխարեն այժմ տներ են կառուցված, լավ չէ՞ր լինի նախարարությունը դրանցից մեկը վերցներ, տարածքը նպատակային օգտագործեր, արդյունքը տեսներ, նոր որոշեր Գյումրիին տեխնոպարկ է անհրաժեշտ, թե՞ կոսմոպարկ, այլապես կներեք, սա շոուի պես մի բան է»:
Գիտնականի քննադատությանն ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը հիշեցրեց, որ գործարանները վաղուց մասնավորեցվել են: «Ի՞նչ է նշանակում, թե մասնավորեցվել են, դուք գիտե՞ք տեքստիլ կոմբինատը քանի հեկտար տարածք ունի»,-հակադարձեց գիտնականը: Ու լսելով նախարարության աշխատակցի՝ «չգիտեմ» պատասխանը, ավելի զայրացավ. «Ուսումնասիրեք, նոր Գյումրիում գործ սկսեք»: Մյուս մասնակիցները եւս քննադատեցին նախագիծը՝ հատ-հատ հիշեցնելով կառավարության մյուս խոստումները, ըստ որոնց, Գյումրիում բնամթերքների մթերման կենտրոն պիտի հիմնեին, Ամերիկյան համալսարան եւ այլն: «Գյումրիից մտավոր ներուժը գնում է, ինչո՞վ եք աշխատեցնելու տեխնոպարկը, ձեր ասածը նման է թագավոր՝ ավերակների վրա, կարող եք այնպես արեք, որ մարդիկ այս պահին գործազրկության պատճառով հարկադրաբար չլքեն քաղաքը, թե չէ արդեն 4-րդ անգամն է՝ գալիս, քննարկում, գնում եք, ո՞ւմ է պետք»,- դժգոհեց ներկաներից մեկը:
Երեկ «Առավոտը» ստացել է Երեան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պարզաբանումը, որում, մասնավորապես, գրված էր. «Հարգելի խմբագրություն, Ձեր թերթի հուլիսի 27-ի համարում տպագրված «Խաղահրապարակի դեֆիցիտ է» վերնագրով հոդվածի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արցախի պողոտայում խաղահրապարակի «դեֆիցիտ» է արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը: Արցախի պողոտայի բազմաբնակարան շենքերով շրջապատված 6 բակային տարածքներից 4-ում կան խաղահրապարակներ՝ համապատասխան խաղերով: Արցախի 10ա, բ, վ, գ, դ շենքերով պարփակված տարածքում կահավորվել եւ գործում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան մինի ֆուտբոլի խաղադաշտ, որը հարմարեցված է նաեւ որպես բասկետբոլի խաղահրապարակ: Խաղադաշտեր կան Արցախի պողոտայի 1, 8, 8/1, 8/2, 8/3, ինչպես նաեւ 20, 21, 22 շենքերի բակերում: Բազմաթիվ բակերում (օրինակ՝ Արցախի 1, 10բ, գ, դ, 18, 22) տեղադրվել են զրուցարաններ:
Բացի այդ՝ 2009-2010թթ. Երեւանի քաղաքապետարանի եւ Էրեբունի վարչական շրջանի ծրագրերով զգալի աշխատանքներ են կատարվել Էրեբունի վարչական շրջանի տարբեր հատվածներում, այդ թվում նաեւ Արցախի պողոտայում: Մասնավորապես ասֆալտապատված են պողոտայի բոլոր բակային տարածքները, որոնք ապահովված են նաեւ գիշերային լուսավորությամբ: Թիվ 24 շենքի բակային տարածքում ներկայումս տեղադրվում են արտասահմանյան արտադրության ժամանակակից խաղային ատրակցիոններ: Մնացած այն բակերում, որտեղ տարածքները հնարավորություն են ընձեռում՝ խաղային ատրակցիոններ կտեղադրվեն հաջորդ տարվա ծրագրերով:
Տեղեկացնենք նաեւ, որ այս տարի միայն Արցախի փողոցում նորոգվել է շուրջ 2000քմ հարթ տանիք: Բազմաբնակարան մի շարք շենքերի (Արցախի 1, 1բ, 18, 20, 21, 22 եւ այլն) շքամուտքերում տեղադրվել են ժամանակակից, այդ թվում նաեւ թվային կոդավորումով մուտքի դռներ»:
Հուլիսի 27-ից ուժի մեջ են մտել ԻԻՀ նկատմամբ Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցները, որոնք տարածվում են նաեւ իրանական «Մելլաթ» բանկի հայաստանյան մասնաճյուղի վրա: Չկարողանալով միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ Թեհրանի հետ՝ երկուշաբթի օրը ԵՄ արտգործնախարարների խորհուրդը լրացուցիչ պատժամիջոցներ մտցրեց Իրանի նկատմամբ, որոնց հիմնական թիրախը դարձան իրանական բանկերը, օդային ու ծովային ուղիներով ապրանքներ փոխադրող ընկերությունները, նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Եվրոպական ընտանիքի պատմության մեջ երբեւէ ընդունված ամենախիստ այդ սահմանափակումներով Բրյուսելը սառեցրեց 10 բանկային խմբերի, 6 ավիաընկերությունների, ավելի քան 20 ձեռնարկությունների հաշիվները եվրոպական բանկերում՝ պնդելով, թե դրանք աջակցում ու նպաստում են Իրանի միջուկային ծրագրի իրագործմանը: «Պատժված» բանկերի ցանկում են հայտնվել «Մելլաթ» բանկի բրիտանական եւ հայաստանյան մասնաճյուղերը, «Ռեֆահ» բանկը, Սադերատ Իրանը, ինչպես նաեւ «Մելլի» բանկի հետ առնչություն ունեցող ավելի քան 15 ընկերություններ: Նոր սահմանափակումներն արգելում են եվրոպական ներդրումները Իրանի գազի ու նավթի արդյունաբերության ոլորտում, ինչպես նաեւ՝ մի շարք բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների մուտքը Եվրոպա:
Եթե սահմանված սանիտարական չափորոշիչներով նայենք՝ Հայաստանում նորմալ դպրոց չկա ու դժվար թե առաջիկայում լինի:
«Աղջիկների եւ տղաների հանդերձարանները պետք է լինեն 10,5 քմ տարածքով, ցնցուղարանները՝ 9 քմ տարածքով, զուգարանները պետք է նվազագույնը լինեն 8 քմ տարածքով, ննջարանային մասը պետք է ներառի առանձին լվացարաններ, զուգարաններ, կոշիկները եւ հագուստը մաքրելու համար, ինչպես նաեւ հիգիենայի սենյակներ: Ննջասենյակներին կից նպատակահարմար է տեղակայել ցնցուղարաններ...»,- սա մեր օլիգարխներից մեկի անձնական մարզասրահի հարմարությունների նկարագրությունը չէ, այլ հանրակրթական դպրոցների կառուցվածքի եւ պահպանման համար սահմանված սանիտարական կանոններն են, որի համար կա առողջապահության նախարարի հրամանը: Ըստ այդ նորմերի՝ մեր դպրոցներում աշակերտների համար պետք է ստեղծվեն իդեալական պայմաններ, մինչեւ իսկ սահմանված է, որ բարձր դասարանի աշակերտուհիների համար պետք է լինեն հարդարման, կանանց հիգիենայի սենյակներ՝ յուրաքանչուր 70 հոգու համար մեկ խցիկ՝ 3 քմ-ից ոչ պակաս տարածքով, էլեկտրաչորացուցիչներով պետքարաններ, այնպիսի պայմաններ, որոնք այսօր միայն շքեղ ռեստորաններում ու ժամանցի օբյեկտներում կարելի է գտնել: Դպրոցը պետք է ունենա մեկ զուգարանակոնք՝ 20 աղջկա, մեկ լվացարան՝ 30 աղջկա համար, մեկ զուգարանակոնք, լվացարան եւ 0,5 միզարան՝ 30 տղայի համար: Պարզ է, որ հանրապետության ոչ մի դպրոցում այս չափանիշները չեն պահպանվում: Սա «Առավոտի» հետ զրույցում հաստատեցին նաեւ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից. «Առ այսօր գոնե մի դպրոց չի ապացուցել, որ նորմալ է եւ համապատասխանում է այդ նորմերին»: Այդ դեպքում, թե ինչու ստուգումներ չեն անում ու չեն տուգանում դպրոցներին՝ տեսչությունից պարզաբանեցին, որ չեն կարող նման ստուգումներ անել. «Կառավարության որոշմամբ՝ մինչեւ 70 մլն դրամի շրջանառություն ունեցող օբյեկտներում ստուգումներ արգելվում է իրականացնել, դրա համար պետք է ստանալ կառավարության հատուկ թույլտվությունը, ուստի, հաշվի առնելով, որ դպրոցներն առեւտրային կազմակերպություններ չեն ու չեն կարող 70 մլն-ից ավելի շրջանառություն ունենալ, փաստորեն, մեզ այլեւս չի թույլատրվում դպրոցներում առհասարակ ընթացիկ ստուգումներ անել ու տուգանել»: Նշենք, որ եթե վարչապետի որոշումը չլիներ՝ տեսչությունն անխտիր բոլոր դպրոցներին պետք է առնվազն 30 հազար դրամով տուգաներ, որովհետեւ մի դպրոցում պետքարանն է փոքր, մյուսում՝ գրատախտակներն են մուգ ներկած, երրորդում՝ լուսավորություն չկա կամ աշակերտների թիվն է շատ եւ այլն:
2006-ի մայիսին Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը սկսեց խստորեն ստուգումներ իրականացնել, ինչը, բնականաբար, հարուցեց տնօրեններից շատերի դժգոհությունը, քանի որ արձանագրված ցանկացած խախտման համար տուգանքը տնօրենը պետք է վճարի իր գրպանից: Շատ դպրոցների տնօրեններ տեսչությանը մեղադրում էին, թե փող հավաքելու տեղ են գտել, որ պետք է չափորոշիչները փոխել, որովհետեւ հնարավոր չէ 45-50 քմ դասասենյակներում մինչեւ 25 աշակերտի հետ պարապել: Ըստ տնօրենների՝ «Եթե մենք խտություն չապահովենք, աշակերտի թվով ֆինանսավորումը չի բավարարի. չենք կարող հոգալ դպրոցի ծախսերը՝ ոչ գազի, ոչ լույսի, ոչ կենսաթոշակի, ոչ էլ աշխատավարձի փող կունենանք։ Ինչպե՞ս անենք: Պատերը հետուառա՞ջ տանք»:
Տեսչության ստուգումներն ու տուգանքներն ինքնանպատակ չեն կարող լինել, որովհետեւ դպրոցների պայմաններից է կախված մեր երեխաների առողջությունը. բավական է պետքարանում հիգիենան լավ չպահպանվի՝ երեխաները լուրջ հիվանդություններով կարող են վարակվել: Ըստ սահմանված նորմերի, դպրոցի անձնակազմը՝ տնօրենը, ուսուցիչները, պետք է ունենան իրենց առանձին պետքարանը եւ իրավունք չունեն օգտվել երեխաների պետքարանից, մինչդեռ այսօր մեր դպրոցների պետքարաններն ընդհանուր են բոլորի համար, եթե ուսուցչուհիներից մեկը, ասենք, որեւէ սեռավարակ ունենա, դա նշանակում է, որ վտանգված է նաեւ աշակերտների առողջությունը:
Սանիտարական կանոնների համաձայն՝ առաջին նստարաններից մինչեւ գրատախտակը հեռավորությունը պետք է լինի 2,4-2,7մ, լույսը պետք է տեղադրել՝ հաշվի առնելով, որ նստած աշակերտների մարմնի եւ ձեռքերի ստվերը 3-ից 4 անգամ իջեցնում է աշակերտական նստարանների վրա բնական լուսավորության մակարդակը եւ այլն: Այս ամենը հաշվարկվել է մասնագետների կողմից, որովհետեւ դրանից է կախված երեխաների տեսողությունը, եթե մեր դպրոցահասակները 30-40 տարեկանում ասեղ թելել եւ առանց ակնոցի կարդալ չկարողանան՝ չպետք է զարմանանք:
Երբ տարիներ առաջ տեսչությունը մայրաքաղաքի դպրոցներից մեկին տուգանել էր, ինչ է թե բակի կողմից ծառերի ճյուղերը շատ մոտ են եղել պատուհանին եւ լուսավորությունը նվազեցրել են՝ տնօրենը լուրջ դժգոհություններ էր ներկայացրել այդ «աննորմալ պահանջների» համար: Հիմա ծառը կարող են տնկել հենց պատուհանին կպած, որովհետեւ այլեւս դասասենյակների լուսավորությամբ եւ երեխաների տեսողական խնդիրներով հետաքրքրվողներ չկան: Ստացվում է, որ առողջապահության նախարարի հրամանը ձեւական գրված է թղթի վրա ու չի գործում: Եթե սահմանված է, որ գրատախտակները պետք է ունենան մուգ կանաչ գույն՝ լույսի ճիշտ անդրադարձման համար, մեր դպրոցներում շարունակում են օգտագործել սեւ, շագանակագույն գրատախտակներ, որտեղ ուզում՝ նստարանները դնում են, երեխաներին էլ ինչպես ուզում՝ տեղավորում են:
Երիտասարդները հույս չունեն, թե իրենց հուզող խնդիրները կլուծվեն
«Հայաստանում որակյալ երիտասարդ կադրերի մի մեծ զանգված կա, որ աշխատանք չի գտնում՝ քավոր-սանիկ կապերով աշխատանքի տեղավորվելու վատ ավանդույթի պատճառով, ու ստիպված բռնում է արտագաղթի ճանապարհը»,- երեկ «Ստրատեգիա 2020» երիտասարդական համաժողովի ժամանակ իր մտահոգությունները ներկայացրեց Հայաստանի Երիտասարդական կուսակցության վարչության անդամ Արտակ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ իրենց կուսակցությունը խնդիրը լուծելու ճանապարհներ է գտել. «Կադրերին հայտնաբերելու եւ ներկայացնելու ենք գործատուին: Շուտով պատրաստ կլինի ծրագրերի իրականացման կայքէջը, ինչի միջոցով յուրաքանչյուր ոք կկարողանա իր համակարգչից գրանցվել եւ համապատասխան թեստերի միջոցով անցնել որոշակի փուլեր, ու ըստ դրա՝ անհատները կբաժանվեն խմբերի, տվյալների վերլուծական կենտրոնն էլ դրանք կներկայացնի գործատուին: Կադրային ռեզերվի ծրագրի նպատակը ոչ թե ղեկավար անձանց հայտնաբերելն է, այլ որակյալ մասնագետներ գտնելը: Թե չէ բոլորս էլ գիտենք, որ ամեն օր Հայաստանում 3 միլիոն Նապոլեոն է քնից արթնանում»:
Երիտասարդները հետաքրքրվեցին՝ ի՞նչ մեխանիզմներ են կիրառելու մարզային երիտասարդությանը իրենց շարքերում ընդգրկելու համար: Հարցի պատասխանը այդպես էլ չհնչեց: Ավելի ուշ ԲՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Գեւորգ Մանուկյանը կոչ արեց կուսակցության անդամներին նախ՝ գտնել այն բոլոր պաշտոնյաներին, ովքեր սխալմամբ են հայտնվել այդ պաշտոնում եւ չեն արդարացնում իրենց աշխատանքը եւ հետաքրքրվեց. «Քաղծառայության քննությունը գերազանց հանձնած երիտասարդին աշխատանքի չեն վերցնում: Ինչպե՞ս եք հարցը բարձրացնելու»: Պատասխանն այս էր. «Բոլորս էլ տեղյակ ենք, որ նախարարները ճնշում եւ իրենց ուզած ճանապարհով են տանում քաղծառայության մրցույթը: Լավ կլինի, որ իշխող կուսակցությունները սաստեն իրենց նախարարներին»:
ԲՀԿ երիտասարդներից մեկն էլ նկատեց. «Սոված փորովի գլխին գաղափարախոսություն չեն կարդում, անօգուտ է»: «Առավոտի» հետ զրուցած երիտասարդներն առանձնապես ոգեւորված չէին կուսակցության նախաձեռնությամբ: Օրինակ՝ Անի Բաղդասարյանն ասաց. «Շաբլոն ծրագիր, շաբլոն խոսքեր, շաբլոն խնդիրների բարձրաձայնում, որոնք ոչ մի բան երիտասարդությանը չեն տալու: Սա հերթական փող պոկելու ճանապարհն է կուսակցական մակարդակով, ծրագրի ռեզերվում կրկին կհայտնվեն նրանք, որոնք սովորաբար հայտնվում են: Արդեն պարզ է, որ այս ծրագիրը թռուցիկ է, այն կարճ կյանք կունենա, ու այսօրվա ոգեւորությունը մի քանի օր հետո՝ կմարի»:
Երեկ ԳԱԱ-ում մեկնարկեց Երիտասարդ արեւելագետների հանրապետական երկօրյա գիտաժողովը: Տարբեր նիստերի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային հակամարտություններին, հասարակական-քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցեր: Այդ ընթացքում երիտասարդ մասնագետները «կհասնեն» մինչեւ Վանի թագավորություն, Աքեմենյան Պարսկաստան եւ այլուր: «Առավոտը» զրուցեց գիտաժողովի մասնակիցներից ոմանց հետ: ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի գիտաշխատող Հովհաննես Խորիկյանը, որը «Աքեմենյան Պարսկաստանի 4-րդ սատրապության էթնիկական կազմի շուրջ» վերնագրով զեկուցում էր կարդացել, մեր հարցին, թե ՀՀ-ի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում հայ արեւելագետների դիրքորոշումը ճի՞շտ է, պարոն Խորիկյանը պատասխանեց. «Մենք որպես գիտնականներ, առաջին հերթին պիտի ծառայենք գիտությանը»: Դառնալով Ադրբեջանի պահվածքին՝ նշեց. «Ադրբեջանցիներն ամեն քայլի դիմում են, որ ապացուցեն, թե, իբր, իրենց ծագումնաբանությունը սկսում է Աքեմենյան ժամանակաշրջանից: Ուզում են հիմնավորել, որ մեզնից առաջ են գոյություն ունեցել: Բնականաբար, սրանք ոչ թե գիտական, այլ քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություններ են: Այժմ ինտերնետը ողողված է նման ցածրարժեք նյութերով: Իսկ երբ շարքային քաղաքացին ցանկանում է ծանոթանալ նաեւ հայկական կողմի տեսակետին, այն չի կարողանում գտնել: Փաստորեն, մենք այժմ դեռ միայն պատասխանողի դերում ենք»: ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Քրիստինե Մելքոնյանն էլ անդրադարձավ թուրք-իսրայելական հարաբերություններին: Իսկ «Առավոտի» հետ զրույցում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հետեւյալ բանաձեւն առաջարկեց. «Հիմա պիտի սպասել եւ տեսնել, թե ինչպիսի շրջադարձ կլինի, եւ քաղաքական իրավիճակն ինչպես կդասավորվի»:
Հայաստանի գրողների միության Լոռու մասնաճյուղի հրավերով, երեկ Լոռու մարզկենտրոն Վանաձորում էին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամները: Սա օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ պայքարողների առաջին այցն է Հայաստանի մարզեր: Հենց Վանաձորում էլ նրանք որոշել են, որ անկախ նրանից հրավեր կլինի, թե չէ, մարզային այցելությունների շարք են սկսելու, մարզերում հանձնախմբեր ստեղծելու:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը Վանաձորում հայտարարեց, որ Հայաստանի եւ հայաստանցու համար կարեւոր է, որ հայկական դպրոցները շատ լինեն: Սակայն Հայաստանն ու հայաստանցին խոսում են Ջավախքում հայկական դպրոցներ ունենալու մասին ու դրան զուգահեռ՝ Հայաստանում փորձում բացել օտարալեզու դպրոցներ: Հիշեցնենք, որ օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնողն ու հիմնական գաղափարախոսը ծնունդով լոռեցի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է:
Հարցազրույց մնջախաղաց, բեմադրիչ Համլետ Չոբանյանի հետ
Համլետ Չոբանյանին չի գոհացնում մշակույթի նախարարության վերաբերմունքը:
Հ. Չոբանյանն ու Լ. Ստեփանյանը՝ «Մագաղաթը» ներկայացման մեջ:
Երեւանի մնջախաղի պետական թատրոնը շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո երեկ մեկնեց մարզային հյուրախաղերի: Գյումրեցի ու վանաձորցի հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու թատրոնի խաղացանկի լավագույն ներկայացումներից մեկը՝ «Մագաղաթը», որի սցենարի եւ բեմադրության հեղինակն է թատրոնի առաջատար մնջախաղաց ու բեմադրիչ Համլետ Չոբանյանը: Ժամանակին՝ «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում, լատվիացի մնջախաղային արվեստի գիտակ Մոդրիս Թենիսոնը գովեստի խոսքեր շռայլեց հատկապես հիշյալ ներկայացման մասին:
- Վերջերս հեռուստաելույթներից մեկի ժամանակ զայրույթով խոսեցիք թատերական անարդարությունների, ինչպես նաեւ մեզանում որոշ ժանրերի, այդ թվում՝ մնջախաղի, հանդեպ տածվող անտարբերության մասին...
- Համոզված եմ՝ ոչ միայն մնջախաղային արվեստը, այլեւ թատերարվեստն ընդհանրապես, անտարբերության է մատնված հենց մշակույթի նախարարության կողմից: Ի դեպ, դրա համար չեմ զարմանում այն բանից հետո, երբ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Երկաթ» ակումբում արտահայտեց հետեւյալ միտքը՝ եթե ինձ տրվի հնարավորություն որեւէ շենք կառուցելու, ապա ես այն ոչ թե կտրամադրեմ թատրոնի, այլ թանգարանի: Կարող եմ թարմ օրինակ էլ բերել. նախարարության անտարբեր եւ անլուրջ վերաբերմունքն ակնհայտ էր մեր թատրոնի՝ Գյումրիի եւ Վանաձորի հյուրախաղերի առնչությամբ: Քանի որ նախարարությունը խոստացել էր հոգալ գործուղման ծախսերը, մենք էլ նախապես պատվիրել էինք հայտագրեր, գովազդային հոլովակ եւ այլն: Սակայն օրեր առաջ նախարարությունից ծախսերի մասով ստացանք պաշտոնական մերժում: Արդյոք սա, մեղմ ասած, անտարբերություն չէ՞...
- Մնջախաղը արվեստի այն եզակի ժանրերից է, որ չունի լեզվի ընկալման բարդություն: Սակայն ի՞նչն է պատճառը, որ ձեր թատրոնը չունի համապատասխան ճանաչում միջազգային թատերական արենայում:
- Կրկնում եմ. որովհետեւ բացակայում է համապատասխան լուրջ վերաբերմունք մեր թատրոնի նկատմամբ: Այ, եթե պետությունը մշակույթին վերաբերվեր այն չափով, որքան սպորտին, ապա աշխարհում հայ մշակույթն ավելի ճանաչելի կլիներ, այդ թվում՝ նաեւ մեր թատրոնը:
- Դերասան լինելուց զատ, հանդես եք գալիս նաեւ որպես բեմադրիչ: Արդյոք սա տուրք չէ՞ մեզանում արմատավորվող այն երեւույթին, երբ դերասանները վաղ թե ուշ մղվում են դեպի ռեժիսուրա:
- Վստահեցնում եմ՝ դա տուրքի հետ բացարձակ կապ չունի: Մնջախաղի թատրոնում գործեր արել եմ, սակայն «Մագաղաթը» առայժմ միակ ծավալուն ռեժիսորական աշխատանքս է: 2006թ. վերջին թատրոնն ուներ որոշակի ներքին ռեսուրսներ, ինչը պետք է իրացվեր ներկայացման տեսքով: Իհարկե, գումարը չնչին էր, ավելացրի նաեւ իմ սեփական միջոցներից: Ընդ որում, ներկայացում բեմադրելու առաջարկը եղավ թատրոնի տնօրեն Գայանե Ստեփանյանի կողմից: Թատրոնի խաղացանկային ներկայացումներից շատերը, այդ թվում՝ «Մագաղաթը», արժանանալով մեր եւ արտերկրի մասնագետների բարձր գնահատականին, չգիտես ինչու, մինչ օրս գոնե մեկ անգամ նախարարության պաշտոնյաները չեն դիտել:
- Հանդես եք գալիս նաեւ դրամատիկական ներկայացումներում: Ձեզ համար, այնուամենայնիվ, ի՞նչն է կարեւոր՝ խո՞սքը, թե՞ շարժումը:
- Ինձ համար շարժումն էլ է խոսք:
- Այսօր մեզանում միտումներ են նկատվում, երբ վերացվում է գեղարվեստական ղեկավարի հաստիքը ինչպես թատերական, այնպես էլ երաժշտական կոլեկտիվներում: Հնարավոր համարո՞ւմ եք Ձեր թատրոնի գործունեությունը առանց առաջնորդի:
- Աշխարհի առաջատար թատրոնները անուն են ձեռք բերում առաջնորդների շնորհիվ: Նրանք կարող են լինել թե՛ արտիստները եւ թե՛ գեղարվեստական ղեկավարները: Դատողությունները թողնում եմ ձեզ...
Վ. Վարդանյանը գոհ է հայերի հանդեպ սինգապուրցիների վերաբերմունքից:
Սինգապուրի առայժմ չգործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ միակ հայկական առաքելական եկեղեցին 175 տարեկան է: Այդ առիթով տեղի հայկական համայնքը պատրաստվում է մեծ շուքով նշել այն:
«Առավոտը» հյուրընկալեց Սինգապուրի Չինական միջազգային դպրոցի միջազգային բակալավրիատ ծրագրի ղեկավար, Սինգապուրում Հայաստանի արդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վահագն Վարդանյանին, որը պատմեց հայկական եկեղեցու, Սինգապուրի հայկական համայնքի ու հայերի նկատմամբ տեղացիների վերաբերմունքի մասին: Նրա հավաստմամբ, հայերին այնտեղ շատ լավ են ճանաչում, սակայն, մեր երկրի մասին տեղեկություն անգամ չունեն. «Երբ իմանում են, որ զրուցակիցը հայ է, դա անմիջապես ասոցացնում են հայկական եկեղեցու հետ»:
Վ. Վարդանյանը նկատում է. «Սակայն հայերի նկատմամբ շատ ջերմ վերաբերմունք ունեն, Սինգապուրի պատմության ընթացքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաքելական եկեղեցին մեծ նշանակություն է ունեցել: 20-րդ դարի սկզբին համայնքն ունեցել է շուրջ 100 ընտանիք: Իսկ այսօր փոքրաթիվ է՝ շուրջ 50 մարդ, հայերն ապրում են՝ պահպանելով իրենց ավանդույթները: Եկեղեցին հենց քաղաքի կենտրոնում է, համարվում է խորհրդանիշ եւ տուրիստական հիմնական այցելավայր: 70-ականներից, կառավարության որոշմամբ, այն երկրի ազգային ճարտարապետական կոթող է: Կողքն էլ գտնվում է հայկական փողոցը»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հայկական եկեղեցու 175-ամյակը կնշվի 2011 թվականի մարտին, պատարագն էլ կմատուցի Ավստրալիայի թեմի առաջնորդը: Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 1835 թվականի հոկտեմբերին, օծվել՝ 1836 թ. մարտին: «Պատարագներ տեղի չեն ունենում, աղոթքներ չեն հնչում... Վերջին անգամ, որքան ինձ հայտնի է, պատարագ է մատուցվել 2001 թվականին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առիթով»,- ասաց Վահագնը:
Հետաքրքրվեցինք, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում համայնքի կողմից, որպեսզի վերջապես գործի եկեղեցին: «Հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվել է, բայց առաջին հերթին պետք է հոգալ վերանորոգման ծախսերը... Հուսով ենք, որ հոբելյանի առիթով ներդրումներ կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Ազգային օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարների անսամբլի, «Արամ Խաչատրյան» տրիոյի, երգչուհի Դիանա Հարությունյանի, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ կհնչեն իմպրեսիոնիստական եւ նոր վիեննական դպրոցի գաղափարների կրող ու շարունակող ռուս անվանի կոմպոզիտոր Էդիսոն Դենիսովի երկերը: Համերգի կազմակերպիչն է արվեստագիտության դոկտոր, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանը: Այս նախագիծը պրոֆեսորի դեռեւս 1992թ. հիմնած «Նոր նախաձեռնություններ» համերգաշարի հերթական ծրագիրն է: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը այս տարիների ընթացքում իր նախագծերով (ամերիկյան, անգլիական, իտալական երաժշտության դպրոցներ, թեմատիկ երեկոներ, նվիրված, օրինակ՝ Շոնբերգին եւ նրա դպրոցին, Իգոր Ստրավինսկու, Քշիշտոֆ Պենդերեցկու եւ այլ երեւելիների հոբելյաններ) ներկայացնում է ժամանակակից երաժշտության հայաստանյան առաջին կատարումներ:
«Առավոտի» հետ զրույցում Ս. Սարգսյանն ասաց, որ «Նոր նախաձեռնություններ» համերգաշարը կարծես լրացնում է իր երաժշտագիտական գործունեությունը. «Նպատակս է՝ տարբեր համերգներին հնչած ժամանակակից կոմպոզիտորների բարձրարվեստ գործերը դարձնել մեր երաժշտական իրականության անբաժան մասը»: Խոսելով Դենիսովի արվեստի մասին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ նա երկու օպերաների («Օրերի փրփուր», «Չորս աղջիկ»՝ ըստ Պիկասոյի նկարների), մեկ բալետի («Խոստովանություն»), երկու սիմֆոնիաների, ռեքվիեմի եւ բազմաթիվ կամերային գործիքային երաժշտության հեղինակ է: Իսկ նրա երաժշտությունը իսկապես աչքի է ընկնում նուրբ ճաշակով, յուրաքանչյուր հնչյունի նկատմամբ տածած «ջերմ» վերաբերմունքով: «Դենիսովն իր ավանգարդ երաժշտությամբ ժամանակին ընդգրկվել է Ռուսաստանի կոմպոզիտորների միության նախագահ Տիխոն Խրեննիկովի «սեւ ցուցակում»՝ իր 7 կոլեգաների հետ»,- նշեց Ս. Սարգսյանը: Հարցին, թե ինչո՞ւ համերգաշարերում չի անդրադառնում հայ որեւէ մեծանուն կոմպոզիտորի, օրինակ, աշնանը լրանում է Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակը, երաժշտագետը նախ հայտնեց, որ ժամանակին կազմակերպել է երեկո՝ միայն հայ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունից, հետո էլ հավելեց. «Անում եմ այն, ինչը մեկ ուրիշը չէր անի: Համոզված եմ, որ անվանի կոմպոզիտոր Հարությունյանի հոբելյանը կնշվի պետական մակարդակով»:
Մեծանուն երգչուհիների երկնային կյանքին միացավ Արաքս Դավթյանը: Նրա թավշյա սոպրանոն ավելի քան 40 տարի հիացրել է դասական երգարվեստի աշխարհի խստապահանջ ունկնդրին։ Երեկ երգչուհու կյանքն ընդհատվեց Մոսկվայում, 61-րդ տարում:
«Առավոտը» սգում է մեծանուն երգչուհու մահը:
Հուլիսի 25-ին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրից հետաձգված «Շիրակ»-«Բանանց» հանդիպումը: Գյումրեցիները հերթական պարտությունը կրեցին՝ բաց թողնելով երեք անպատասխան գնդակ: Սա թիմի 13-րդ պարտությունն էր առաջնությունում: 14 խաղերում «Շիրակը» 37 գնդակ է բաց թողել՝ կարողանալով խփել միայն 3-ը, ինչը բացարձակ անհաջող ցուցանիշ է: Այս ամենի հիմքում, սակայն, ընկած են ոչ այնքան մարզական, որքան տնտեսական, ֆինանսական խնդիրները:
Թիմի ֆուտբոլիստները տեւական շրջան աշխատավարձ չեն ստանում, նրանցից շատերը անգամ չեն էլ մասնակցում մարզումներին, քանի որ ընտանիք պահելու համար գումար վաստակելու այլընտրանքային միջոցների են դիմում: Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, թե թիմը նոր սեփականատեր է ունենալու: Որպես հավանական տարբերակ, նշվում էր Գյումրիի քաղաքապետարանը, ինչպես նաեւ Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկի անունը: Սակայն այդ հեռանկարը դեռ խոսակցությունների մակարդակում է, մինչդեռ, թիմն արդեն անդունդն է գլորվում՝ քայքայվածության պատճառով անգամ փրկության փորձ չկարողանալով անել: Armsport.am կայքին տված հարցազրույցում «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նշել է, որ թիմը, հավանաբար, կդադարեցնի ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում, եթե մոտ ապագայում հովանավորության հարցը չլուծվի, քանի որ «Շիրակն» անգամ մրցավայր մեկնելու համար վառելանյութի գումար չունի:
Եթե դա տեղի ունենա, ինչն ամենեւին էլ ցանկալի չէ, ֆուտբոլի Հայաստանի առանց այն էլ աղքատիկ առաջնությունը կարող է զրկվել իր սակավաթիվ մասնակիցներից մեկից՝ անորոշ ժամանակով ու հեռանկարով, իսկ հայկական ֆուտբոլը՝ իր ավանդական դարբնոցից: Ի՞նչ է սպասվում հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակրին ու, արդյո՞ք, կլուծվեն նրա խնդիրները: Այժմ, ցավոք, դժվար է կանխագուշակել: Սա է հայկական ֆուտբոլի այսօրվա դառը դեմքն ու վաղվա ոչ այնքան կայուն հենարանը: Նման իրավիճակում դժվար թե Եվրոպայի դռան բանալիները մենք հեշտությամբ գտնենք:
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը 14 տուրից հետո հետեւյալ տեսքն ունի.
Բանանց 14 11 2 1 34-13 35
Ուլիս 14 10 2 2 24-7 32
Փյունիկ 14 9 2 3 34-14 29
Միկա 14 6 4 4 22-14 22
Իմպուլս 14 5 2 7 11-22 17
Գանձասար 14 4 1 9 11-22 17
Կիլիկիա 14 3 1 10 14-30 10
Շիրակ 14 1 0 13 9-37 3
Գ. Բեգլարյանն ու Ֆ. Ջուստոտտին հեծանվահրապարակի առաջին սիմվոլիկ շաղախն են անում:
Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական վարչությունից՝ Ծովակալ Իսակովի պողոտայի 27/8 հասցեում գտնվող 2 հա տարածքում կկառուցվի ավելի քան 3200 հանդիսատեսի համար նախատեսված հեծանվահրապարակ: «Շատ մոտ ապագայում Երեւանը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան հեծանվահրապարակ, ինչը կնպաստի Հայաստանում հեծանվասպորտի զարգացմանը: Այս կառույցը շատ հարմար կլինի նաեւ բազմաթիվ սպորտային միջոցառումների անցկացման եւ տարբեր սպորտաձեւերի զարգացման համար»,- նշեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Սա Երեւանի քաղաքապետարանի եւ «Ռենկո» ընկերության համատեղ ներդրումային ծրագրի երկրորդ փուլն է, որի մեկնարկը երեկ ազդարարեցին Երեւանի քաղաքապետն ու «Ռենկո» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ֆրանչեսկո Ջուստոտտին: Ծրագրի առաջին փուլով Ազատության հրապարակում կառուցվեց ստորգետնյա ժամանակակից ավտոկայանատեղի՝ նախատեսված 500 ավտոմեքենաների կայանման համար: «Ազատության հրապարակի կայանատեղին կառուցվեց շատ որակով եւ շահագործման հանձնվեց ժամանակից շուտ: Այս հեծանվահրապարակն էլ ես հույս ունեմ, որ կկառուցվի բարձր որակով եւ ժամանակին: Երեւանը կունենա գեղեցիկ մարզադպրոց, որտեղ, բացի հեծանիվից, մեր երեխաները կարող են սովորել եւ պարապել նաեւ այլ սպորտաձեւերով»,- ասաց Գ. Բեգլարյանը:
Հեծանվահրապարակի ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը ներկայացրեց հեծանվահրապարակի էսքիզներն ու նախագիծը: Այն կունենա 250մ երկարությամբ շրջագիծ, որի վազքային գոտու լայնությունը կազմում է 7մ: Տարածքում երկայնական առանցքով կտեղադրվի հեծանվահրապարակին պատկանող կառույց, որը կունենա նախամուտք, սրահ, մարզիկների եւ մարզիչների համար առանձին հանդերձարաններ՝ ցնցուղներով, երկու մարզասրահ նախապատրաստական եւ հետմարզական վարժման համար՝ կից հանդերձարաններով եւ ցնցուղներով, հեծանիվների պահման եւ նորոգման սենյակներ, ավտոկայանատեղիներ, առաջին բուժօգնության սենյակ, կառույցի ղեկավարության համար գրասենյակներ, կոնֆերենս դահլիճ, ճաշարան, հասարակական սանհանգույցներ: Ներառված է ավտոկայանատեղի 240 մեքենայի համար: Կկառուցվեն հատուկ թեքամուտքեր հաշմանդամների անվասայլակների համար: Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին եւ «Ռենկո» ընկերությանը՝ Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին նշեց, որ այս հեծանվահրապարակի կառուցումը նոր որակ կհաղորդի հեծանվասպորտի զարգացմանն ու կապահովի առողջ ապրելակերպ Երեւանում: «Իր տեսակի մեջ սա կլինի լավագույն հեծանվահրապարակներից մեկը ողջ հետխորհրդային տարածքում եւ Եվրոպայում: Այստեղ կանցկացվեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մրցումներ»,- նշեց Ալեքսանդր Բերեզովսկին: Ծրագիրը ծավալուն է, իրականացվելու են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ՝ շուրջ 6 միլիարդ դրամի ներդրումային կապիտալով: Շինարարական աշխատանքների համար սահմանված է երկու տարի ժամկետ:
Ի դեպ, երեկ «Առավոտը» տեղեկացավ, որ ՀՀ հեծանվային սպորտի ֆեդերացիան նպատակահարմար չի գտել մասնակից գործուղել Վերոնա, որտեղ օգոստոսի 1-ին մեկնարկելու է խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունը: Այս որոշումը ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին մեկնաբանեց այսպես: «Նախ, ֆեդերացիայի գումարներն են խիստ սահմանափակ: Երկրորդ պատճառը, որ, թերեւս, հիմնականն է. մենք առայժմ աշխարհի առաջնությունում Հայաստանը պատշաճ մակարդակով ներկայացնելու խճուղային արժանի հեծանվորդ չունենք: Վերջերս մեր խճուղային հեծանվորդները Թուրքիայում խիստ անհաջող մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը՝ խմբային վազքում չհատելով եզրագիծը, իսկ անհատականում զբաղեցնելով վերջին տեղեր: Այդ պատճառով էլ, որպեսզի միջոցները անիմաստ չվատնենք, մարզիչների հետ նպատակահարմար գտանք այդ գումարները տրամադրել հրապարակային հեծանվորդներին, որոնք ավելի հաջող մրցելույթներ են ունենում: Նրանք այժմ նախապատրաստվում են սեպտեմբերի 10-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկող Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը»:
ԲԱՔՎՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ
Շախմատի աշխարհի 2011թ. թագի համար հավակնորդների մրցաշարը Բաքվից տեղափոխվել է Կազան: Այս մասին հայտարարվել է Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդում: Սակայն համաշխարհային շախմատի ղեկավարությունն, այնուամենայնիվ, Ադրբեջանին լուրջ զիջումներ է արել: Հաշվի առնելով հարեւան հանրապետության հետ նախկին պայմանավորվածությունը՝ որոշվել է պահպանել այդ երկրին տրվելիք մեկ թափուր տեղը: Այն զբաղեցնելու է Շախրիյար Մամեդյարովը: Այս մասին «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Այսպիսով, հավակնորդների ութնյակը կազմել են. Լեւոն Արոնյան (Հայաստան), Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբով, Շախրիյար Մամեդյարով (երկուսն էլ՝ Ադրբեջան), Բորիս Գելֆանդ (Իսրայել), Գատա Կամսկի (ԱՄՆ):
ՄԵՐՈՆՔ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ-ն Հայաստանի կին մրցավարներին վստահել է սպասարկել ֆուտբոլի Եվրոպայի կանանց մինչեւ 17 եւ 19 տարեկանների առաջնությունների որակավորման առաջին փուլի մրցաշարերը:
Ռուզաննա Պետրոսյանն ու Հասմիկ Ղարիբյանն ընդգրկվել են հոկտեմբերի 15-22-ը Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության 1-ին որակավորման փուլի 2-րդ խմբի հանդիպումները սպասարկող մրցավարների ցուցակում: Այնտեղ հանդես են գալու Չեխիան, Իռլանդիան, Մակեդոնիան եւ Հյուսիսային Իռլանդիան:
Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության 1-ին որակավորման փուլի 6-րդ խմբի հանդիպումները սպասարկող մրցավարների մեջ են Քնարիկ Գրիգորյանն ու Արաքսյա Սարիբեկյանը: Խաղերը կայանալու են սեպտեմբերի 10-17-ը՝ Սլովենիայում: Խմբում ընդգրկված են Ուելսը, Ֆրանսիան, Վրաստանը եւ Սլովենիան: Նույն ժամանակաընթացքում Խորվաթիայում հավաքվելու է նույն մրցաշարի 11-րդ խումբը՝ Իռլանդիա, Ռուսաստան, Կիպրոս, Խորվաթիա: Այստեղ են լինելու մեր մրցավարներ Նելլի Ստեփանյանն ու Լիանա Գրիգորյանը:
ՋՈՒՐ, ԱՎԱԶ, ԱՐԵՎ
Օգոստոսի 2-3-ին Սեւանա լճի ափին անցկացվելու են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի մեծահասակների ու երիտասարդների առաջնությունները, որոնց մասնակցելու է Երեւանի եւ հանրապետության մարզերի շուրջ 35 զույգ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե, արդյո՞ք, հայ մարզասերները կտեսնեն երկու տարի առաջ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու համաձայնություն տված բրազիլացի զույգերին: Հանրապետության վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Կարեն Ասմարյանը երեկ հեռախոսով մեզ ասաց, որ բրազիլացիները առաջնությանը չեն մասնակցելու, եւ ինքը լեգեոներականների մասին ընդհանրապես ոչ մի տեղեկություն չունի: «Եթե չեմ սխալվում, մեր օլիմպիական կոմիտեն նրանց հետ անգամ պայմանագրերն է խզել, քանի որ նրանք անցած այս ժամանակաընթացքում ոչ մի անգամ չեն եկել Հայաստան»,- ասաց պարոն Ասմարյանը: Այս հարցի ճշգրիտ պատասխանը չգիտեին նաեւ ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունում:
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր օրը ձերն է, վայելեք:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից հետո ժամանակն անցկացրեք որեւէ հաճելի վայրում:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Եթե խնջույքի մասնակցելու հրավեր ստանաք՝ մերժեք, դուք ավելի կարեւոր գործեր ունեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Հնարավոր է նվերներ ստանաք:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Օրը ծանրաբեռնված կլինի մի շարք խնդիրներով:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Կյանքին ավելի թեթեւ նայեք:
2009թ.-ին «Նո Քոմենտ» ՍՊԸ տնօրեն Կարեն Կարապետյանը մորեղբոր որդու՝ 17-ամյա Արմեն Մարտիրոսյանի եւ նրա ընկերոջ՝ Պ. Հակոբյանի հետ ստեղծել է կազմակերպված զինված խումբ, ղեկավարել է՝ ավազակային հարձակումներ գործելու նպատակով:
Հանցավոր խումբն ավազակային հարձակում է կատարել 4 բնակարանի սեփականատերերի նկատմամբ: Նախաքննության տվյալներով՝ հանցավոր խմբի գործողություններից տուժել են Արսեն Լալայանցը, Սուրեն Շահգալդյանը, Մանվել Բադալյանը, որոնց տներից հափշտակվել է շուրջ 16 մլն դրամի գույք (կանխիկ գումար եւ ոսկեղեն): Խմբի անդամներից մեկը ձերբակալվել է այս տարվա հունվարի 16-ին՝ փախուստի դիմելիս: Մյուս երկուսն էլ դիմել էին փախուստի, սակայն մի քանի օր անց նրանք հայտնաբերվել եւ կալանավորվել էին:
«Նո Քոմենտ» ՍՊԸ նախագահ Կարեն Կարապետյանը ավտոտնակ-արտադրամասում մինչեւ 2008թ. նոյեմբերը ծավալել է հյութերի եւ սուրճի արտադրություն: 2008-ի սեպտեմբերին ՍՊԸ-ն «Ակբա Կրեդիտ» բանկից ստացել է $51 000 վարկ, որի դիմաց մեղադրյալ Կ. Կարապետյանը գրավադրել է իր բնակարանը, սակայն չի կարողացել կատարել շուրջ $41 000 վարկային պարտավորությունները եւ որպես հետեւանք ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցրել է:
Կարեն Կարապետյանն անչափահաս մորեղբոր որդուն՝ Արմեն Մարտիրոսյանին, հայտնել է ավազակային հարձակումներ կատարելու իր մտադրության մասին եւ նրան է տրամադրել գազային ատրճանակ: 2009թ. նոյեմբերի 30-ին, ժամը 21:30-ի սահմաններում, Ա. Մարտիրոսյանը բարձրացել է թիրախ ընտրվածներից մեկի 5-րդ հարկի տանիքը: Պատշգամբից անցել է դեպի խոհանոց, ապա՝ հյուրասենյակ, որտեղ ատրճանակով հարձակվել է Ելենա Վարդազարյանի ու նրա երկու անչափահաս դուստրեր՝ Ա. եւ Մ. Լալայանցների վրա: Ատրճանակը հանցագործը դրել է սեղանի շուրջ նստած Ելենա Վարդազարյանի գլխին, պահանջել չաղմկել եւ իրեն շտապ հանձնել գումարներն ու ոսկյա զարդերը՝ հակառակ դեպքում, սպառնալով, որ կսպանի: Ելենա Վարդազարյանը, հասկանալով, որ իր եւ երկու դուստրերի կյանքին վտանգ է սպառնում, ենթարկվել է Ա. Մարտիրոսյանի պահանջին, նրան ուղեկցել է ննջասենյակ, որտեղից Ա. Մարտիրոսյանը հափշտակել է $645 եւ 1,5 մլն դրամի արժողությամբ ոսկյա, արծաթյա զարդեր, արծաթյա հուշանվերներ, հասարակ մետաղից զարդեր եւ ժամացույցներ... ընդհանուր հաշվով՝ խոշոր չափերի հասնող 1 763 816 դրամի կանխիկ գումար եւ գույք, որից հետո դիմել է փախուստի: Շենքից քիչ հեռու հանդիպել է իրեն սպասող Կարեն Կարապետյանին, որին տվել է հափշտակածն ու տաքսիով հեռացել է:
2009թ. դեկտեմբերին մեղադրյալներ Արմեն Մարտիրոսյանը, Պետրոս Հակոբյանը եւ Կարեն Կարապետյանը, քաղծառայության պետ Մանվել Բադալյանի բնակարան մտնելիս, կրել են դիմակներ, ձեռնոցներ, կարճեցված փողով երկփողանի հրացան եւ ատրճանակ: Նրանք պարսպի վրայով մուտք գործելով բակ՝ թաքնվել են ավտոտնակում: Ըստ նախաքննության մարմնի ձեռք բերած ապացույցների՝ Երազիկ Ալեքսանյանը անչափահաս դստեր՝ Ա. Բադալյանի հետ եղել է բակում, իսկ երբ ցանկացել է վերադառնալ տուն, Ա. Մարտիրոսյանը եւ Պ. Հակոբյանը նրանց հրելով մտցրել են ներս եւ փակել մուտքի դուռը, այնուհետեւ զենքերի գործադրմամբ Ե. Ալեքսանյանին, վերջինիս քրոջը՝ Ռ. Ալեքսանյանին, դուստրեր՝ Ա., Ա. եւ Ն. Բադալյաններին սպառնացել են: Հանցագործները տան տարբեր սենյակներում շրջելով՝ հափշտակել են $7500, 100 եվրո, 10 000 դրամ, 7,6 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, 330 000 դրամ ընդհանուր արժողությամբ երեք բջջային հեռախոս, ընդհանուր առմամբ՝ առանձնապես խոշոր չափերի հասնող 10 807 044 դրամի գույք եւ գումար՝ դիմել են փախուստի:
Բացի այդ, հանցագործները 2010թ. հունվարի 15-ին երեկոյան փորձել են մտնել «Արայ» ՍՊԸ սեփականատեր Արմեն Պետրոսյանի տունը: Պարսպի վրայով ապօրինի մուտք գործելով բակ՝ նրանք թաքնվել են: Քիչ անց, տեսնելով տան անվտանգության աշխատակից Սամսոն Չիչակյանին, զենքերի օգտագործմամբ հարձակվել են նրա վրա, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել, պահանջել են գումար, իսկ քիչ անց նույն տան բակ ահազանգով ժամանած «Արայ» ՍՊԸ-ի անվտանգության ծառայության պետ Արսեն Խաչատրյանին եւ նրա ընկեր Արմեն Հարությունյանին պառկեցրել են գետնին, բռնության ենթարկել, հափշտակել են վերջինիս 22 000 դրամ գումարը, 80 000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, իսկ Ա. Խաչատրյանից հափշտակել են 73 000 դրամ ընդհանուր արժողությամբ երկու բջջային հեռախոս, ապա պահանջել են բացել առանձնատան դռները եւ մատնացույց անել տանը պահվող գումարի եւ ոսկյա զարդերի գտնվելու վայրը՝ կարծելով, թե նրանք են առանձնատան տերերը:
Նույն պահին դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին տեսնելով՝ Պետրոս Հակոբյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, իրենց մոտ եղած զենքից կրակոց արձակելով, դիմել են փախուստի:
Երեկ անդրադարձել էինք ՊԵԿ-ի հրապարակած 2010թ. 1-ին կիսամյակի 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկին: Մասնավորապես, նշել էինք, որ ամենաշատ հայտարարագրված աշխատողներ ունի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը՝ 7617, նրան հաջորդում է «ՀայՌուսգազարդը»՝ 6017, ապա «Հարավկովկասյան երկաթուղին»՝ 4411, 4-րդը «ԱրմենՏելն» է՝ 3227 աշխատող, որից հետո «Հայփոստը»՝ 3168, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 3087, «Նաիրիտը»՝ 3074, 8-րդը Ղ-տելեկոմն է՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը՝ 1852, 9-րդում ՀԱԷԿ-ը՝ 1798 գրանցված աշխատողով եւ 10-ում՝ «Հայջրմուղկոյուղին»՝ 1762 աշխատակցով:
Սակայն երեկ, երբ կրկին փորձեցինք նայել այդ ցանկը, որը տեղադրված է ՊԵԿ-ի պաշտոնական կայքում՝ taxservice.am, նկատեցինք, որ ցուցակը ինչ-որ փոփոխություններ է կրել, ընդ որում՝ անտրամաբանական: Մասնավորապես, ՀԷՑ-ի աշխատակիցների թիվը դարձել էր 7616՛՛8, «ՀայՌուսգազարդինը»՝ 6016՛՛6, ՀԵԿ-ինը՝ 4411՛՛4, «ԱրմենՏելինը»՝ 3226՛՛5, իսկ, ասենք, 40-րդ տեղը զբաղեցրած «Ռուսալ-Արմենալի» դիմաց գրված էր՝ 718,83333333...
Ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ այս թվերը ցույց են տալիս մարդկանց քանակը, ինչը նշանակում է, որ, օրինակ, նույն այդ «Ռուսալում» աշխատում է 718, 8333333 մարդ...
Դա մի կողմ, սակայն այդ ցանկն ակնհայտորեն ցուցադրում է, թե որքան շատ են այն ընկերությունները, որոնք, պարզապես, թաքցնում են իրենց աշխատակիցներին՝ չեն գրանցում: Օրինակ, ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ մայրաքաղաքում 6 սուպերմարկետ, 2 այլ խանութ եւ մեկ գլխամասային գրասենյակ ունեցող «ՍԱՍ գրուպը», որը նաեւ որոշ ապրանքների ներմուծմամբ է զբաղվում, գրանցել է ընդամենը 242 աշխատակից (ի դեպ, այս ընկերությունից երեկ զանգահարել էր աշխատակիցներից մեկը՝ բանվոր, եւ դժգոհում էր, որ չնայած մի քանի տարի է աշխատում է այդ ցանցում, բայց միայն այն պատճառով, որ իրեն չեն գրանցել՝ աշխատանքային ստաժ չունի): Դժվար է հավատալ, որ այստեղ ավելի քիչ մարդ է աշխատում, քան Մարտունու բժշկական կենտրոնում կամ թիվ 12 պոլիկլինիկայում, կամ Անանիա Շիրակացի ճեմարանում, իսկ «Փեթակ» ընկերությունում, իբրեւ թե, աշխատում է ընդամենը 106,666667 մարդ, ավելի քիչ, քան «Մարալիկի առողջության կենտրոնում», Ծաղկահովիտի բժշկական կենտրոնում, «Վան» ստոմատոլոգիական կենտրոնում եւ այլն, Ջերմուկի մայր գործարանում աշխատում է նույնքան մարդ, որքան «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում, եւ ավելի քիչ, քան Երեւանի թիվ 9 եւ թիվ 22 մանկական պոլիկլինիկաներում: Հնարավո՞ր է պատկերացնել, որ «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում ավելի քիչ մարդ է աշխատում, քան թիվ 8 պոլիկլինիկայում կամ Մեծամորի բժշկական կենտրոնում: Որքանո՞վ է հավատարժան, որ Մալաթիայի բժշկական կենտրոնում ավելի քիչ մարդ է աշխատում, քան թիվ 19 պոլիկլինիկայում կամ Արմավիրի ու Կապանի բժշկական կենտրոններում:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իր երեկվա նիստում միաձայն որոշեց ձվի շուկայում գործող 5 խոշոր ընկերությունների՝ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա», «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», «Զանգափ», «Արզնու տոհմային ԹՏՖ» եւ «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա», տուգանել 500 հազարական դրամով: Վարույթը հարուցվել էր 6 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, փաստորեն, չտուգանվեց միայն «Աշտարակ» ֆաբրիկան: Հանձնաժողովի կատարած դիտանցումների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ 5 ֆաբրիկաների կողմից արտադրված եւ իրացված հավկիթների վրա բացակայել է պիտանելիության ժամկետը, իսկ տուփերի վրա՝ տեսակավորման քանակը, ինչը, ըստ հանձնաժողովի, կարող է որակվել որպես հասարակությանը մոլորեցնելու եւ անբարեխիղճ մրցակցության գործողություն: Չնայած այս հանգամանքին, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ ոչ մի սուբյեկտ իրենց դժգոհություն մինչ այժմ չի ներկայացրել եւ միայն մամուլի հրապարակումների վրա հիմնվելով են որոշել վարչական հարույթ հարուցել: «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» կոմերցիոն բաժնի պետ Վահագն Գեւորգյանը փաստը չհերքեց, բայց ասաց, որ միայն տնտեսվարողները չեն մեղավոր: Ըստ նրա՝ իրենք պիտանելիության ժամկետը չեն նշել, որովհետեւ վաճառակետերը համատարած հրաժարվում են ամսաթվով հավկիթներ ընդունելուց. «Նույնիսկ 2-3 օրվա հնությամբ հավկիթները, որոնք մակնշում ունեն, չեն սպառվում, իսկ ավելի հները, որ մակնշում չունեն, ավելի հեշտ են սպառվում: Խնդիրը համատարած պետք է նայել՝ վաճառակետից մինչեւ արտադրող»: Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը համաձայն չէր Վ. Գեւորգյանի այս կարծիքին: Նա գտնում է, որ այն ընկերությունները, որոնք կիրականացնեն մակնշում, անպայման կգնահատվեն սպառողների կողմից եւ շուկայում ավելի լավ իրացում կունենան: Նիստին ներկա «Արզնու տոհմային ԹՏՖ» տնօրենի օգնական Կարեն Հարությունյանը նույնպես չառարկեց, որ առանց մակնշման են արտադրանքն իրականացրել, բայց՝ ոչ միտումնավոր. «Մեխանիզմի փչացման, պահեստապետի անփույթ աշխատանքի հետեւանքով է եղել, նրան այս փաստով ենթարկել ենք տույժի»:
«Ձվի մեջ մազ եք ման գալիս: Հասկանում ենք՝ մոնոպոլիա է, ուզում են ընդլայնվել, մեզ էլ շուկայից հանել»,- դժգոհում էր «Զանգափ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գագիկ Մնացականյանը: Նա նշեց, որ օրական 5000 ձու արտադրող ընկերությունը սպառման խնդիր ունենալ չի կարող, եւ հանձնաժողովին առաջարկեց ստուգել ձվի որակը, ոչ թե այլ հարցերի հետեւից ընկնել. «Անբարեխիղճ մրցակցության պատճառով մորթել եմ 2500 դրամանոց վառեկները, քանի որ շուկայում 10 դրամով ձու են վաճառում, եթե ինքնարժեքը 30 դրամ է, ո՞նց է լինում, որ 10 դրամով են վաճառում, եկե՛ք խոսենք դրա մասին»: Տուգանված մյուս ընկերությունների ներկայացուցիչները առանց հարցերի ու բացահայտ դժգոհությունների ընդունեցին իրենց մեղքը: Հարցին՝ արդյոք շուկայում գին «գցելով» հող չի՞ նախապատրաստվել խոշոր ընկերությունների կողմից մանրերին կլանելու համար, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «6 տնտեսվարող սուբյեկտներից ոչ ոք մինչ այսօր չի դիմել հանձնաժողովին՝ համակենտրոնացման հայտով: Երբ կստանանք, կքննարկենք եւ կկայացնենք համապատասխան որոշում»:
Հիշեցնենք, որ ԱՎԾ-ից ստացված պաշտոնական վիճակագրությունը այս տարվա հունվար-մայիս ամիսներին արձանագրել էր ձվի արտադրության ծավալների 30% աճ, իսկ տնտեսվարողների՝ հանձնաժողովին ներկայացրած տվյալներով, արտադրության աճը կրկնակի պակաս է ներկայացված: Հանձնաժողովի նախագահն ասաց, թե իրենք հավատում են պաշտոնական տվյալներին: «Թռչնաբույծների միություն» կազմակերպության նախագահ Սերգեյ Ստեփանյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ ներկայիս պայմաններում մանր եւ միջին ընկերությունները մրցակցությանը չդիմանան ու դուրս գան շուկայից. «Ավելի լավ կլինի մտածենք, որ վաղը այսպիսի գերարտադրության պայմաններում նույնիսկ կարող ենք արտադրանքը թափել: Լավ կլիներ, որ քննարկումը ավելի ծավալուն լիներ, եւ այն խնդիրները, որ առաջացել են արտադրողների մոտ, լուրջ քննարկման դրվեին, հակառակ դեպքում 6 ամիս հետո նորից նույն խնդրի առջեւ ենք կանգնելու, օգոստոսին, մեր կանխատեսմամբ, ավելի լուրջ ճգնաժամ կարող ենք ունենալ, որովհետեւ ձվի սպառման համար ամենադժվար շրջանն է»:
Հ. Գ. Իսկ ալյուրի եւ դրա հետեւանքով նաեւ հացի թանկացման խնդրին հանձնաժողովը դեռ չի շտապում անդրադառնալ:
«10-ի գործով» ամբաստանյալ Արսեն Սողոմոնյանը հայտարարում է, որ Արա Կարապետյանին տեսել է միայն դատարանում
Հայաստանի Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով նախորդ երկու օրվա դատական նիստերում ցուցմունքներ տվեց ամբաստանյալ Արսեն Սողոմոնյանը: Նա, ինչպես նաեւ դատակոչի ցուցակով կանչված ոստիկանության Երեւանի Նոր Նորք համայնքի բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, ցանկություն էին հայտնել ցուցմունքներ տալ բոլոր ամբաստանյալների հարցաքննությունից հետո: Դա դատարանի պարզաբանմամբ, դիտվում է որպես ցուցմունքներ տալուց հրաժարում: Նման դեպքում դատարանում հրապարակվում են ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Ի վերջո, ամբաստանյալը համաձայնեց ցուցմունքներ տալ: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ որեւէ հանցագործությունից տեղյակ չի եղել, ընդամենը թղթով փաթաթած փող է փոխանցել, իսկ իր քավոր Ա. Նիկողոսյանի առաջարկը՝ գտնել մի անձի, որը կկարողանա որպես ԱԱԾ աշխատակից ներկայանալ, չի ընդունել որպես կրիմինալ, հակառակ դեպքում, չէր առաջարկի իր որդու՝ Բագրատ Սողոմոնյանի ընկերոջ՝ Հայկ Մելքոնյանի թեկնածությունը: Դատաքննական ցուցմունքները ընդմիջվեցին վերոհիշյալ Բագրատ Սողոմոնյանի վատ զգալու պատճառով, իսկ այդ ընդմիջումից առաջ եւ հետո տրված ցուցմունքները որոշ հատկանշանական տարբերություններ ունեին: Եթե մինչեւ ընդմիջումը Արսեն Սողոմոնյանը հայտարարել էր, որ նախաքննության ընթացքում տվել է «խոստովանական» ցուցմունքները հոժարակամ, որպեսզի իր որդիներին ազատ արձակեն (բացի Բագրատ Սողոմոնյանից, կալանքի մեջ էր գտնվում նաեւ Ա. Սողոմոնյանի մյուս որդին՝ Արտակ Սողոմոնյանը), ապա ընդմիջումից հետո հայտարարեց, որ ցուցմունքները գրել է քննիչների թելադրանքով:
Դատարանի որոշմամբ, էական հակասությունների պատճառով հրապարակվեցին Ա. Սողոմոնյանի նախաքննական բազմաթիվ ցուցմունքները: Նախաքննության ընթացքում որպես կասկածյալ եւ որպես մեղադրյալ տված ցուցմունքներում Ա. Սողոմոնյանը մանրակրկիտ անդրադարձել էր գործով գրեթե բոլոր դրվագներին: Մասնավորապես, ըստ նախաքննական ցուցմունքների, ամբաստանյալ Ա. Նիկողոսյանը իրեն 15 հազար դոլար էր պարտք եւ չէր վերադարձնում, նա խոստացել է՝ բացի պարտքի գումարից, հավելյալ 100 հազար դոլար տալ, եթե «մի գործ անի»: Ա. Նիկողոսյանը տրամադրել է 5000 դոլար, որպեսզի Բագրատ Սողոմոնյանը կարողանա Իսպանիայից վերադառնալ Հայաստան: Արսեն Սողոմոնյանն է, ըստ ցուցմունքների, Հայկ Մելքոնյանին ծանոթացրել Արմեն Նիկողոսյանի հետ, ով առաջարկել է հարձակում գործել մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա եւ թալանել: Ըստ նախաքննական ցուցմունքների, մայրաքաղաքի ոսկու շուկայի տաղավարներից մեկից ոսկեղենի թալանի դրվագով Ա.Սողոմոնյանը եղել է դրսում հիմնական գործող անձանց «թիկունքն» ապահովողների թվում, իմացել է նաեւ դատախազության աշխատակից Յուրա Ղազարյանի տնից գեղանկարների գողության ծրագրի մասին, իմացել նրա շենքի եւ բնակարանի տեղը: Ա. Սողոմոնյանի նախաքննական ցուցմունքների համաձայն, նա տեղեկացել է նաեւ Արմեն Նիկողոսյանի նախկին ղեկավարի՝ ոստիկանության Երեւանի Նոր Նորք համայնքի բաժնի պետ Աշոտ Կարապետյանի նկատմամբ մահափորձի ծրագրի մասին: Նախաքննական ցուցմունքներում որպես խմբի կազմակերպիչներ նշվում են Արմեն Նիկողոսյանի եւ Արա Կարապետյանի անունները, սակայն հատկանշական է, որ դրանցում նշվում է նաեւ թիֆլիսեցի՝ «վրացի Արոնի» մասին: Ի դեպ, դատարանում ամբաստանյալ Ա. Սողոմոնյանը հայտարարեց, որ Ա. Կարապետյանին տեսել է միայն դատարանում, իսկ վրացի, «կոշիկի Արոնին», ով 60-ն անց ճաղատ անձնավորություն էր, տեսել է «Բանգլադեշի եկեղեցու» մոտ: Հիշեցնենք, որ Արա Կարապետյանի դատաքննական ցուցմունքներում նույնպես հիշատակվում էր Արոնի անունը, որին քննիչները միտումնավոր ներկայացրել են որպես Արա Կարապետյան:
Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո էլ Ա. Սողոմոնյանը պնդեց, որ ցուցմունքները գրել է «ռոբոտի պես», քննիչների թելադրանքով՝ իր որդուն ազատելու համար: Հարկ է նշել, որ նախաքննության ընթացքում, ի թիվս այլոց, Ա. Սողոմոնյանը ցուցմունքներ է տվել նաեւ սեփական որդու՝ Բագրատ Սողոմոնյանի դեմ: Մեղադրող Հովսեփ Սարգսյանի այն հարցին, թե ցուցմունքներում մատնանշում եք այնպիսի հանգամանքներ, որոնց մասին քննիչները չէին կարող իմանալ, Ա. Սողոմոնյանը հայտարարեց, որ քննիչները գիտեին կատարված բոլոր գործողությունների մասին, չգիտեին՝ ո՞ւմ վրա դրանք բարդեն:
Կանանց իրավունքների կենտրոն դիմած քաղաքացի Կ-ն հայտնել էր, որ, ամուսնանալով 2003թ-ին, ունեցել է մեկ երեխա: Ամուսնու հետ համատեղ կյանքն անհնարին է դարձել, քանի որ ամուսինը նրան ենթարկում է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, անհիմն խանդի տեսարաններ է ստեղծում, արգելում է տնից դուրս գալ, իսկ անհրաժեշտության դեպքում եթե դուրս է գալիս, ապա հետեւում է ծեծը ընտանիքի մյուս անդամների ներկայությամբ:
Կինը 27 տարեկան է, ընտանիքի մայր, սակայն ամեն անգամ քնում է վախի զգացումով, քանի որ մտավախություն կա, թե ամեն հարվածից կարող է կենդանի չմնալ կամ ունենալ առողջական լուրջ խնդիրներ: Անհարմար է զգում տնից դուրս գալ, քանի որ չի լինում մի օր, որ իրենց տնից աղմուկի, հայհոյանքի եւ ծեծի ձայներ չլսվեն: Ամուսնու կողմից ենթարկված ֆիզիկական բռնության արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ, բազմիցս թողել եւ հեռացել է նրանից, բայց ամեն ագամ ամուսինը եկել է նրա հետեւից, խոստացել է, որ այլեւս նման դեպք չի կրկնվելու, սակայն, ավաղ, նույնը շարունակվել է նորից:
2006թ. դեկտեմբերին ամուսնու կողմից կրկին ենթարկվելով ֆիզիկական բռնության՝ դիմել է ոստիկանություն, սակայն, ընտանիքը պահպանելու համար եւ հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում ամուսնու կողմից դրսեւորված վարքագիծը կարող է փոխվել, դիմումին ընթացք չի տրվել: Սակայն ապարդյուն. նրա կողմից կատարվող գործողությունները ժամանակի ընթացքում ավելի խորացված բնույթ են կրել: Ամուսնու կողմից նկատվում է խանդի հիվանդագին դրսեւորում, առանց առիթի, սոսկ կասկածների եւ անհիմն ենթադրությունների հիման վրա նա պատճառում է Կ-ին ֆիզիկական վնասվածքներ, ինչն էլ մշտական ընտանեկան կոնֆլիկտների եւ գժտությունների պատճառ է դառնում:
2010թ. հունիսից հերթական վիճաբանությունների եւ ֆիզիկական բռնությունների արդյունքում, քանի որ վտանգը գնալով ավելի էր մեծանում, կինը որոշեց տնից հեռանալ, սակայն ամուսինը եւ նրա ընտանիքի անդամները թույլ չտվեցին, որպեսզի երեխան իր հետ տնից դուրս գա, հույս ունենալով, որ հնարավոր է հանուն երեխայի կինը կրկին վերադառնա: Երեկվա դրությամբ նա ժամանակավոր բնակություն էր հաստատել իր հայրական տանը: Հարկ ենք համարում նշել այն հանգամանքը, որ 2010թ. հունիսին ամուսնու կողմից կնոջը ֆիզիկական բռնության հետեւանքով պատճառվել էր տարբեր մարմնական վնասվածքներ, ուստի այս պահին ոստիկանության բաժնում Կ-ի կողմից տրված հայտարարության համաձայն կատարվում է հետաքննություն, նշանակվել է փորձաքննություն:
Մոտ 20 օր է, ինչ երեխան գտնվում է ամուսնու խնամքի տակ, եւ նա արգելում է Կ-ին օգտվել իր օրենքով սահմանված իրավունքներից՝ մինչդեռ առկա չէ այդ իրավունքների նկատմամբ սահմնափակումներ կիրառելու որեւէ հիմք:
Նշենք, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ ծնողական իրավունքները իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառել երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը:
Նույն հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ ծնողների՝ միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջեւ վեճը լուծում է դատարանը՝ ելնելով երեխաների շահերից եւ հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը:
Հարկ ենք համարում նշել, որ ընտանեկան անախորժություններն իրենց բացասական ազդեցությունն են թողնում երեխայի ինչպես դաստիարակության, այնպես էլ կրթության հարցերում: Միաժամանակ այս դեպքում ամուսնու հոգեկան անհավասարակշիռ դրսեւորումները բացասաբար են անդրադառնում ընտանիքի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա՝ խաթարելով երեխայի սեռադերային դաստիարակությունը:
Տարիներ առաջ Գյումրիում կատարված աննախադեպ նվիրատվությանը մեր թերթն արդեն անդրադարձել է (01.06.2010թ., «Որտե՞ղ փնտրել արդարությունը»): Երկու տողով հիշեցնեմ գործը. նախկին մարզպետ Ֆ. Փիրումյանը 2002թ. ապրիլի 23-ին Գյումրու Խրիմյան Հայրիկ 59 հասցեի շենքը (բնակիչներով) նվիրաբերել էր իր սանիկ, «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանին: Շուրջ 8,5 տարի է արդարացի լուծման փորձ չի արվում, չնայած բնակիչների ներդրած մեծ ջանքերին: Տեղի են ունեցել տարբեր ատյանների դատարանների բազմաթիվ նիստեր, կայացվել անընդունելի վճիռներ: Ինչպես արդեն մեր ընթերցողներին տեղեկացրել ենք, գյումրեցիներն այսօր էլ դատական ատյանների դռներին են. նվիրատվության պայմանագիրը՝ 420 քմ. տարածքը (350 քմ. բնակելի շենքի մասով, 70-ը՝ շենքի նկուղային մասն է) անվավեր ճանաչելու պահանջով դիմել են ՀՀ վճռաբեկ դատարան: Չնայած գործը դատարան է ներկայացվել հունիսի 15-ին ու վաղուց լրացել է սահմանված ժամկետը, այդուհանդերձ, գյումրեցիները մինչ օրս այն վարույթ ընդունելու մասին ծանուցագիր չեն ստացել: Փոխարենը հայցվորների տուն է այցելել նույն ինքը՝ դատավոր Մամիկոն Դրմեյանը, պատասխանող Ռ.Խաչատրյանի կրտսեր որդու հետ, ներկայացել իբր գործը քննող դատավարության նախագահող դատավոր ու մոտ կես ժամ փորձել է համոզել բողոքողներին՝ հաշտվել փոխհատուցման պայմանին, քանի որ նրանց բնակարանները խոնավ են, ապրելու համար անպիտան (ինչպիսի հոգատարություն բնակիչների հանդեպ): Բնակիչները խիստ զարմացել են, որ դատավորը կարող է իրեն վտանգել ու թույլ տալ պատասխանողի բանագնացը դառնալ եւ այս «տրյուկին» պատասխանել են, որ իրենց բնակարաններից դուրս չեն գա ու կշարունակեն պայքարը:
Ի լրումն «Առավոտ» օրաթերթում հունիսի 28-ին հրապարակված Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների «Սեւ ցուցակի», ինֆորմացիայի ազատության կենտրոնը երեկ հայտնեց, որ Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը վերոնշյալ ցուցակում հայտնվել է թյուրիմացաբար: Առավել եւս, ԻԱԿ-ի հարցմանն ուղղված՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի պատասխանը տրամադրվել է 3-օրյա ժամկետում, պատշաճ եւ ամբողջական:
ՋՐԱՀԵՂՁԸ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գետում ջրահեղձ է եղել Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչ, 19-ամյա Էդգար Պողոսյանը:
ՕՁԻ ԽԱՅԹՈՑԻՑ
Անհայտ տեսակի օձի խայթոցով թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի բնակիչ, 54-ամյա Բորիս Հարությունյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է բավարար:
ՄԵԿ ԶՈՀ, ԵՐԿՈՒ ՎԻՐԱՎՈՐ
Հուլիսի 27-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում 1987 թ. ծնված Էդվարդ Յ.-ի վարած «ԳԱԶԵԼ-2705» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է: Պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւոր, 1988 թ. ծնված Արման Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղեւորը՝ 1955թ. ծնված Վոլոդյա Միսկարյանը, տեղում մահացել է:
Իրենց քաղաքի մասին այսպես են արտահայտվում Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչները
Սա Մասիսի հրապարակն է, որը վերածվել է ավտոկայարանի:
Այստեղ են կայանում մայրաքաղաք եւ հարեւան գյուղեր մեկնող գազելները, ավտոբուսները, տաքսիները: Իսկ «ավտոկայարանի» միակ «կառույցը» երկաթյա փոքրիկ տաղավարն է, որի վրա գրված է «диспечерская»: Տրանսպորտին սպասող ուղեւորները, ստիպված, արեւից թաքնվում են մոտակա որեւէ ծառի ստվերում: Գյուղեր մեկնող գազելները աշխատում են մինչեւ ժամը 18:00, չնայած իրենց գյուղմթերքը Երեւան տարած գյուղացիները երեկոյան ժամը 9-10-ից հետո են միայն վերադառնում մայրաքաղաքի շուկաներից: Տաքսիստների աչքը լույս:
Սա Մասիսի միակ պուրակն է՝ քաղաքապետարանի
շենքի առջեւ: Ըստ մասիսցիների, այն սեփականաշնորհել է Մասիսի նախկին քաղաքապետ
Սաշա Հակոբյանը: Թեեւ, ըստ օրենքի, այդ տարածքը օտարման ենթակա չէ: Իսկ թե վերջին անգամ ե՞րբ է գործել պուրակի շատրվանը, մասիսցիները չեն հիշում:
Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված այս
գեղեցիկ հուշարձանի տարածքը ոչ միայն չի խնամվում, այլեւ
դարձել է շրջակայքի աղբը թաքցնելու «հարմար» տեղ:
Սալահատակը կիսաքանդ է, պատվանդանի սալաքարերը՝
գողացված: Իսկ հուշարձանի վրա փակցված է երեք սենյականոց բնակարանի վաճառքի մասին հայտարարություն: Հուշարձանը
նույնպես գտնվում է քաղաքապետարանի «քթի» տակ:
Մասիսի ցամաքած լիճը: Հին ու բարի ժամանակներում այն գեղեցիկ հանգստավայր է եղել, այսօր լճում կարելի է հանդիպել տարբեր բուսատեսակներ, եւ, առհասարակ, շատ
բան՝ բացի ջրից: Լիճը սեփականաշնորհված է, սակայն բարեկարգելու համար ոչ մի ներդրում չի կատարվել:
Այս շենքը նախկինում առեւտրի կենտրոն էր, սակայն արդեն
երկար տարիներ կիսավեր վիճակում է եւ ոմանց համար դարձել է հասարակական զուգարան: Ըստ մասիսցիների՝ շենքը սեփականաշնորհվել է, հետո ձեռքից-ձեռք անցել, այժմ
պատկանում է մի ամերիկահայ գործարար-քահանայի, որն էլ
կառույցը իրենով արել, դռները փակել եւ մեկնել է ԱՄՆ:
Թեեւ Մասիս բնակավայրը բավականին մոտ է մայրաքաղաքին եւ քաղաքի կարգավիճակ ունի, սակայն շատ քիչ բանով է քաղաքի տպավորություն թողնում, հիմնականում՝ շնորհիվ մի քանի բազմաբնակարան շենքերի: Մասիսն ունի բազում խնդիրներ, որոնք երկար տարիներ մնում են անլուծելի: Համայնքում չկան մշակույթի տուն, մարզահամալիր, զբոսայգի, ժամանցի վայրեր: Համայնքի բնակիչները չեն հիշում, թե իրենց քաղաքում վերջին անգամ երբ է համերգ կամ ներկայացում եղել: Համերգներն էլ, որոնք սովորաբար լինում են ընտրությունից ընտրություն՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, կայանում են բացօթյա՝ հրապարակ կոչվող հատվածում, որը եւ հրապարակ է եւ ավտոկայարան եւ քաղաքի «գյուղամեջ»: Ինչպիսի՞ն է քաղաքի մշակութային կյանքը՝ մեր հարցին ի պատասխան մասիսցիներից մեկն ասաց. «Ի՞.. Մշակութային կյա՞նք, ինչի՞մասին է խոսքը: Էս քաղաքում մշակույթ չկա, չկա որեւէ ժամանցի վայր: Նույնիսկ, եթե անգամ համերգ գա ու տոմսեր վաճառեն, մարդիկ չեն գնա, հացի փող չունեն՝ գնալու են համե՞րգ: Համատարած գործազրկություն է, ամբողջ օրը պատերի տակ նստած բլոտ ու նարդի ենք խաղում, մեկ-մեկ էլ բամբասում քաղաքական թեմաներով ու պաշտոնավորներից: Մեր ապրուստն ի՞նչ է, մի կտոր չոր հաց, էն էլ երկնքից կախված... Վիճակը գնալով վատանում է: Կան ծայրահեղություններ, կան արտոնյալներ եւ իրավազուրկներ: Ուզում ենք մեր երեխաներին ամեն գնով դուրս հանել այս ճահճից: Եթե մնա ու չի աշխատելու, ստիպված հանցագործ կդառնա, գողություն կանի: Թող գնա այնտեղ, որտեղ կարող է աշխատել ու վաստակել: Էս դարը էն կանանց դարն է, ովքեր կանգնում են Երեւանյան լճի կամուրջների տակ: Մնացածներիս մնում է գնանք այդ կամուրջից ներքեւ ընկնենք»:
Հարցված մասիսցիները՝ իրենց բազմաթիվ բողոքները ներկայացնելով հանդերձ, խնդրում էին չհրապարակել իրենց անունները. «Մեր խոսալով ոչ մի բան չի փոխվի, մենք ու մեր քաղաքը ոչ մեկին չենք հետաքրքրում, ինչո՞ւ անտեղի թշնամի ձեռք բերեմ, վաղը կգան դուռս կծեծեն, կասեն՝ ինչի՞ ես ավել-պակաս խոսել: Մի երկու անգամ նման վիճակում եղել եմ, տեսել եմ, որ անտեղի իմ խոսելն է մնում, թշնամի եմ ձեռք բերում, իսկ սայլը տեղից չի շարժվում: Էլ ինչո՞ւ խոսեմ»,- ասաց քաղաքի կենտրոնական մասի բնակելի շենքերից մեկի բակում հարեւանների հետ բլոտ խաղացող մի տարեց տղամարդ:
Մասիսում վաղուց սեփականաշնորհվել են քաղաքի՝ խորհրդային տարիներից մնացած կարեւոր կառույցները՝ կինոթատրոնի շենքը, առեւտրի կենտրոնի շենքը, դատարկ լիճը, այգին, որտեղ եղել են կարուսելներ եւ խաղահրապարակ, սակայն այսօր տեղում ջերմոցներ են կառուցվել:
Մասիսում քայլելիս տպավորություն է ստեղծվում, թե այստեղ զարգացած է փոքր ու միջին բիզնեսը. շատ են խանութները, տաղավարները, փոքր սրճարանները: Սակայն, ըստ հարցվածների, այս տպավորությունը սխալ է: «Բազմաթիվ պրոբլեմներ կան, չկա աշխատանք: Չկա փոքր բիզնես ստեղծելու հնարավորություն: Խեղդում են անկախ ձեռներեցներին, տեր ունենաս՝ մի բանի կհասնես, թե չէ՝ կկորչես: Սրանց բոլորի տերերի մեջքին մարդ կա, ես մեջք չունեմ, դրա համար էլ իմ փոքր խանութը փակվեց, այսօր անգործ ման եմ գալիս»,- իր կարծիքը հայտնեց մեկ այլ մասիսցի: Հարցված մասիսցիներից շատերը համոզված են, թե Հայաստանի ամենաչքավոր տարածաշրջանը հենց իրենց տարածաշրջանն է: Օրինակ քաղաքային տրանսպորտ Մասիսում առհասարակ չկա: Մարդիկ քաղաքի մի ծայրից մյուսը կամ ոտքով են գնում, կամ տաքսիով:
«Առավոտի» հարցին, թե վերջին տարիներին իրենց քաղաքում զարգացման ի՞նչ միտումներ կան, հարցվողներից մեկը պատասխանեց. «Ոչ մի փոփոխություն՝ ոչ դրական, ոչ բացասական, քանի որ ոչ մի տարբերություն չկա նախկին ու ներկա քաղաքապետերի միջեւ: Ֆուտբոլի թիմի նման մեկը մյուսին է պաս տալիս: Մասիսում իշխանափոխություն չի եղել: Գյուղեր կան ավելի բարեկարգ են, քան Մասիսը, որ քաղաք կոչվելու պատիվն ունի»: Իսկ մեկ այլ մասիսցի, խոսելով նախկին եւ ներկայիս քաղաքապետերի մասին, ասաց, որ ներկայիս քաղաքապետի ձեռքին ոչինչ չկա, եւ նա ոչինչ անել չի կարող, քանի որ նախկինն ամեն ինչ ծախել է, ինչ հնարավոր էր՝ կերել-գնացել է:
Մասիսցիների հիմնական աշխատատեղը «Ինթերնեյշընլ Մասիս Տաբակ» ընկերությունն է, որի մասին բնակիչների կարծիքները հակասական էին: Ըստ ընկերությունում աշխատող բանվոր ներկայացած մի կնոջ. «Մի «Մասիս Տաբակո» է աշխատում, այն էլ նեգրերի նման 16 ժամ աշխատում ենք չնչին աշխատավարձով, քանի որ ուրիշ ճար չունենք»:
Իսկ մեկ այլ մասիսցի ասաց. «Ովքեր կարողացել են աշխատանքի տեղավորվել «Մասիս Տաբակոյում»՝ բախտները բերել է: Համ կարգին աշխատավարձ են տալիս, համ էլ աշխատողներին լավ են նայում: Բայց ընկերությունում տեղերը սահմանափակ են, հո, չեն կարող բոլորին գործի ընդունել»:
«Առավոտը» Մասիսի խնդիրների մասին զրուցեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի Մասիսի գրասենյակի ղեկավար Լյովա Նազարյանի հետ: Վերջինս, սակայն, հակված էր ավելի շատ խոսելու երկրի արտաքին քաղաքական խնդիրներից, քան՝ ներքաղաքային-սոցիալական: Լյովա Նազարյանը Մասիսին առնչվող խնդիրների հարցում լավատես է: Նա դժգոհ էր միայն քաղաքի կեղտից ու փոշուց, որոնք մարդկանց զրկում են մաքուր օդ շնչելու հնարավորությունից: Իսկ մյուս խնդիրների մասին ասաց, որ ներկայիս քաղաքապետը, որն ընդամենը 2 տարի է ղեկավարում քաղաքը, չի կարող միանգամից բոլոր խնդիրները լուծել, քանի որ դրանք շատ-շատ են, իսկ լուծման համար ժամանակ ու միջոցներ են պետք:
Պակիստանի մայրաքաղաքից դեպի հյուսիս գտնվող շրջանի սարերում վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: Կարաչի-Իսլամաբադ չվերթն իրականացնող եւ «Airblue» ընկերությանը պատկանող «A-321» ինքնաթիռում 152 մարդ է եղել: Երկրի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիկի ասելով՝ «ոչ ոք կենդանի չի մնացել, բոլորը զոհվել են»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարի վայրում հայտնաբերվել է մի քանի կենդանի մնացած մարդ, բայց հետո ուշ այդ տեղեկությունները հերքվել էին: «Airblue» ընկերության ներկայացուցիչ Ռախիլ Ահմետի խոսքով, վթարի պատճառը, ըստ ամենայնի, եղել են վատ եղանակային պայմանները, թեեւ կատարվածի առնչությամբ դեռ հետաքննություն պետք է իրականացվի:
Վթարի վայրում աշխատանքները զգալիորեն դժվար են ընթանում, որովհետեւ դեպի այդ վայրը տանող ճանապարհներն անանցանելի են, բացի այդ՝ ինքնաթիռի վթարի արդյունքում անտառներում հրդեհ է բռնկվել:
Մեքսիկայի հյուսիսում, Դուրանգո քաղաքից ոչ հեռու հայտնաբերվել է 20-30 տարեկան երիտասարդ մարդկանց ութ գլուխ: BBC-ի մատուցմամբ, քաղաքի դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, թե ոստիկանությանը հաջողվել է դրանք հայտնաբերել տեղի բնակիչներից մեկի անանուն զանգից հետո: Սպանված մարդկանցից վեցի գլուխները հանցագործները նետած են եղել Դուրանգո քաղաքից ոչ հեռու՝ ճանապարհին: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները տեղանքում իրականացրած որոնումներից հետո դեպի Գոմես Պալասիո քաղաք տանող ճանապարհահատվածում հայտնաբերել են եւս երկու գլուխ: Սպանվածների մարմինները, սակայն, չեն գտնվել: Հիշեցնենք, որ վերջերս Դուրանգո քաղաքում արյունալի բախումներ էին տեղի ունեցել Գոլֆո եւ Սինալոա նարկոխմբավորումների միջեւ: Տեղի դատախազության հետաքննչական մարմիններում կասկածներ կան, թե այդ սպանությունների հետ առնչություններ ունեն Գոմես Պալասիոյի բանտապանները, որոնք կալանավորներին թույլ են տվել կատարել տեղացի նարկոբարոնների պատվիրած այդ կեղտոտ գործը: Դատախազների ասելով, բանտապաններն իրենք են մարդասպաններին զենք եւ մեքենաներ տրամադրել, որպեսզի նրանք գործն անելուց հետո վերադառնան իրենց խցերը:
Աղբյուրի փոխանցմամբ, հետաքննիչները ստուգում են կալանավորների առնչությունները Տորրեոն քաղաքում տեղի ունեցած սպանություններին, որոնց արդյունքում 35 մարդ էր սպանվել:
Պաշտոնական տվյալներով, վերջին չորս տարիների ընթացքում թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորումների միջեւ պատերազմների արդյունքում 25 հազար մարդ է սպանվել: 2006թ.-ին Մեքսիկայի նախագահ Ֆիլիպե Կալդերոնը թմրավաճառների դեմ պայքարելու համար գործի էր դրել երկրի բանակը:
ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ «ԲՈՒԺՎՈՒՄ» ԵՆ ՄԵԴԻՏԱՑԻԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Չինաստանի հարավում գործող կուսակցական դպրոցում, որտեղ սովորում են երկրի պետծառայողները, հատուկ դասընթացներ են կազմակերպվում, որոնք օգնելու են սովորողներին պայքարել կաշառք վերցնելու գայթակղության դեմ: BBC-ի մատուցմամբ, այդ դասընթացների ընթացքում, որոնք արդեն անվանվում են «հակակոռուպցիոն թայ-չի», պետծառայողները մեդիտացիայի բաղադրիչները հարկադրված են համատեղել արեւելյան մենամարտի եւ ուժային վարժությունների հետ: Չինովնիկներին կոչ է արվում օրը սկսել իրենք իրենց սուր հարցադրումներ անելուց, օրինակ՝ կկարողանայի՞ ես հրաժարվել 10 հազար դոլար կաշառքից:
Հիշեցնենք, որ Չինաստանում կոռուպցիան եւ կաշառակերությունը, որոնք մեծ տարածում ունեն, համարվում են երկրի թիվ մեկ սպառնալիքը: Երկրի իշխանությունները վերջերս պետպաշտոնյաներից պահանջել են հայտարարագրել ոչ միայն իրենց, այլեւ հարազատների եկամուտներն ու ունեցվածքը: Այս տարի երկրի վարչապետ Վեն Ցզյաբոն խոստացել էր խոշորամասշտաբ արշավ սկսել կոռուպցիայի դեմ, որը, նրա ասելով՝ «ուղղակիորեն ազդում է մեր իշխանության դիրքերի ամրության վրա»: Գրեթե ամեն շաբաթ Չինաստանում տարբեր մակարդակի պետպաշտոնյաների եւ գործարարների կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվում: Այդ մեղադրանքով այս տարվա մայիսին Չինաստանի ամենահարուստ գործարար Խուան Գուանյույը կաշառակերության եւ բանկային անօրինական գործարքներ կատարելու համար դատապարտվեց 14 տարվա բանտարկության:
Հունական ռազմական ինքնաթիռները 3 անգամ կանխարգելիչ գործողություններ են իրականացրել թուրքական կործանիչների դեմ: Ինչպես փոխանցում է news.am-ը՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության համաձայն՝ Էգեյան ծովի վրա ուսումնավարժական թռիչքներ իրականացնող թուրքական 16 կործանիչների դեմ 3 անգամ կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հունական ռազմական ինքնաթիռները: Սկզբում հունական Լիմնի ռազմաբազայից են օդ բարձրացել «F-16»-երը, այնուհետեւ՝ արդեն Սաքըզ կղզու հարավում թուրքական կործանիչների դեմ կանխարգելիչ գործողություններին միացել են նաեւ Հռոդոսի եւ Թանգրայի ռազմական հենակետերից օդ բարձրացած հունական «M-2000» ռազմական ինքնաթիռները:
Չորեքշաբթի օրը Պարսից եւ Օմանի ծոցերն իրար կապող Որմզդի (Օրմուզի) նեղուցի մոտակայքում պայթել է ճապոնական M.Star լցանավըЖ ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել «արտաքին բնույթի» պայթյուն, որի հետեւանքով վիրավորվել է անձնակազմի մեկ աշխատակից: 120 հազար տոննա ջրատարողությամբ լցանավի վրա գտնվել է 31 մարդ, որոնցից 15-ը՝ Հնդկաստանի եւ 16-ը Ֆիլիպինների քաղաքացիներ են եղելЖ
Նավի սեփականատերը չի բացառում, որ լցանավը ենթարկվել է ծովահենների հարձակմանը: Առայժմ նավից նավթի արտահոսք չի գրանցվելЖ Այդ մասին տեղեկացնում է «Reuters»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, լցանավը ուղղություն է վերցրել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ պայթյունի արդյունքում կրած վնասի չափը որոշակիացնելու համար: Ճապոնական լցանավում եղած մոտ 2,3 մլն խմ նավթը պետք է հասցներ ճապոնական Cosmo Oil նավթավերամշակող ընկերությանը:
Կատալոնիան դարձավ իսպանական առաջին տարածաշրջանը, որը լիովին արգելեց ցլամարտը: Երկրի հյուսիս-արեւելքում գտնվող ինքնավար միավորման խորհրդարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ ցլերի ավանդական մարտերը ճանաչվել են անօրինական: Արգելքի պաշտոնական հիմնավորումը կենդանիների հետ դաժան վերաբերմունքն է, թեեւ դիտորդները մատնանշում են որոշման նաեւ այլ շարժառիթ. այն է՝ շատ կատալոնացիներ ուզում են հերթական անգամ ընդգծել իրենց ազգային ինքնությունը՝ հրաժարվելով իսպանական ամենահայտնի ավանդույթներից մեկից: Այդ մասին տեղեկացնում է BBC-ին:
Ցլամարտի անցկացման կողմնակիցները պնդում են, որ ցլամարտն ազգային մշակույթի կարեւորագույն բաղադրիչներից մեկն է, որը պետք է պահպանել:
Որոշման քվեարկությունը խորհրդարանում ընթացել է փակ ռեժիմով, քանի որ կատալոնական խորհրդարանի երկու հիմնական խմբակցություններ գնացել են անսովոր քայլի եւ պաշտոնապես թույլատրել են իրենց խմբակցությունների պատգամավորներին քվեարկել՝ հիմնվելով բացառապես սեփական մոտեցումների վրա: Արդյունքում որոշումն ընդունվել է 68 «կողմ» եւ 55 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: «Կան ավանդույթներ, որոնք չեն կարող պահպանվել անփոփոխ ձեւով, քանի որ հասարակությունն ինքն է փոխվում: Մենք չենք կարող արգելել ամեն ինչ, բայց դրանցից ամենաբարբարոսականները պետք է արգելվեն»,- Կատալոնիայի խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ հայտարարել է Կատալոնիայի ազգային կուսակցության պատգամավորը:
ԱՄՆ-ՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՌՈՒՍ ԼՐՏԵՍՆԵՐԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՂԸ ՄԵԹՍՈ՞ՍՆ Է
Կանադայի քաղաքացի Ռոբերտ Քրիստոֆեր Մեթսոսը (նկարում), որը մեկն է այն 11 անձանցից, ովքեր ԱՄՆ-ում մեղադրվեցին Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, հնարավոր է, որ այդ սկանդալային գործում ամենաառանցքային դերակատարն է: Հատկապես նա է, որ իդեալական հնարավորություն ուներ «հանձնելու» իր բոլոր գործընկերներին, իսկ նրա հաջողված փախուստը Կիպրոս, հնարավոր է, որ իրականում ոչ թե ամերիկացիների բացթողումն է, այլ ընդամենը՝ «ծխածածկույթ»: Այդ մասին չորեքշաբթի օրը գրել է «Новая газета»-ն: Պարբերականի առաջադրած վարկածով, հենց Մեթսոսի միջոցով է, որ երկար տարիներ Ռուսաստանը ապատեղեկատվություն է ստացել: Մոսկվան նրան կասկածել է երկակի խաղի մեջ, եւ հենց դա էլ ստիպել է ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյին կալանավորել ռուս գործակալներին: Պարբերականը ենթադրում է, որ, թերեւս, հենց նրան է նկատի ունեցել ՌԴ վարչապետ Պուտինը, որը, խոսելով ԱՄՆ-ում հետախուզական ցանցի տապալման մասին, մատնանշել է ռուսական լրտեսների ներսում եղած դավաճանների մասին՝ խոստանալով, որ նրանք դաժանորեն կպատժվեն:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Կանադան ԱՄՆ-ի խնդրանքով անվավեր էր ճանաչել Մեթսոսի՝ կանադական քաղաքացիության անձնագիրը:
Արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատճառը պետք է փնտրել պետության ներսում
Տարբեր առիթներով ես ասել եմ, որ Հայաստանում գործող իշխանությունները իրենց գործունեության արդյունքում ստեղծել են եւ շարունակում են ստեղծել իրավիճակներ, որոնք հետագայում պետության ու ժողովրդի համար ունենալու են աղետալի հետեւանքներ, որոնք անպայմանորեն մեզ կանգնեցնելու են կորուստների առաջ եւ, որ ավելի վատ է՝ դրանց անխուսափելի լինելու գաղափարին համակերպվելու հետ:
Ես հիմնական շեշտը նորից դնելու եմ ղարաբաղյան խնդրի վրա, բայց դա բնավ չի նշանակում, թե իմ ասածը վերաբերվում է միայն արտաքին քաղաքականությանը: Որովհետեւ արտաքին քաղաքականությունը ոչ թե ինչ-որ խնդիրների շուրջը արտաքին աշխարհի հետ հարաբերվելը կամ մեր խնդիրներն աշխարհին գեղեցիկ ձեւով ներկայացնելն է, ինչպես կարող է թվալ շատերին, այլ մեր առաջ ծառացող խնդիրների՝ մեզ հարմար լուծումները արտաքին աշխարհի համար ընդունելի, ցանկալի, անհրաժեշտ դարձնելն ու այդպիսին ներկայացնել կարողանալն է:
Իսկ դա հենց այնպես չի լինում: Դա լինում է միայն այն դեպքերում, երբ պետությունը եւ իշխանությունը կյանքի բոլոր ոլորտներում իրականացնում են հզոր ժողովուրդ ունենալու քաղաքականություն, երբ իշխանություններն իրենց թիկունքում զգում են ժողովրդի շունչը եւ վստահությունը, իսկ յուրաքանչյուր քաղաքացի համարում է, որ իշխանություններն աշխատում են իր համար:
Այդպիսի դեպքերում պետության կողմից միջազգային ատյաններում բարձրացվող հարցերը լուծվում են պետության ներսում, իսկ արտաքին աշխարհը ընդունում է իրեն մատուցված լուծումը որպես անհրաժեշտություն, որպես օբյեկտիվ իրողություն:
Մեր դեպքում, սակայն, մոտեցումը այլ է եղել: Իշխանությունները երկրին վերաբերվել են որպես կոոպերատիվի, որով փող են աշխատում: Եվ ժողովուրդը դա հասկացել է: Դա հասկացել են նաեւ արտաքին աշխարհում: Իսկ փող աշխատող մարդկանց հետ հարաբերությունները կառուցվում են հենց փողի բազայի վրա, նյութական շահի բազայի վրա: Այդպիսի մարդկանց հետ նաեւ հոգեւոր ու բարոյական ոլորտի հարցերը կարող են տեղափոխվել ու ներկայացվել փողային հարթություն, գնահատվել ու արժեւորվել փողի միջոցով:
Դրա լավագույն օրինակը Հայ-թուրքական արձանագրություններն են, այն տեսքով, ինչ տեսքով ստորագրվել են: Այդ արձանագրություններով հայկական կողմը ստանում է տնտեսական դաշտի զարգացման (խիստ կասկածելի) ինչ-որ հեռանկարներ, այսինքն՝ փող, փոխարենը՝ հրաժարվում է այն արժեքներից, որոնցով վերջին հարյուր տարում աշխարհասփյուռ հայությունը կարողացել է պահպանել իր դեմքը, պահպանվել է որպես միավոր, ճանաչելի է դարձել աշխարհին ու ներկայացել է որպես պահանջատեր:
Իհարկե, արձանագրություններում այդ ամենը այս բառերով չեն գրված: Սակայն մի քիչ գրագետ յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ այնտեղ գրված է հենց այդ: Հայ-թուրքական արձանագրությունները օդից չեն հայտնվել, պատահականորեն չեն ստեղծվել: Դրանք վերջին տասնամյակի մեր երկրի կյանքի, իշխանությունների կողմից մեզ պարտադրված քաղաքականության տրամաբանական արդյունքն են: Դրանք արտացոլումն են այն «արժեհամակարգի», որը դավանում, որով սեփական ժողովրդին ու աշխարհին ներկայանում են Հայաստանի իշխանությունները: Իսկ այդ «արժեհամակարգը» բնորոշվում է «չծախվող բան չկա» արտահայտությամբ, որը իշխանական խավերից կամաց-կամաց իջնելով ու տարածվելով՝ սկսել է ամրապնդվել նաեւ հասարակության տարբեր շերտերում:
Վերադառնանք, սակայն ղարաբաղյան հարցին:
2000-ից 2005թթ իմ բազմաթիվ ելույթներում ու հարցազրույցներում ես բազմիցս անդրադարձել եմ այն վտանգավոր մարտահրավերներին, որոնք առաջացան ղարաբաղյան խնդրում Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի, մանդատը սեփականացնելու եւ Հայաստանը հակամարտության կողմ դարձնելու անհեռատես ավանտյուրայի արդյունքում: Զարմանալին այն է, որ այդ բոլորը շատ լավ հասկանում էին նաեւ այն ժամանակվա իշխանությունները, սակայն ոչ միայն կանգ չառան, ոչ միայն հետ չդարձան, այլ շարունակեցին ավելի առաջ գնալ եւ իրենց բռնած գիծը հիմնավորել տարբեր տրամաչափի գործիչների մտքի «հանճարեղ» փայլատակումներով:
Դրանցից ես կրկին առանձնացնելու եմ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի թեթեւ լեզվով ազատագրված տարածքների միասնական անվանափոխումը «գրավյալ տարածքներ» անունով: Այն ժամանակ իշխանական վերնախավի սուբյեկտներից որեւէ մեկը չուզեց հասկանալ, որ դրանով ոչ թե անուն փոխվեց, այլ կարգավիճակ: Որեւէ մեկը չուզեց հասկանալ, որ դա կորուստների տանող ճանապարհ է:
Արդյունքը այսօր է երեւում: Այսօր միջազգային հանրության գիտակցության մեջ ազատագրված տարածքները դիտվում են որպես գրավյալ տարածքներ: Իսկ դա նշանակում է, որ այդ տարածքների ապագան արդեն ուրվագծված ու որոշված է, անկախ նրանից, թե մեզ ինչ են ասում Հայաստանի Հանրապետության իշխանությունները:
Երկրորդ «միամիտ» արտահայտությունը, որը ես կուզենայի հիշել, այն ժամանակվա պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի «Աղդամը իմ հայրենիքը չէ» արտահայտությունն է: Թվում է, թե բան էր, ասվեց ու անցավ: Սակայն բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ դա այդպես չէ: Դրա համար էլ, այսօր լինելով գործող նախագահ, Սերժ Սարգսյանը չի կարող ասել, որ Աղդամը ազատագրված տարածք է: Դրա համար էլ մեր դիվանագիտությունը ոչ թե հայտարարում է, որ տարածքները ազատագրվել են, այլ ընդամենը խեղճուկրակ ձեւով փորձում է հիմնավորել այդ տարածքները, մինչեւ կարգավիճակի խնդրի լուծումը, որպես անվտանգության գոտի պահպանելու անհրաժեշտությունը:
Բնական է, որ վիճակը նման ձեւով պահպանելը օր-օրի առավել դժվարանալու էր: Որովհետեւ օբյեկտիվ դժվարություններին գումարվելու էին նաեւ սուբյեկտիվ ընկալումներից բխող խեղաթյուրումներն ու այլանդակությունները: Ես նկատի ունեմ իշխանությունը զբաղեցնող մարդկանց աշխարհընկալումն ու դավանած «արժեհամակարգը»:
Հայոց իշխանական էլիտայի համար «արժեհամակարգի» բարձրագույն նիշերը զբաղեցնում են փողը եւ իշխանությունը: Իսկ հասարակության համար այդ համակարգը խորթ է: Դրա հետեւանքը պիտի լիներ պետությունից հասարակության խորթացումը: Ինչո՞ւ եմ ասում պետությունից. որովհետեւ վերջին տասնամյակի բոլոր մեծ ու փոքր ընտրությունների արդյունքում հասարակության համար պետությունը նույնացել է գործող իշխանությունների հետ:
Ոմանք գուցե մտածեն, թե իմ գնահատականները խիստ են: Սակայն երկրի կյանքի ցանկացած ոլորտում մի թռուցիկ հայացքը բավարար է հասկանալու համար, որ մեր պետությունը դադարել է ժողովրդին սպասարկող լինելուց: Այն դարձել է ժողովրդին ծառայեցնող պետություն, որի համար ժողովուրդը ընդամենը աշխատող ուժ է, նյութական արժեքների ստեղծման միջոց:
Այդպիսի պետությունների հետ արտաքին աշխարհը իր հարաբերությունները այդ հարթության վրա էլ կառուցում է: Ընդ որում, այդ հարթության վրա ստեղծված հարաբերությունների արդյունքում նորից տուժում է ժողովուրդը:
Փորձենք Հայ-թուրքական արձանագրությունները դիտարկել այդ տեսանկյունից: Եվ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, եւ թե Թուրքիան շատ լավ հասկանում էին, որ պատրաստվող արձանագրությունների յուրաքանչյուր կետ Հայաստանի ղեկավարներին կարելի է ստորագրել տալ, եթե այդ կետի գոյությունը հիմնավորվի նյութական շահով: Արձանագրությունների պարագայում նյութական շահը ցույց տրվեց բացվող սահմանի տեսքով: Արդյունքը բոլորիս հայտնի է: Հայաստանի ղեկավարները հանուն փողի (որպես իշխանության պահպանման միջոց) փաստորեն ստորագրեցին դավաճանության եւ ուրացման փաստաթղթի տակ: Նույնիսկ Սերժ Սարգսյանի Սփյուռքի գաղթօջախներում խայտառակ լինելը չկարողացավ կասեցնել այդ խայտառակ գործընթացը:
Այսօր ՀՀ իշխանությունները միաբերան հայտարարում են, թե թուրքերը նախապայմաններ են դնում: Վերցրեք եւ ուշադիր կարդացեք այդ արձանագրությունները եւ կտեսնեք, որ թուրքերի կողմից այսօր դրվող բոլոր պահանջներն արդեն իսկ գրված են այդ արձանագրություններում: Հարց է առաջանում. մի՞թե Ս. Սարգսյանը եւ իրեն շրջապատողները այդ պարզ բաները չէին հասկանում: Ցավալին այն է, որ շատ լավ էին հասկանում:
Սակայն Ս. Սարգսյանին շրջապատողները, հեռու լինելով պատասխանատվությունից, երեւի մտածում են, որ եթե սահմանը բացվի, կմեծանան իրենց բիզնես հնարավորությունները: Մնացած բաների համար միեւնույն է պատասխան տվողը իրենք չեն: Պատասխան տվողը Ս. Սարգսյանն է: Իրենք հրաման ու հանձնարարություն կատարող են: Իսկ պատասխան տալու ժամանակը, որ հանկարծ գա, այդպիսիները իրար հրմշտելով անպայման փորձելու են Ս. Սարգսյանին հայհոյողների առաջին շարքերում տեղավորվել:
Ս. Սարգսյանն էլ շրջապատված լինելով այդպիսի մարդկանցով եւ նրանցից անընդհատ լսելով, որ իր որոշումներն ու քայլերը ճիշտ են, ժողովրդանպաստ ու հանճարեղ են, վաղուց արդեն բոլոր բնագավառներում կորցրել է իրատեսությունը: Բնական է նաեւ այն, որ այլ կարգի մարդկանցով Ս. Սարգսյանը շրջապատված լինել չէր կարող, որովհետեւ միայն այդպիսիներով նա կարող էր ընտրությունների գնալ:
Այս բոլորի արդյունքում ՀՀ իշխանությունները հանուն փողի եւ իշխանության պահպանման, ոչ միայն հիմք դրեցին դարասկզբի հակահայ պայմանագրերի ընդունման գործընթացին, ոչ միայն ցեղասպանության փաստի ուրացման գործընթացի սկիզբը դրեցին, այլեւ ԼՂՀ խնդրում ակտիվ դերակատարման հնարավորություն տվեցին Թուրքիային՝ Ադրբեջանի թիվ 1 դաշնակցին:
Եվ այդ ամենը «սահմանը կբացվի՝ լավ կապրենք» լոզունգի տակ:
Հետեւությունը մեկն է: Գործող իշխանությունները հանուն փողի եւ իշխանության պահպանման չեն խորշում ոչ միայն հանցագործ, այլեւ դավաճանական քայլերից:
Քայլը անելու համար իրենց ընդամենը լոզունգը գտնել է պետք, ինչպես այս դեպքում եղավ:
Այժմ շարունակենք այն, ինչ տեսնում ենք որպես անխուսափելի զարգացում:
Սերժ Սարգսյանը հասկացել է, որ մենք իրենց ընտրած ընթացքով եկել ու կանգ ենք առել հերթական կորուստները ունենալու հեռանկարի առաջ: Նա շատ լավ գիտի, որ այդ կորուստների համար հող են նախապատրաստել իրենք, իրենց խայտառակ ընտրություններով, ժողովրդին իրենց հետ թշնամացնելով, կենսական կարեւորության խնդիրները նյութական արժեքների դաշտ բերելով: Հասկացել է, որ գերտերությունները իրենից քայլ են սպասում ու քայլ են պարտադրում:
Սակայն, այդ ամենով հանդերձ, նա նաեւ հասկանում է, որ ժողովրդի կողմից վստահության լրիվ բացակայության պայմաններում ազատագրված տարածքներից թեկուզ մի թիզ հանձնելը չի ներվելու ոչ ներկայի, ոչ էլ պատմության կողմից:
Հեռանալու համար անհրաժեշտ հոգեւոր արիություն էլ չունի: Ի՞նչ պետք է անի այդպիսի մարդը ստեղծված իրավիճակում: Այդպիսի մարդը ստեղծված իրավիճակում, որպես կանոն, մտնում է պայմանավորվածությունների դաշտ, որի արդյունքում, թեեւ լինում են ավելի մեծ կորուստներ, բայց դրանց համար ինքը պատասխանատվությունից հեռու է լինում:
Դրանից ելնելով, ես ոչ միայն չեմ բացառում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը, այլեւ դա համարում եմ շատ հավանական:
Իմ ենթադրությունները ունեն իրենց տրամաբանական հիմնավորումները: Սակայն ես ավելի շատ ուզում եմ անդրադառնալ այն պատճառներին, որոնք հող էին նախապատրաստելու թե ներկա իրավիճակի, թե, որ ավելի վատ է, դրա հետ հասարակության հոգեբանորեն հարմարվելու համար:
Ինչու եմ դա համարում ավելի վատ:
Որովհետեւ նույնիսկ ամենավնասակար գաղափարը հրապարակ նետելով եւ որպես անխուսափելի իրողություն ներկայացնելով, կարելի է հանրությանը բերել դրա հետ հարմարվելու եւ դա որպես միակ տարբերակ ընդունելու մտքին:
Օրինակ ընտրությունների ժամանակ հրապարակ նետվող՝ «մեկ է, ինչ ուզեն անելու են», «մեկ է, ոչինչ չի փոխվելու» գաղափարներին հարմարվելուց հետո հասարակությունը ոչ թե պայքարում է իր իրավունքների համար, այլ ընտրակեղծիքները եւ դրանց արդյունքները ընդունում է որպես անխուսափելի իրողություն: Սակայն այսօր ես այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել:
Երեկ Կասկադի վերին հարթակից «ուղիղ չվերթ էր» իրականացվում այս ուղղություններով
«Վա՜յ, էս ովքե՞ր են, ոնց որ բջիջներ լինեն», «Մի րոպե թողեք խորանամ Լուսնի մեջ», «Էս Վեներա՞ն ուր կորավ», «Սատուրնը ոնց որ թռչող ափսե լինի», «Այ մարդ, վաղուց երկինք չէինք բարձրացել, ինչ լա՜վ էր», «Ոնց որ ձի է երեւում, հա՞, երեւի մուրազ է»: Կասկադ համալիրի վերին հարթակում՝ Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին հարող տարածքում, երեկ ժամը 21:30-ից մինչեւ կեսգիշեր նմանատիպ բացականչություններ կարելի էր լսել: Պատճառն այն էր, որ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անգլիացի աստղագետ Գուդրայք Ջոնի անունը կրող աստղասերների հ/կ-ի նախաձեռնությամբ, երեւանցիները հավաքվել էին սիրողական աստղադիտության: Սկզբում հարթակը սակավամարդ էր, հետո դեսից-դենից տեղեկանալով, անցնելիս պատահաբար տեսնելով՝ ինչ է կատարվում, տարածքում մի հոծ բազմություն հավաքվեց, մարդիկ փորձում էին «շփում» հաստատել աստղերի հետ: Երիտասարդների մի խումբ էլ որոշեց մասնակցել հետեւյալ պատճառաբանությամբ. «Եկեք տեսնենք՝ ինչ է, մեկ է՝ ձրի է»:
Օրվա ոչ մախառլապատ եղանակն ու համեմատաբար պարզկա երկինքը հնարավորություն տվեցին աստղերի հետ ծանոթության եկած հանրությանը՝ տեսնել դիտարժան Վեներան, Սատուրն մոլորակը՝ իր սկավառակով եւ Լուսինը՝ մանրամասնություններով ու տարբեր դիրքերից: Աստղասերների շարքերում բավականին մեծ տոկոս էին կազմում «նախկին» երիտասարդ սիրահարները. թեւանցուկ արած տատիկ-պապիկներ որոշել էին երեկոն անցկացնել աստղերի «գրկում»: Երիտասարդները փոքր-ինչ ավելի իրատես էին, նրանց մեծամասնությունը երկրից այդպես էլ չբարձրացավ վերեւ՝ պատճառաբանելով, թե «մեկ ա, լիալուսին ա, առանց այդ էլ լավ տեսնում ենք լուսինը, ամեն օր էլ երկնքում աստղ ենք տեսնում, էլ ի՞նչ թիթիզություններ անենք»: Բայց նրանցից ոմանք «Առավոտին» ասացին. «Նմանատիպ միջոցառումները լիցքաթափում են, գոնե առօրյայից փոքր-ինչ կտրվում ենք ու գնում մեր երկնային երազների հետեւից: Ցավոք, աստղերի մասին քիչ բան գիտենք, քանի որ դպրոցում աստղագիտություն լավ չենք ուսումնասիրել»:
Հ/կ-ի նախագահ Ռուբեն Բունիաթյանն ասաց, որ դեռ 2004-ին իրենք կազմակերպել են աստղային ցուցադրություն, որի ժամանակ ներկայացվել է Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով: Պարոն Բունիաթյանը նաեւ մի քանի կարեւոր խորհուրդներ տվեց սիրողական աստղադիտությամբ զբաղվել ցանկացողներին. «Արեւին չի կարելի նայել սեւ ապակիով, բայց նման բաների մասին համարյա թե չի խոսվում: Այնինչ չիմացության արդյունքում երեխաները կարող է վերցնեն օպտիկական սարքեր եւ ուղղեն արեւին, ինչը վնասակար հետեւանքներ կարող է ունենալ»: Մեր այն դիտարկմանը, թե այժմ մարդիկ ավելի շատ երկրային՝ նյութական կյանքում են հաճույքներ փնտրում, քան ձգտում դեպի երկինք, արդյոք այս պարագայում նման միջոցառումները արձագանք ստանո՞ւմ են, պարոն Բունիաթյանը պատասխանեց. «Պիտի ընդունենք, որ աշխարհն ապրում է փոփոխությունների ժամանակներ, եւ այդ ընթացքում տեղի են ունենում մոլորություններ: Ուստի, մենք այսպիսով մարդկանց ուզում ենք ասել, որ, բացի այս մոլորակի վրա ապրելուց, գոյություն ունի նաեւ երկինք, եւ մեր կյանքը, համեմատած երկնայինի հետ, ոչինչ է, ուստի՝ ինչո՞ւ գալ աշխարհ ու այդ երկինքը չտեսնել ու չճանաչել»: Անդրադարձանք նաեւ այն երեւույթին, որ մարդիկ այնքան են տարվում ցուցամոլությամբ, որ երկնքում աստղ են անվանակոչում իրենց անունով: Զրուցակիցս ասաց. «Անվանակոչության իրավունք ունի միայն միջազգային աստղագիտական ընկերությունը: Բայց, երբ կարդում ենք նրա կանոնադրությունը, տեսնում ենք, որ աստղերին անուններ դնելն արգելված է: Անվանակոչել կարելի է միայն գիսավորները, փոքր մոլորակները եւ այլն, դա էլ բավականին բարդ պրոցես է»:
Պարզվում է՝ մեզ մոտ լավ է, բայց ոչ մշտական բնակության համար
Աջայ Սինը Հայաստան եկել է Հնդկաստանից ու ցանկանում է դառնալ ատամնաբույժ: Մեզ հետ զրույցում նա նշեց. «Հայաստանում ուսումն ավելի մատչելի է ու բարձր որակ է ապահովում: Իհարկե, ավարտելուց հետո ստիպված եմ Հնդկաստանում հանձնել հատուկ քննություններ, հետո միայն ձեռք բերել օրդինատուրայում սովորելու իրավունք: Հայերդ լավ մարդիկ եք, պարզապես դժվար է ձեզ հետ շփվելը՝ դուք ռասիստ եք»: Աջայի կամ ինչպես ընկերներն են դիմում՝ Աջի, Հայաստանում ապրելու հիմնական դժվարությունը մաշկի գույնն է: Ըստ նրա՝ Հայաստանում իրեն նայում են տարօրինակ հայացքով, երբեմն զզվում, երբեմն էլ վախենում մոտենալ: Նման վերաբերմունք Աջը զգում է տարիքով ավելի մեծահասակներից. «Երեխաներն ավելի առաջադեմ են եւ ավելի լավ են պատրաստված այսօրվա կյանքին: Կարծում եմ, որ նրանք շատ ավելի զարգացած են, քան 30-60 տարեկան հայ մարդիկ»:
Սովորելու նպատակով Հայաստանում են նաեւ Աջի ընկերները, ովքեր նույնպես Հայաստանի մասին տեղեկացել են ինտերնետից: «Մինչ գալս չէի պատկերացնում, որ այսքան հետաքրքիր մշակույթ ունեք ու այսքան լավ խոհանոց»,- Հայաստանի մասին իր տպավորություններն է կիսում Գերմանիայից եկած Վիսամ Նաջին, ով առաջին անգամ տեսել էր Սեւանա լիճը: «Ճիշտ է, ձեր հայրենիքը գեղեցիկ է, բայց ոչ այնքան, որ այստեղ հավերժ ապրեմ»,- հավելեց Վ. Նաջին:
Շահրիար Ադելն էլ, ապրելով Չինաստանում, Հայաստանի մասին գիտի արդեն 10 տարի: Հայրը բիզնեսմեն է եւ, աշխատանքի բերումով, հաճախ է հայտնվել Հայաստանում: Երբեմն նրան ուղեկցել է Շահրիարը: «Հայրս միշտ ասում էր, որ սա հիանալի երկիր է բիզնեսի համար, պարզապես հայերը պետք է սովորեն ավելի ազնիվ լինել: Հաճախ կրկնում էր, որ հայերը չեն կարողանում գնահատել իրենց մշակույթի արժեքները: Երբ եկա Հայաստանում ապրելու, հասկացա, որ հայրս ճիշտ էր: Սակայն այսօր այստեղ շատ բան է փոխվել: Երբեմն նույնիսկ մտածում եմ, որ այն ազգը, որին ծանոթացա տարիներ առաջ, այլեւս նույնը չէ: Հայերը հոգով ավելի վատն են դարձել, բայց արտաքնապես գեղեցկացել են»,- պատմում է Շահրիարը:
Հայաստանում օտարեկրացի երիտասարդները ամենից շատ դիմում են բժշկական համալսարան եւ կոնսերվատորիա: Ուսանողները հիմնականում ապրում են հանրակացարանում կամ վարձում են բնակարաններ:
Մասնագիտությամբ ուրոլոգ, ազգությամբ հնդիկ Աբիջիդ Կհումարն արդեն ավարտել է բժշկական համալսարանը եւ մի քանի օրից մեկնելու է ԱՄՆ: Նա Հայաստանում անցկացրած իր ուսանողական օրերի մասին հիշում է ջերմությամբ: Հիանալի խոսում է հայերեն եւ կիրառում այնպիսի գրական բառեր, որոնցից խուսափում են նույնիսկ հայաստանաբնակները: «Հետաքրքիր է մի քանի հոգով մեկ բնակարանում ապրելը: Մեզանից ամեն մեկը խոհանոցի մեկ օրվա պատասխանատուն է, մյուսները տան մաքրության. բնակարանի վարձը վճարում ենք միասին: Այստեղ միայն մեկ բան է վատ՝ բակում առավոտից-երեկո բղավում են՝ «կարտոոոլ...»:
Մեր հանրապետությունում կան բավականին շատ մարդիկ, որոնք զբաղվում են կակտուսների աճեցմամբ, բազմացմամբ, ունեն բավականին հարուստ հավաքածուներ: Կակտուսների մեծ մասի հայրենիքը համարվում է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկան: Աշխարհում կա կակտուսների մոտ 3000 տեսակ, որոնք համարվում են բուսական աշխարհի ամենահետաքրքիր ներկայացուցիչները: Իսկ դրանց ծաղիկները համարվում են ամենագեղեցիկը: Դժվար թե լինի մեկը, որն անտարբեր նայի այդ «փշե հրաշքներին», հատկապես, երբ ծաղկած են: Ժամանակը, որը կակտուսաբույծն անցկացնում է իր կակտուսների հետ, հիանալի հանգստի միջոց է, չնայած որ կակտուսները, հատկապես վեգետացիայի (աճման) եւ ծաղկման շրջանում, պահանջում են ոչ քիչ աշխատանք եւ ժամանակ: Սակայն ոչ մի աշխատանք, թեկուզ ամենածանրը, տհաճ չի լինի, եթե այն բերում է բերկրանք: Կակտուսաբույծի այդ աշխատանքն էլ կակտուսները «վարձատրում» են իրենց առողջ աճով եւ հրաշք ծաղիկներով:
Հանրածանոթ կակտուսների թվին են պատկանում էպիֆիլյումները, էխինոկակտուսները, ռեբուցիաները, ցերեուսները, օպունցիաները, մամիլարիաները, աստրոֆիտումները, պարոդիաները:
Կակտուսների որոշ տեսակների բարձրությունը իրենց հայրենիքում հասնում է 12-15 մետրի, իսկ ցողունի հաստությունը (տրամագիծը)՝ 1,2-1,5 մետրի: Նրանք ծածկված են բազմաթիվ փշերով եւ մազիկներով, որոնք էլ բույսը պաշտպանում են արեւի կիզիչ ճառագայթներից, կենդանիներից, ավելորդ ջուր գոլորշիացնելուց: Կակտուսների ծաղիկների թերթիկները տարբեր գույնի են, իրենց բազմաթիվ նրբերանգներով, բացառությամբ մեկ գույնի՝ կապույտի: Կակտուսների հողախառնուրդը կազմված է գետի ավազից, հողից, փայտածուխի մանր կտորներից: Նրանց վերատնկման ամենալավ ժամկետը համարվում է ապրիլի կեսերից մինչեւ հունիսի առաջին տասնօրյակը:
Հրավիրում ենք 30-40 տարեկան տղամարդկանց՝ աշխատելու Սաուդյան Արաբիայում որպես տնօրենի օգնական: Պահանջվում է արաբերեն լեզվի գերազանց իմացություն, ցանկալի է նաեւ անգլերեն լեզվին տիրապետելը: Աշխատանքային փորձը պարտադիր է:
Հեռ: 093-43-74-10:
71@mail.ru
Մուտք Գրանցվել
Ինձ թվում է, պարոն Աբրահամյան, որ հարգելի bzjackal-ը իրեն ուղղակի ձեւ է տվել... Ակնարկել, թե այս հոդվածում Գալուստ Սահակյանի հասցեին գովասանք կա` ոչ միայն ծիծաղելի է, այլեւ նման ակնարկի հեղինակի հումորի եւ մյուս զգացողությունների մասին ոչ այնքան նպաստավոր տպավորություն է թողնում
Սովորական հեգնանք է՝ բոլոր ընթերցողների եւ, վստահ եմ, նաեւ Ձեզ համար հասկանալի:
«Յուրօրինակ արտահայտվել», «հյութեղ, ինքնատիպ լեզու» որակումները Գ. Սահակյանի տիպի մարդկանց կողմից, անկասկած, ընկալվում են որպես իրենց իրական արժանիքների գնահատական: Ա. Աբրահամյանն, անկասկած, ամենքից լավ գիտի սա: Այդ դեպքում հարց է առաջանում. ու՞մ համար է նախատեսված հենց այդպիսի շարադրանքը: Կարելի կլիներ սա ընդունել որպես սատիրա կամ սարկազմ, եթե խոսքը Գ. Սահակյանին չվերաբերվեր: Իսկ այնպես...Արդյո՞ք չի ստացվում, որ Ա. Աբրահամյանն էլ, գալուստսահակյաններից ոչ պակաս, voter-ի ասած՝ «արարած ունի» բոլորիս....
Քոչարյանը անկասկած արարող է, նա Գալուստ Սահակյանին է արարել, քրեածին օլիգարխիա է արարել ու շարունակում է հայ ժողովրդին ամեն ձև արարած ունենալ։