Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏԵՐԸ ԴԺՎԱՐ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԵՆ

Մայիս 26,2009 00:00

Մուլֆիլմերը՝ որպես երեխաների դաստիարակության բաղկացուցիչ

«Մուլտֆիլմերն ուղղված են բարու եւ չարի, լավի եւ վատի հասկացմանն ու տարբերակմանը»,- «Առավոտի» հետ զրույցում մուլտֆիլմերի ազդեցության մասին ասում է ԵՊՀ անձի մասնագիտական գործունեության գիտահետազոտական լաբորատորիայի լաբորանտ, հոգեբան Դիանա Սարգսյանը:

Ի՞նչ ազդեցություն են ունենում մուլտֆիլմերը երեխայի հոգեբանության, զարգացման, աշխարհայացքի ճիշտ ընկալման վրա: Մուլտֆիլմերը կարո՞ղ են ունենալ դաստիարակչական բնույթ:

Դիանա Սարգսյանը գտնում է, որ վերջինների միջոցով եւ դրանց հիմնական հերոսների՝ կենդանիների վարքով, գործողություններով երեխաներին ավելի դյուրին է ընկալել կյանքը, տարբերել չարն ու բարին, իսկ մարդկային կերպարներով էլ հասկանալ՝ ինչ բան է հերոսությունը, սերը, հարգանքը. «Մուլտֆիլմերը բավական լուրջ բարոյահոգեբանական դաստիարակություն են փոխանցում երեխային եւ մեծ ինֆորմացիա տալիս արտաքին աշխարհի մասին: Հեքիաթները, մուլտֆիլմերը, ֆանտաստիկ հերոսները իդեալական չափորոշիչներ են ձեւակերպում երեխաների վարքում, գործունեության մեջ: Սովորաբար մուլտֆիլմերը նկարահանվում են այնպես, որ բացասական ազդեցություն չթողեն երեխայի զարգացման վրա: Երեխան կարծում է՝ այնտեղ միշտ հաղթում է բարին, իսկ չարը պատժվում է, լինում են կերպար-հերոսներ, որոնք հաղթահարում են յոթ գլխանի դեւերին, հրեշներին եւ այլնին: Այս պրոցեսները հակառակ ազդեցություն ունենալ չեն կարող: Դրանք դրական ազդեցություն են ունենում երեխայի վրա եւ ստիպում, որ նա իր վարքով եւ գործունեությամբ այնպիսի դեր ստանձնի կյանքում, որ լինի բարի, ուժեղ, համարձակ»:

Հոգեբանի խոսքով, մուլտֆիլմերի դրական կամ բացասական ազդեցությանը նպաստում է դրա ուղղվածությունը. «Լիամետրաժ մուլտֆիլմերն ուղղված են երեխայի սեռական դաստիարակությանը, բարոյահոգեբանական դաստիարակությանը, չարի, բարու գիտակցումներին: Դրանք, մասնավորապես, Դիսնեյի մուլտֆիլմերն են: Նման ազդեցություն ունեն նաեւ հին ռուսական մուլտերը: Կան մի քանի առանձնահատկություններ, որոնք մուլտֆիլմ նայող երեխայի հոգեբանության վրա բացասական ազդեցություն չեն կարող ունենալ: Նախ գունային էֆեկտները, երաժշտությունը. մուլտֆիլմերում միշտ հնչում է դասական երաժշտություն: Սրանք, ըստ իս, բացասական ազդեցություն չեն թողնի երեխայի հոգեբանության ձեւավորման վրա»:

Մուլտֆիլմերում առկա ագրեսիայի մասին էլ հոգեբանը նշեց. «Կան մուլտֆիլմեր, որոնք պարունակում են ագրեսիվ գործողություններ, օրինակ՝ «Թոմը եւ Ջերին», «Դոնալդ Դաքը» եւ այլն: Այս մուլտերում կերպարների միջեւ՝ միմյանց նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք կա. ծեծել, ջարդել, վիզը կտրել… Սակայն այս ագրեսիան ես որպես բացասական գիծ չեմ ընդգծում, որովհետեւ այնքան հմտորեն է այդ ամենը նկարահանված, որ հումորից եւ ծիծաղից բացի, բացասական ազդեցություն չեն թողնում»:

Իսկ թե ո՞ր դեպքում են մուլտֆիլմերում առկա ագրեսիվ գործողությունները բացասական ազդեցություն ունենում, Դ. Սարգսյանը մեկնաբանեց. «Եթե երեխան ի սկզբանե մայրական եւ ընտանեկան դաստիարակությունից չի ստացել բարու եւ չարի գիտակցումը, չի հասկացել կարելիի ու չի կարելիի սահմանը, միայն մուլտֆիլմը շատ քիչ է երեխայի մեջ նման բաներ ձեւավորելու համար: Այսինքն՝ եթե երեխան իր ընտանիքում ծնողներից ստացել է այդ չափորոշիչները, նա մուլտֆիլմը նայում է, այնտեղ իրենը փնտրելով ու գտնելով այն, ինչ իրեն դուր է գալիս: Եթե երեխան գտնվում է բարձիթողի վիճակում կամ ի սկզբանե ունի վարքային խանգարումներ, մուլտֆիլմում կփնտրի եւ կգտնի այն, ինչ իրեն հոգեհարազատ է: Ամեն դեպքում մուլտֆիլմերում ագրեսիան վերածված է չարաճճի խաղի, որը երեխաների մոտ պետք է ավելի շատ հումոր առաջացնի, քան ագրեսիա: Բայց սա միանշանակ չէ: Ամեն ինչ կախված է երեխայի ընկալման ձեւից, ինչը ձեւավորվում է ընտանեկան դաստիարակությունից»:

Հետաքրքրվեցինք նաեւ, հնարավո՞ր է, որ երեխային դուր գան բացասական կերպարները: Դ. Սարգսյանը կարծում է, որ այո. «Միանշանակ ասել հնարավոր է կամ ոչ՝ սխալ կլինի: Հնարավոր է, բայց նայած թե երեխան ինչ հոգեբանական զարգացում է ապրել, ինչ հոգեվիճակում է գտնվում»:

Ըստ հոգեբանի՝ մուլտֆիլմերը երեխային հնարավորություն են տալիս գտնել շատ հարցերի պատասխաններ: Իսկ թե որքանո՞վ են երեխաները հավատում մուլտերին, հոգեբանը պարզաբանում է. «Սկզբնական շրջանում մուլտֆիլմը երեխային տալիս է իդեալական կերպարների եւ իրականության հիմքեր: 5-6 տարեկանից սկսած, երեխան, տեսնելով, որ, օրինակ, իր խաղալիք շունիկը չի վարվում այնպես, ինչպես մուլտֆիլմի շունը, այսինքն՝ չի խոսում, հասկանում է, որ մուլտիկինը նկարահանված սցենար է»: Իրականության հետ բախման արդյունքում հիասթափության հնարավոր առաջացման մասին էլ հոգեբանը ասաց. «Հիասթափություն չի լինում, որովհետեւ մուլտում դրվում է անձնային ֆակտորը: Չէ՞ որ մուլտֆիլմի փոքրիկ շնիկը, յոթ գլխանի դեւը կամ այլք անձնավորված կերպարներ են»:

Ժամանակակից մուլտֆիլմերի մասին էլ Դ. Սարգսյանը նշեց. «Վերջերս նկատել եմ, որ ժամանակակից մուլտերում հետաքրքիր մի բան կա, որն ուղղված է հատուկ կարիքավոր երեխաների խնդիրների հաղթահարմանը: Օրինակ՝ կարեւոր չէ, որ հերոսը գեր է կամ շատ նիհար, գեղեցիկ է կամ տգեղ, կարեւորն այն է, որ նա ունի շատ լուրջ անձնային որակներ՝ նա հերոս է: Օրինակ, «Շրեկ» մուլտֆիլմի նույնանուն հերոսը շատ գեր, հսկա, առաջին հայացքից սարսափելի է, որը թվում է, թե բացասական կերպար պետք է լինի, բայց բարի է: Այսօրինակ կերպարները օգնում են երեխաների մոտ թերարժեքության բարդույթների հաղթահարմանը, որ պետք չէ անպայման շատ գեղեցիկ լինել, պետք է սիրված, հարգված եւ, ամենակարեւորը՝ բարի լինել: Հասարակության մեջ կա թյուր կարծիք հայկական մուլտֆիլմերի մասին. հայկականում ագրեսիա չկա: «Քաջ Նազար», «Շունն ու կատուն», «Հայելի», «Ձախորդ Փանոս» մուլտերում՝ ազգայինի կոլորիտը, երաժշտությունն այնքան հետաքրքիր ձեւով են ներկայացված, որ մեծ ազդեցություն կարող են ունենալ հայ մանկիկի հայեցի դաստիարակության վրա: Մեր մուլտերը մեր ազգի, արվեստի նման շատ խորն են: Ցավոք, վիճակագրությունն ասում է, որ հայ երեխաները հայկական մուլտֆիլմեր ավելի քիչ են նայում, քան արտասահմանյան: Արտասահմանյան մուլտերը թեթեւ են, հեշտ ընկալվող, լի՝ գունային էֆեկտներով, նորաձեւ, արդիական: Իսկ, օրինակ, մինչեւ մեր «Քաջ Նազարի» հեքիաթը չիմանաս՝ մուլտիկը չես հասկանա: Նշում եմ, հայկական մուլտերը մի փոքր դժվար է հասկանալ, բայց ագրեսիվ գործողություններից զուրկ են, իսկ եթե կան էլ, ապա՝ աննշան»:

Մուլտֆիլմերի ճիշտ ազդեցության հարցում էլ հոգեբանը կարեւորում է ծնողի դերը. «Ծնողի դերն այս հարցում շատ կարեւոր է. մուլտֆիլմը նայելիս երեխան պետք է նաեւ բացատրություն լսի: Մայրը պետք է մուլտֆիլմը երեխային պատմի նաեւ հեքիաթի տեսքով, խրախուսի հերոսների վարքը, գործողությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել