Lրագրային տարբերակ
«Մեզ ջահել, պրագմատիկ մարդիկ էին պետք: Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ այդ տպավորությունը թողնում էր: Բացի այդ, մեր խնդիրներն այն ժամանակ ուրիշ էին»,- իր հարցազրույցում ասել էր Վազգեն Մանուկյանը:
Թե համազգային մեր հզոր շարժման շրջանակներում, Արցախում ուրիշ ինչ խնդիր էր հետապնդում «Ղարաբաղ» կոմիտեն՝ մանրամասնել ենք մեր պատմության մեջ: Ասեմ միայն, որ «Միացում» խմբի անդամների մեծ մասը, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, ՀՀՇ-ի բարեխնամ հոգածությամբ հետագայում առաջ քաշվեցին ու անգոյության եզերքներից հորջորջվեցին քաղաքական այրեր: Երկար տարիներ ղեկավարեցին Արցախն ու Հայաստանը, որոնք, սակայն, արյունալի ու եղերական տարիներ եղան Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Ռոբերտ Քոչարյանը Արցախում իշխանության եկավ արյունով. անիմանալի հանգամանքներում «ինքնասպան» եղավ ազատ ու ինքնիշխան Արցախի առաջին ԳԽ նախագահ, դաշնակցական Արթուր Մկրտչյանը: Ով մոտիկից ճանաչում է Արթուրին, չի կարող հավատալ ինքնասպանությանը: Դաշնակցությունը նահանջեց, տեղի տալով ՀՀՇ-ի ճնշումներին. Ռոբերտ Քոչարյանը գրավեց արյունոտ աթոռը: Հայաստանում, նրա իշխանության առաջին իսկ տարում, օրը ցերեկով, ուղիղ եթերում գնդակահարվեց Հայոց խորհրդարանը. տեր Աստված, ոնց մարսեցինք անմեղի արյունն ու ներեցինք ինքներս մեզ, մեր արժանապատվությունը: 2004-ի ապրիլի 12-ին դաժանորեն ճնշվեց Ռոբերտ Քոչարյանի երկրորդ նախագահական ընտրություններին անհաշիվ կեղծարարությունները չհանդուրժող ժողովրդական հզոր ընդվզումը: ՀՀՇ-ի ու հիմնականում Վազգեն Սարգսյանի գաղափարական սխալ հաշվարկի զոհ դարձավ Հայաստանի ողջ ժողովուրդը՝ հաղթանակած ու հպարտ ժողովրդից վերածվելով թշվառ, անիրավունք, վճարվող ու ծափահարող ամբոխի: Ազգի ծոցից դուրս ելած, երկրի բնիկ ու բնական տերերն իրենց երկրում անվստահելի նկատվեցին. պետական ու կառավարական մարմինների առաջին աթոռները համալրեցին ազատ Արցախը լքած ու Երեւան փախած օտարախոհ, մգլահոտ ու դերաբույս ուղեղով պաշտոնյաներ: Երկիրը թաղվեց Մեծ դեպրեսիայի երկարատեւ ու ճահճոտ ժամանակի մեջ:
2008 թ. մարտի 1-ին, Հայաստանի նախագահությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու ընտրություններում, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը կրակ բացեց ընտրությունները կեղծելու համար փողոց ելած անհաշիվ ցուցարարների վրա: Համաժողովրդական այդ հզոր շարժումը ղեկավարեց հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն, որոնք փորձում էին շտկել պատմականորեն թույլ տված իրենց սխալը: Զոհվեց 10 մարդ, 100-ից ավելի այլախոհներ, որոնց մի մասը Արցախյան պատերազմի հերոսներ էին, հայտնվեցին բանտերում: Խաթարվեցին հայ հոգեւոր մտքի իդեալները, մեր նախնիների նկարագիրը անջատվեց մեր արյունից:
2006 թ. ամռանը վախճանվել էր հայոց Մեծ տիկին, ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը: Աշխարհի տարբեր ծագերից պատվիրակություններ էին եկել Երեւան: Մեծ տիկնոջ դին դրված էր օպերայի միջանցքում. դահլիճում դնելու պատիվը շատ էին համարել: Պատկերն ամբողջացնում էին գյուղական ակումբին հարիր մաշված ու գունաթափ սգո զարդարանքներն ու Ֆիլհարմոնիայի մուտքի աստիճաններին՝ արեւին տված ինչ-որ կաբինետի ծակռտված գորգի ծվենը՝ միանգամայն համապատասխան թաղման կազմակերպիչների քուրջահոտ ճաշակին ու գավառական ծագմանը: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ հոգեհանգստին, ոչ թաղմանը չմասնակցեց: Խռովել էր իր Երկրի Մեծ հանգուցյալից: Հայոց Մեծ տիկինը, ի նշան բողոքի, ժամանակին ետ էր վերադարձրել Ռ. Քոչարյանի պարգեւած կառավարական մեդալները: Ու երկրի նախագահը շարունակում էր քեն քշել դագաղում անշունչ պառկած ննջեցյալի հետ: Ինչպես երեւում է, Ռոբերտ Քոչարյանը Արկադի Վոլսկու նկատած՝ «թագի համար մարմաջող փառամոլից» դենը այդպես էլ չէր անցել: Օպերայի միջանցքում տեսա Արցախի պատվիրակությանը, ԼՂ-ի արդեն արտգործնախարար, դաշնակցական Գեորգի Պետրոսյանին ու հարցրի, թե ո՞ւր է նախագահդ, Արկադի Ղուկասյանը չի՞ եկել թաղմանը: Ժորիկը, հավանաբար, պաշտոնական լուրջ զառանցանքի մեջ էր ու վեհանձն շպրտեց. «Ես եկալըմ, բոլ ա, նախագա՞հը հինչի պիտի կյա»: Ժորիկն էլ, ինչպես երեւում է, Վոլսկու նկատած «պացանից» դենը էդպես էլ չէր անցել: Էս հեռավոր օրը երեւի տեսել էր էդ իմաստուն մարդը:
Ղարաբաղում, Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, Արցախի լիդերները եւս շատ արագ մեկուսացվեցին ու դուրս մղվեցին քաղաքական կյանքից: ԼՂ նախկին մարզի ղեկավար, ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր Հենրիկ Պողոսյանը, ԽՍՀՄ փլուզումից հետո, պարապուրդի էր մատնված ու հիմնականում ապրում էր Մոսկվայում: Ոմն Ամուլիկ բռնագրավել, ապա քրոջ թաղման կապակցությամբ Ստեփանակերտ վերադարձած Հենրիկ Պողոսյանից վեհերելով, իսկույն ետ էր վերադարձրել դեռ ԽՍՀՄ պետությունից ստացած նրա բռաչափ բնակարանը Ստեփանակերտում: Ոչ առանց Ռոբերտ Քոչարյանի գիտության: Պատերազմի թալանված միջոցներով, որդեկորույս մայրերի արցունքների գնով կառուցված գեներալ կոմանդույուշչիների ու մարզի նոր տերերի շքեղ առանձնատների կողքին՝ Հենրիկ Պողոսյանի մի թիզ բնակարանը աչքներին շատ էր թվացել: Հասան Ջալալյան հանճարեղ տոհմի վերջին շառավիղ, մարզի վերջին ղեկավար Հենրիկ Պողոսյանը իր մահկանացուն կնքեց Մոսկվայում, 2000թ. փետրվարին, սրտի կաթվածից, 70 տարեկան հասակում ու թաղվեց օտար հողի մեջ: Երբ Հենրիկ Պողոսյանի քրոջը հարցրի, թե ինչո՞ւ հանգուցյալին չբերեցիք Հայրենիք, պատասխանեց. «Ո՞վ ուներ, որ բերեր, աղջիկը մահացել էր, ոչ ոք իր վրա չվերցրեց նրան տեղափոխելու, թաղումը կազմակերպելու հարցերը»: Հայաստանի քոչարյանական մամուլը ոչ մի խոսքով չարձանագրեց այս մեծ կորուստը: Երեւի 1989թ. Հենրիկ Պողոսյանին տանուլ տված ԽՍՀՄ ԳԽ ընտրությունները չէր մոռացել ու մեռած մարդու հետ էլ իր նախագահական բարձունքից չէր հաշտվել Քոչարյանը: Ինչպես Սիլվա Կապուտիկյանի պարագայում:
Մարտակերտի առաջնորդ, ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր Վահան Գաբրիելյանը պատերազմի սկզբում հեռացվեց իշխանությունից, նրան փոխարինեց շրջանից անտեղյակ ոմն դաշնակցական: Լեյտենանտ Շմիդտի որդիները իրար մեջ արդեն բաժանել էին երկիրը՝ մարզի իրական տերերին անտեսելով: «Վահանը շատ ծանր էր տանում անգործությունը, քանի որ 1988-ից այդ շրջանում էր: Մի քանի ամիս անց, 1992թ. հունիսին Մարտակերտն ընկավ: Մեզ երեք ժամ ժամանակ տվին՝ հեռանալու քաղաքից: Լիքը տնից մի ասեղ էլ չվերցրինք, հրաժեշտի կոնյակի կիսատ շիշը նույնիսկ սեղանին մնաց: Տունը հետո թալանեցին: Չգիտեմ՝ հայե՞րը, թե՞ ադրբեջանցիները: Հասանք Ստեփանակերտ: Հրապարակը լիքն էր բաց երկնքի տակ մնացած, սոված ու անտիրական փախստականներով: Իսկույն շրջապատեցին Վահանին՝ փրկիր մեզ, ասացին: «Քո ժամանակ ոչ սով տեսանք, ոչ թշնամի, դու ես մեր հույսն ու Աստվածը»: Վահանը որբ էր մեծացել, հասկանում էր տուն ու տեղից զրկված մարդկանց: Ոչ մի խոսք չասաց: Չասաց՝ թե հոգու խորքում որքան է խոցված բոլորից: Երեք օր երեսնիվայր պառկեց, ոչ հաց, ոչ ջուր: Չորրորդ օրը գնացինք Երեւան, այնտեղից Ռիգա՝ աղջկաս մոտ: Ինչ-որ ֆիրմայում աշխատանք գտավ, բայց չէր հարմարվում, օրերով մի խոսք չէր ասում: Մի օր էլ դուրս եկավ տնից ու նրան ետ բերին մահացած: Սիրտը չէր դիմացել»: (Կնոջ՝ Օֆելյայի պատմածից, 2006թ. Երեւան):
Հաշված ամիսներ ապրեց Վահան Գաբրիելյանը հայրենի քաղաքի անկումից հետո: Վախճանվեց 1993-ի նոյեմբերին՝ Ռիգայում, սրտի կաթվածից, 57 տարեկան հասակում ու թաղվեց օտար հողի մեջ: Հայաստանի մամուլում ոչ մի տող այդ կորստի մասին չհիշատակվեց:
Մարտունու առաջնորդ, ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր Վաչագան Գրիգորյանը վախճանվեց Կրեմլի հիվանդանոցում, սրտի կաթվածից, 1991թ. ապրիլին, 57 տարեկան հասակում: Ստեփանակերտի պաշտոնաթերթում մահախոսական տպվեց նրա մասին. իշխանությունը Ղարաբաղում դեռ Մոսկվայի ձեռքին էր, դեռ գնահատվում էին մեծերը: Համաժողովրդական թաղմանը մասնակցեցինք ամենքս, ում աչքի առաջ անցել էր հայրենիքին նվիրած նրա անանձնական կյանքի հերոսական տարիները:
ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր Բորիս Դադամյանը մահացավ կարիքի մեջ. ինքս եմ տեսել նրա սոցիալական ծանր վիճակը, կիսավեր ու բռաչափ բնակարանը, ուր ապրում էր կնոջ ու թոռան ընտանիքի հետ: Միակ որդին կռվել էր տանկային զորամասում, պատերազմի ժամանակ Դադամյանն ու նրա գերդաստանը ոչ մի օր չլքեցին Արցախը: Ողջ կյանքում պաշտոններ վարած այդ թագավոր մարդը, Շարժման ոգին, Արցախյան հարցի մոսկովյան ամենածանր քննարկումների բանագնացն ու հուժկու բանախոսը, հարկադրական պարապուրդի էր մատնված Ռոբերտ Քոչարյանի օրոք ու չէր դիմանում «տնային կալանքին»: Միակ զավակի կորուստը վերջնականապես ջլատեց նրան ու կտրեց կյանքի թելը՝ 2004 թ. նոյեմբերին: Մահվան տարելիցի կապակցությամբ «Ազատ Արցախ» թերթում նրա մասին հոդված տպելու իմ առաջարկը գլխավոր խմբագիր Մանվել Սարգսյանը մերժեց՝ թերթի աշխատակից Սուսաննա Բալայանի միջոցով:
Հայ ժողովրդի մեծ բարեկամ, Արցախից ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր Արկադի Վոլսկին վախճանվեց 2006թ. նոյեմբերին, 74 տարեկան հասակում: «Իզվեստիային» տված իր վերջին հարցազրույցն անվանել էր «Ես իմ կյանքում եղել եմ անգամ գնդակահարության ենթակա անձանց ցուցակներում»: Նկատի ուներ ադրբեջանական «Գորշ գայլեր» խմբավորման կազմած ցուցակը, ուր նրա գլխի համար մեծ թիվ էին խոստացել: Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալու կապակցությամբ, լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի նրա մասին. «Նա արդեն ձեր նախագահն է, նախագահի մասին ինչ կարող եմ ասել»,- ուղղակիորեն հարցից խուսափել էր Արկադի Վոլսկին: Ու խոստացել ամեն ինչ մանրամասն գրել իր հուշերի գրքում: Հայաստանի քոչարյանական ղեկավարությունը Վոլսկու մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնե՞ց, արդյոք, նրա մերձավորներին, թե՞ ոչ, ինձ հայտնի չէ:
Մեծ քաղաքագետ չէր Արկադի Մանուչարովը, բայց նրան էլ ազատ, անկախ Արցախի իշխանությունները հեռացրին մեծ քաղաքականությունից ու Արցախից: Շարժման առաջնորդներից էր, «Կռունկ» կոմիտեի հիմնադիր ղեկավարը: Շարժման տարիների մեծ մասն անցկացրեց ադրբեջանական ու ռուսական բանտերում՝ ենթարկվելով խոշտանգումների ու ստորացման: Ղարաբաղի իշխանությունների հետ ի՞նչ խնդիրներ ուներ, որ իր կյանքը Արցախի ազատագրությանը նվիրած այդ մարդը չկարողացավ ապրել իր հայրենի տանը, ազատագրված Արցախում, չեմ կարող ասել, չգիտեմ: Արկադի Մանուչարովը կյանքն ավարտեց Մոսկվայում, հայրենիքից ու հարազատներից հեռու, կարիքի մեջ, 2007թ. ու թաղվեց Մոսկվայում:
Թանկ նվիրյալների շիրիմն է կարեւորում հողը, ներկա ու գալիք սերունդների համար արոտավայրը դարձնում հայրենիք: Այս ճշմարտությունը մի օր կհասկանա՞ն, արդյոք, Արցախի անհռչակ տերերը: Ու երբ վերջապես հասկանան, երեւի նաեւ գերեզմանադարձ կլինի: Ու Արցախի տառապած հողը կհարստանա ազատության անհանգիստ ճամփաներին իրենց սիրտն այրած սեփական զավակների նվիրական աճյուններով: