Երեկ ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը կդառնար 90 տարեկան: Այդ առիթով Կոմիտասի անվան այգու Պանթեոն՝ նրա շիրիմին այցի էին եկել գրչակից ընկերներն ու հարազատները, երկրպագուներն ու ստեղծագործության սիրահարները: «Այսօր, երբ մտածում ենք վերջին տասնամյակների մեր անցած ճանապարհի, ազգային ձեռքբերումների, դժվար տարիների հաղթահարման, արցախյան գոյամարտում տարած հաղթանակի մասին, հասկանում ենք, որ այդ հաղթանակը նաեւ այն հոգեկան սնունդների հետեւանքով էր, որ հայ ազատամարտիկը, հայ մարդը ստացել էր հայ գրականությունից: Ստացել էր գրողների եւ բանաստեղծների այն սերնդից, ովքեր արթնացրին մեր ազգային հիշողությունը, վերադարձրին մեր անցյալը եւ կապեցին մեզ մեր ազգային նպատակների հետ: Այդպիսին էր նաեւ Սիլվա Կապուտիկյանը»,- իր խոսքը բանաստեղծուհու մասին այսպես սկսեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Հունվարը մեր տոնացույցում Ամանորի եւ Սուրբ Ծննդի ամիսն է, բայց ավանդաբար մեզ համար, մեր գրական համայնքի համար նաեւ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան ամիսն է` լի կապուտիկյանական պոեզիայի պոռթկումներով եւ հնչեցումներով: Ուզում եմ հիշել մի դրվագ, երբ Առնո Բաբաջանյանի անվան սրահում նշում էինք Կապուտիկյանի 85-ամյակը՝ ներկաներից մեկը ցանկացավ, որ բանաստեղծուհին խոստանա եւս 15 տարի ապրել, որպեսզի բոլորով միասին նշեն նրա 100 տարին: Իսկ տիկին Սիլվան իրեն բնորոշ հումորով պատասխանեց՝ ես խոստանում եմ ապրել, ցանկանում եմ, որ դուք ապրեք: Ցավոք, բանաստեղծուհին դրժեց իր խոստումը»,- ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: «Ես Սիլվայի հետ աշխարհի շատ երկրներում եմ եղել եւ տեսել եմ, որ Կապուտիկյանի՝ հայկական գաղթօջախներ գնալը նման էր Քրիստոսի հայտնությանը՝ ժողովրդին, նրան ընդունում էին Քրիստոսի պես, հախուռն բազմությամբ լցվում էին գիրկը լիքը Սիլվաներ՝ տարիքով Սիլվա, երիտասարդ Սիլվա, դպրոցական Սիլվա… Նա լուրջ նայում էր նրանց, եւ աչքերը լճանում էին` բա էսքանը՝ դրսո՞ւմ»,- դառնությամբ հիշում է ասմունքող Սվետլանա Խանումյանը: Նշենք, որ Բաղրամյան փողոցում արդեն գործում է բանաստեղծուհու տուն-թանգարանը, որտեղ ցուցադրվում է նրա ամբողջ ժառանգությունը: Վերջերս լույս էր տեսել մի փոքրիկ ժողովածու՝ «90 երկ» վերնագրով, առաջիկայում տպագրության են պատրաստվում նրա անտիպները: