Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլը «թափանցել» է գյուղեր

Օգոստոս 21,2008 00:00

Սակայն առանց պետական աջակցության՝ տեղից չի շարժվում

Արմավիրի մարզի «Սիս Կիլիկիա» ֆուտբոլային ակումբն իր նախագահի՝ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Արմավիրի մարզի լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Ղահրամանյանի գլխավորությամբ, օգոստոսի 21-ին պիտի մեկներ Բուլղարիա՝ մասնակցելու «Նեպտուն» միջազգային մրցաշարին: Այդ մրցումներին մասնակցում են աշխարհի շուրջ 50 երկրների մանկապատանեկան թիմեր: «Առավոտի» հետ զրույցում Ա. Ղահրամանյանը նշեց, որ հարեւան Վրաստանում տիրող ռազմական իրավիճակից ելնելով, իրենք Բուլղարիա չեն մեկնի. «17 երեխայի անվտանգության ամբողջ պատասխանատվությունը մեզ վրա է ընկած, այդ իսկ պատճառով պատերազմական իրավիճակում գտնվող երկրի օդային տարածքով անցնելուն չհամաձայնեցի: Բայց մեր պատանիներին խոստացել եմ, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին այլ միջազգային մրցաշարերի անպայման կմասնակցենք»:

Բացի միջազգային մրցաշարերին մասնակցելու մեր ձախողումից, Ա. Ղահրամանյանը խոսեց նաեւ Արմավիրի մարզում ֆուտբոլի վիճակի եւ այլ խնդիրների մասին: Ըստ նրա, մանկապատանեկան թիմեր կան մարզի Էջմիածին, Արմավիր, Մեծամոր քաղաքներում, ինչպես նաեւ Արշալույս, Գայ, Մերձավան, Արեւիկ, Արեւաշատ, Մուսալեռ, Լենուղի գյուղերում: «Իմ ամբողջ ջանքերն ուղղված են մարզում առաջին լիգայի թիմի ստեղծմանը: Սա մեզ պետք է, որպեսզի մանկապատանեկան թիմից դուրս եկողները կարողանան ընդգրկվել մարզի թիմում: Իսկ եթե մարզը նման թիմ չունի, ֆուտբոլը երիտասարդների համար մնում է սիրողական մակարդակի վրա»,- ասաց պարոն Ղահրամանյանը: Նա հավաստիացնում էր, որ Արմավիրը երիտասարդների ներուժ ունի եւ հենց այս պահին էլ կարող են լիգայի թիմ ձեւավորել, սակայն չեն բավարարում միայն ֆինանսական միջոցները: Նրա փոխանցմամբ, այս տարի արդեն 12 երիտասարդ ընդգրկվել է «Փյունիկի», «Բանանցի», «Միկայի», «Արարատի» թիմեր:

«Էլի պատանիներ ունենք, որոնք աճելու տեղ ունեն, բայց որ լիգայի թիմ չկա՝ հիասթափվում են: Մարզերում ֆուտբոլը զարգացնելու համար միայն պետական մոտեցում է պետք: Մարզիչները շատ քիչ են աշխատավարձ ստանում՝ միջինը 25-30 հազար դրամ: Այդ աշխատավարձով չեն էլ ցանկանում աշխատել, օրինակ՝ Արշալույս եւ Գայ գյուղերում մարզումները ես եմ անցկացնում»,- ավելացրեց ֆեդերացիայի ներկայացուցիչը: Նա մտահոգված էր նաեւ մարզադաշտերի ոչ բավարար վիճակով:

Այս ֆոնի վրա առանձնանում են Էջմիածնի, Արշալույսի, Գայի ֆուտբոլի մարզադաշտերը, որոնք գրեթե չեն զիջում եվրոպականին: Արշալույս գյուղի մարզադաշտով անձամբ զբաղվում է գեներալ Մանվել Գրիգորյանն ու «Արա-Այծեմնիկ» ԲԲԸ-ն: Սակայն նույնը չի կարելի ասել Արմավիր քաղաքի «Հոբելյանական» կոչվող մարզադաշտի մասին, որը նախկինում եղել է հանրապետության երրորդ մարզադաշտը, իսկ այսօր արդեն իր նպատակին չի ծառայում: «Այդ մարզադաշտը հիմա անմխիթար վիճակում է, կարելի է ասել քանդվելու եզրին է, նույնիսկ խոտածածկ չի մնացել: Ամենացավալին այն է, որ մարզկենտրոնի մեր երբեմնի հոյակապ մարզադաշտը վերածվել է աղբատարածքի»,- նեղսրտեց Անդրանիկ Ղահրամանյանը: Լավ մարզադաշտ ունենալու պատճառով մարզի կտրվածքով ավելի շատ միջոցառումներ անցկացվում են Էջմիածին քաղաքում: Իսկ ֆան ֆուտբոլի մրցաշարերն Արմավիրի մարզում արդեն ավանդական են դարձել եւ ունեն 5 տարվա պատմություն: Այլ հուշամրցաշարեր եւս անցկացվում են: Այս մրցումներին աջակցում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան եւ Էջմիածնի քաղաքապետարանը:

Նշենք, որ այս տարի Էջմիածնի 1992թ. ծնվածների մանկապատանեկան թիմը ՀՀ առաջնությունում մրցումների առաջին փուլում գրավել է առաջին պատվավոր տեղը, սեպտեմբերին կկայանա երկրորդ փուլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031