Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շունչը՝ Ռուսաստանում

Մարտ 23,2007 00:00

«Կարոտ» համերգային ծրագրով Մոսկվայում հանդես են եկել հայաստանյան անսամբլներ ու արվեստագետներ:

Վերջին տարիներին հաճախակի են դարձել ՌԴ-ում հայկական միջոցառումները՝ համերգներ, գրական երեկոներ, ցուցահանդեսներ եւ փառատոներ: Հայկական կազմակերպություններին կից ողջ Ռուսաստանի տարածքում գործում են տասնյակ հայկական պարային անսամբլներ, անհատ երաժիշտներ, երգչախմբեր եւ թատերական ստուդիաներ: Սակայն մշտապես ցանկալի հյուր են հայաստանյան կոլեկտիվներն ու հանրահայտ անունները:

Մարտի 10-11-ին Մոսկվայում էին ճանաչված երգահան Արա Գեւորգյանը եւ Հայաստանի պարի պետական անսամբլը՝ «Կարոտ» համերգային ծրագրով:

Առաջին համերգակեսն ամբողջովին նվիրված էր հայկական պարերին: Միջոցառումը բացվեց Արա Գեւորգյանի «Հայաստան» կոմպոզիցիայի պարային բեմադրությամբ: Հետո կատարվեցին Խաչատուր Ավետիսյանի «Զանգեզուրը», «Կապույտ երազը», դասական դարձաձ «Կինտոների պարը», Արամ Խաչատրյանի «Լեզգինկան», «Սուսերով պարը», Ալ. Սպենդիարյանի «Էնզելին» եւ այլ գեղեցիկ համարներ: Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանին հաջողվել էր անարատ պահել հայկական բեմադրողական պարարվեստի ոգին ու շունչը: Հիանալի էր նաեւ պարերի երաժշտական ուղեկցումը:

Համերգի երկրորդ մասում հնչեցին Արա Գեւորգյանի անզուգական ստեղծագործությունները: Ստեղնաշարի մոտ էր հեղինակը՝ իր ավանդական գլխարկով: Նրան նվագակցում էր Ռուսաստանի ամենահայտնի նվագախմբերից մեկը՝ Յու. Սիլանտեւի անվան ակադեմիական Մեծ համերգային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուրադ Կաժլաեւ, դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան), ինչպես նաեւ ժողգործիքներ, հարվածայիններ, բաս եւ սոլո-կիթառ: Հնչեցին Ա. Գեւորգյանի «Երեւան», «Վաղարշապատ», «Անի», «Արմավիր», «Ծովից ծով», «Մուշ», «Ավարայր» եւ շատ ու շատ այլ սիրված մեղեդիներ, «Արցախ» հանրահայտ կոմպոզիցիան:

Համերգին մասնակցում էին նաեւ «Վահագն» պատանի դհոլահարների, Մոսկվայի հանրահայտ «Հայորդիք» պարային անսամբլները, ռուսական բալալայկայի տաղանդավոր վարպետ Կիրիլ Պոզնուխովը:

Հանդիսատեսների շարքում համերգին ներկա էին սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը, լեգենդար «Արարատ 73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել