Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԼԵՆԻՆԻՆ

Դեկտեմբեր 05,2006 00:00

Սասունցի Դավիթը, Մեսրոպ Մաշտոցը, Տիգրան Մեծն ու Հիսուս Քրիստոսը մրցակցում են Լենինի տեղի համար:

\"\"Սա նույնպես հավակնում է հայտնվել հրապարակում: Իսկ թե բշտիկավոր գունդն ու դրանից դուրս ցցված երկաթե ձողերն ինչ են խորհրդանշում՝ հայտնի է միայն արձանի հեղինակին:

\"\"Որոշ ճարտարապետներ հրապարակում Հիսուսից բացի ոչ մի արձան չեն պատկերացնում: Թե ակտիվ երթեւեկության, ժամացույցի եւ շատրվանների հետ Հիսուսը որքանով է ներդաշնակ՝ կարեւոր չէ:

\"\"Հրապարակի կամարաձեւ շենքերի հետ համահունչ լինելու համար ճարտարապետները հիմնականում առաջարկում են կամարաձեւ լուծումներով այսպիսի արձաններ:

Արդեն տասը տարուց ավելի է՝ Հանրապետության հրապարակում Լենինի արձանի տեղը թափուր է: Այս տարիների ընթացքում Երեւանի ճարտարապետների միությունը քաղաքացիներից բազմաթիվ նամակ-բողոքներ է ստացել, թե ինչու հրապարակում Լենինի փոխարեն մի հարմար արձան չեն տեղադրում: Քաղաքապետարանը չնայած տասը տարիների ընթացքում հրապարակին արժանի արձանի համար պարբերաբար մրցույթ է հայտարարում, սակայն բազմաթիվ առաջարկներից եւ ոչ մեկն այդպես էլ քաղաքային իշխանությունների սրտով չի լինում: Քաղաքապետարանն այս տարի նույնպես հերթական մրցույթն է կազմակերպել եւ Ճարտարապետների միությունում արդեն 21 մասնակից իր աշխատանքը ներկայացրել է: Դրանք հիմնականում քրիստոնեությունը խորհրդանշող եւ կամարաձեւ լուծումներով մանրակերտներ են: Որպես Լենինին փոխարինողներ, ճարտարապետներն առաջարկել են Հանրապետության հրապարակում տեղադրել զինանշանի առկայությամբ հուշակոթողներ, Տիգրան Մեծի, Մեսրոպ Մաշտոցի, կաթողիկոս Սահակ Պարթեւի, Գրիգոր Լուսավորչի, աստվածաշնչյան Նոյի, ընդհուպ մինչեւ խաչված Հիսուսի արձանները: Մեր տեղեկություններով՝ առաջարկ է եղել նաեւ կայարանից հրապարակ տեղափոխել Սասունցի Դավթի արձանը: Սա մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Չնայած քաղաքացիները կայարանն առանց Սասունցի Դավթի ու նրա ձիու չեն պատկերացնում, բայց պարոն Մինասյանը գտնում է, որ առաջարկը խելքին մոտ է, միայն, ըստ նրա, հրապարակի համար էպոսի հերոսի չափսերը փոքր են, բացի այդ, ճարտարապետը վախենում է, որ արձանը տեղափոխելիս կվնասվի:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը օրերս հրավիրած ասուլիսում քաղաքացիներին կոչ էր արել, որ այցելեն Ճարտարապետների միություն եւ արձանների մանրակերտների վերաբերյալ այնտեղ տեղադրված արկղում իրենց դիտողություններն ու առաջարկները ներկայացնեն, որից հետո մրցութային հանձնաժողովը վերջնական որոշում կկայացնի: Թեեւ այցելուները իրենց կարծիքները պարտաճանաչ գցել են արկղ, սակայն ինչպես նկատեց պրն Մինասյանը, դա ձեւական բնույթ է կրում. «Իրենց կարծիքը հաշվի չի առնվելու, դա ուղղակի արվում է ժողովրդի կարծիքն իմանալու համար, իսկ հաղթողին կընտրի ժյուրին»:

Թե քաղաքացիներն ինչ են ցանկանում տեսնել Լենինի արձանի փոխարեն՝ պարզ դարձավ երեկ մոտ 20-25 մարդկանց շրջանում անցկացրած մեր հարցումներից: Տարեց մի տղամարդ, որը չցանկացավ ներկայանալ, այսպիսի առաջարկ արեց. «Էսօր սաղ ազգային հերոս են դարձել, թող մեկի արձանը կանգնեցնեն, պրծնեն, ինչ են դես ու դեն ընկել»: Հարցման մասնակից Անուշ տատն էլ խիստ նեղվել էր, որ Լենինի արձանը հանել են. «Գոնե պատվանդանը թողնեին»: Իսկ Արտաշես Պողոսյանը Սասունցի Դավթի փոխարեն առաջարկեց Կասկադից հրապարակ տեղափոխել Մեծն Թամանյանին. «Տեղափոխում՝ տեղափոխում են, թող գոնե Թամանյանի արձանը բերեն, էլի իրական մարդ էր՝ մեր քաղաքը սարքողը, ոչ թե քանդողներից էր»: Աբգար Պետրոսյանն էլ նկատեց. «Ձմեռն եկավ՝ սաղս էլ ցրտից արձան ենք դառնալու, թող իշխանությունները մտածեն մեր մասին, ոչ թե արձանների»:

Հանրապետության հրապարակում արձան տեղադրելու համար հայտարարված մրցույթը կամփոփվի մինչեւ այս տարվա վերջ:

Քաղաքապետարանն այնքան էլ մեծ գումար չի նախատեսել մրցանակակրի համար՝ ընդամենը $3000:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել