Լրահոս
Օրվա լրահոսը

Վարագան՝ քրդերի ձեռքին

Նոյեմբեր 23,2006 00:00

\"\"Ուխտագնացները վերադարձան
պատմական Հայաստանից

Արեւմտյան Հայաստանի Էրզրում քաղաքից Երզնկա ընկած հատվածում գտնվող Դերջան գավառի 5 մետրանոց խաչքարերից մեկը փրկված է ոչնչացումից՝ շնորհիվ արշավախմբի, որը պատմական հայրենիք էր մեկնել վերջերս:

12-րդ դարի այս խաչքարը արշավախմբի անդամները հայտնաբերել են սար բարձրանալիս՝ 1.5 կմ բարձրության վրա: Ըստ մասնագետների՝ այդ տիպի խաչքարերը պատմականորեն քիչ են հիշատակված եւ իրենց տիպով առանձնահատուկ են: «Ամենահուզիչն այն էր, որ Արեւմտյան Հայաստանի հողում մենք՝ հայերս, դեռ կարող ենք նպաստել գոնե մի խաչքարի փրկմանը։ Այն ընկած էր գետնին եւ սկսում էր քայքայվել։ Որոշ ժամանակ հետո խաչքարի մի մասը կարող էր խառնվել հողին։ Ուստի՝ 20 հոգով ուղղեցինք թեքված խաչքարը եւ կանգնեցրինք իր տեղում»,- պատմեց գործարար Խորեն Քոթանջյանը:

Արեւմտյան Հայաստան՝ պատմական հայրենիք, մեկնած «զբոսաշրջիկների» խումբը, որի մեջ էր նաեւ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ուխտագնացությունը սկսել եւ վերջացրել է Կարսով: Նրանք այցելել են նաեւ Բայազետ, Բիթլիս, Իգդիր, Վան, Էրզրում, Արդահան: Արեւմտյան Հայաստանը տեսած մեր հայրենակիցները հատկապես շեշտում են մի ցավալի փաստ, որ այս տարածքներում թուրքերն ու քրդերն ամեն կերպ փորձում են վերացնել հայկականության հետքերը: Թերեւս սա հաստատող մի փաստ է նաեւ այն, որ, ըստ Խ. Քոթանջյանի՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին դեռ խաչ դրված չէր: Ասում է՝ խաչը Հայաստանից ուղարկել են Կոստանդնուպոլիս, եւ դեռ որոշված չէ նրա ճակատագիրը: Մուշում այժմ քրդացված հայեր, իսկ մյուս բոլոր տարածքներում՝ ըստ ուխտագնացների, հիմնականում քրդեր են ապրում, ովքեր ոչ պակաս «բարյացակամ» են տրամադրված հայերի նկատմամբ:

«Երբ քայլում էի այս տարածքներով, ինձ թվում էր, թե Գյումրիում եմ, քանի որ ճարտարապետությունը շատ մոտ է Գյումրիին: Սակայն քրդերն ամեն ինչ քանդում են: Օրինակ՝ նկատեցի, որ Մշո Սուրբ Կարապետ եկեղեցուց պոկած քարերով տներ են կառուցել»,- փաստեց Խ. Քոթանջյանը: Նա ասաց, որ այս տարածքներում քրդերը շատ ագրեսիվ են հայերի նկատմամբ. «կեցցե Թուրքիան» ասելով են ման գալիս: Ուխտագնացության ընթացքում մեր հայրենակիցներն աշխատել են հնարավորինս քիչ շփվել թուրքերի հետ, խուսափել են լինել Իգդիրում, քանի որ այնտեղ հիմնականում ազերիներ են բնակեցված: Ըստ ուխտագնացության մեկնածների՝ քուրդ-թուրքական հարաբերությունները բավականին սրված են: Բնականաբար, պատճառը կռվախնձոր դարձած հայկական տարածքներն են։ Ուստի՝ հայերի շփումը մեծ մասամբ քրդերի հետ է եղել:

Խ. Քոթանջյանը պատմեց, որ Սուլուխի կամրջի վրա հանդիպել են մատաղ անող քրդերի: Երբ հայերից մեկը արյունով քրդի ճակատին խաչ է արել, նա անմիջապես մաքրել է այն՝ արյունը թափելով կամրջի հիմքերին, իբր այն ամուր լինի: Ուխտագնացներին բախտ չի վիճակվել բարձրանալ Աղթամար կղզի, լինել Սուրբ Խաչ եկեղեցում, սակայն կարողացել են լողալ Վանա լճում, ճաշակել Վանա տառեխ, տեսնել Բեթլիի ջրամբարը, որը հայտնի է լեգենդով, թե այնքան կոտորածներ է տեսել, որ ջուրը կարմիր գույն է ստացել: Ուխտագնացները որոշ դժվարություններ են ունեցել Մշո Սուրբ Կարապետ եկեղեցի եւ Դերջան գավառ այցելության ժամանակ: Բայց նրանց հաջողվել է մեծ «ավարով» վերադառնալ: Իրենց հետ նկարներ (դրանք նվիրվել են ԳԱԱ պատմության ինստիտուտին), պատմական հայրենիքի հող, ջուր ու քար են բերել: Բերել են նաեւ հիշողություններ ու տպավորություններ, քրդական «եղբայրական» խոսքեր: Խ. Քոթանջյանը հիշեց, թե Հացեկաց գյուղում մի քուրդ զրույցի ժամանակ իրեն ասել է, թե «էրմենիները մեզ հետ եղբայր են»: Ըստ ուխտագնացների վկայությունների՝ Վարագա վանքն այժմ քրդերին է բաժին ընկել: Այն այսօր պահպանում են 6 մոլլա եղբայրներ: Նրանցից մեկը պատմել է, թե հայրն է իրենց պատվիրել պահպանել այդ շինությունը, քանի որ «Աստծո տուն է՝ չնայած քրիստոնյաներն են կառուցել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել