Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՉԻ ԼՈՒԾԱՐՎԻ, ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄՆԱ ՏԵՂՈՒՄ

Ապրիլ 21,2004 00:00

Երեկ հայտարարեց նախագահ Քոչարյանը

Քաղաքապետի եւ Երեւանի գլխավոր ճարտարապետի ներկայացմամբ Դալմայի այգիների անտառապատման ու մայրաքաղաքի կենտրոնի խնդիրներին ծանոթանալուց հետո Ռ. Քոչարյանը այցելեց նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահ: Երկրի ղեկավարին, սակայն, այս անգամ մշակութային թեմաներով չխոսեց:

Նա լրագրողներին տեղեկացրեց, որ, օրինակ, առաջին եռամսյակի տվյալներով 7,5% տնտեսական աճ է գրանցվել, 10%-ով աճել են շինարարության ծավալները՝ անգամ առանց «Լինսի» ծրագրի եւ այլն: Միայն ընդդիմությունը չի նկատում գրանցված հաջողությունները ու ապակայունացնում մթնոլորտը՝ վնաս հասցնելով ներդրումային ծրագրերին: Բայց դրա լուծումն էլ կա. նախագահը նման քայլերին միշտ պատրաստ է «համարժեք պատասխան տալու»: Վարչապետի պաշտոնանկության մասին լուրերին պրն Քոչարյանը հումորով է վերաբերվում: Նույնը խորհուրդ է տվել նաեւ Անդրանիկ Մարգարյանին, որովհետեւ «բյուջեի կատարողականը 100%-ով ապահովող վարչապետին գործից չեն ազատում»: Ինքը նույնիսկ շնորհակալ է ընդդիմությանը, որն իր քայլերով նպաստում է կոալիցիայի անդամների համերաշխությանն ու սերտ համագործակցությանը: «Առավոտի»՝ «Ինչպե՞ս եք գնահատում Սիլվա Կապուտիկյանի քայլը՝ պետական պարգեւը վերադարձնելը» հարցին ի պատասխան՝ նախագահն ասաց. «Սբ. Մեսրոպ Մաշտոց» շքանշանը Ռոբերտ Քոչարյանի շքանշանը չէ, Հայաստանի Հանրապետության շքանշանն է, ինչը հաստատված է օրենքով: Ռոբերտ Քոչարյանը, որպես գործող նախագահ, շքանշան է տալիս այս կամ այն գործչին, բայց տալիս է ոչ թե իր անունից, այլ պետության եւ նախագահական ինստիտուտի անունից: Ես ափսոսանք պիտի հայտնեմ, որ տիկին Կապուտիկյանը այդպես է ընկալում մեր պետականության էությունը: Չեմ կարծում, որ նրա այդ քայլը նպաստում է մեր պետականության նկատմամբ հարգանքի դաստիարակմանը երիտասարդ սերնդի մոտ:

Եթե ինքը չլիներ, միգուցե ավելի կոշտ պատասխան կտայի: Սեփական պետությունը պետք է հատկապես մեր մեծերի կողմից հարգվի, այլ ոչ թե անձնավորվի: Ինչքան ես գիտեմ, իրենցից ոչ մեկը Սովետական Միության պարգեւներից ժամանակին չի հրաժարվել, երբ Սովետական Միությունը հայաթափ էր անում Ղարաբաղը, Շահումյանը եւ այլ վայրեր: Մինչեւ այսօր նախկին սովետական պարգեւները բոլորը քնքուշ ձեւով իրենց դարակներում պահում են»:

Ընդդիմության կազմակերպած բազմամարդ հանրահավաքների մասին նախագահն այլ կարծիքի է. «Մի քիչ շատ ենք կենտրոնանում քանակի վրա, թե ընդդիմությունն այսքան մարդ հավաքեց՝ 3000, 4000, մեկն էլ ասում է 100 000: Թեպետ էդքան էլ թիվ չի հավաքվում, 23000 մարդը մեր ընտրողների 1%- ն է միայն: Չի կարող 1%-ը պարտադրել ինչ-որ լուծումներ:

Կամ եթե շատ մարդ է հավաքվում միտինգին, դա իրավունք է տալիս անօրինականությունների՞, սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունների՞… Եթե այդպես են մտածում՝ սխալվում են… Հիշեցնեմ՝ մինչեւ ընտրությունների երկրորդ փուլը մեծ, խոշոր հանրահավաք կազմակերպվեց ինձ սատարող քաղաքական ուժերի հետ միասին: Քանակը եղել է մինչեւ օպերա, բայց այդտեղ ընդամենը 35-37 հազար մարդ կար: Կրկնում եմ, թիվը կարեւոր չէ: Թիվ ասելով՝ ոնց որ թասիբի ենք գցում ընդդիմությանը, որ փող ծախսի-գնա գյուղերից լրացուցիչ մարդկանց գործից կտրի-բերի քաղաք»: Նա ընդդիմադիր դաշտի պատգամավորներին առաջարկեց վերադառնալ ԱԺ եւ կատարել իրենց պարտականությունները՝ առանց իշխանությունների առջեւ ինչ-ինչ պայմաններ դնելու: «Ինձ համար անհասկանալի է նախապայմաններ դնելը՝ պետական պարտականությունները կատարելու համար: Չես ուզում՝ մի կատարի: Ես սահմանադրությամբ պատասխանատու եմ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության համար: Պատկերացրեք՝ ես էլ սկսեմ նախապայմաններ դնել ինչ-որ մեկի առջեւ՝ պարտականություններս կատարելու համար: Չեք ասի՞ էս նախագահի հետ ինչ-որ բան էն չի»,- ասաց պրն Քոչարյանը: Նախագահը համոզված է, որ ժողովրդի ճնշման տակ երբեմն սխալ քայլեր էլ են արվում, ինչպես ատոմակայանի փակումը, «որի թթուն մինչեւ հիմա խմում ենք, այ, եթե էն ժամանակվա իշխանությունը ավելի ամուր կանգներ, ասեր՝ չենք փակելու, երկիրն այդքան կորուստներ չէր ունենա»:

«Լավ, էսօր շատ խոսացի, հետո կասեք նախագահը շատախոս ա դարձել»,- լրագրողների հետ հանդիպումն այսպես ավարտեց երկրի ղեկավարը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել