Լրահոս
Օրվա լրահոսը

Այվազովսկին՝ Երեւանում

Մայիս 02,2003 00:00

Այվազովսկին՝ Երեւանում Ծովանկարչի արձանն առայժմ դժգոհություն չի առաջացրել Երեկ Կամերային երաժշտության տան հարեւանությամբ բացվեց քանդակագործ Յուրի Պետրոսյանի եւ ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի համատեղ կերտած Հովհաննես Այվազովսկու բրոնզաձույլ արձանը։ Երեքուկես մետրանոց քանդակի ստեղծմանը աջակցել է մոսկվաբնակ գործարար Սենիկ Գեւորգյանը։ Ի դեպ, 1987թ. անցկացված մրցույթում լավագույնն է ճանաչվել Յուրի Պետրոսյանի աշխատանքը։ Եվ ահա այսօր այն տեղադրված է մայրաքաղաքում։ Արձանի բացման իրավունքը տրվեց քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին եւ նախկին քաղաքապետ, Երեւանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանին (վերջին շրջանում ներկա եւ նախկին քաղաքապետերը սկսել են համագործակցել քաղաքական հողի վրա)։ Ի խորոց սրտի շնորհավորելով երեւանցիներին՝ եւս մի արձան ունենալու կապակցությամբ, Ռ. Նազարյանն ասաց. «Թեոդոսիայում Այվազովսկու գերեզմանաքարին գրված է. «Ծնվեց մահկանացու, մեռավ՝ թողնելով անմահ հիշատակ»։ Ահա այս արձանը եւս պետք է դառնա ծովանկարչի անմահ հիշատակի վկայությունը»։ Բազմաբնույթ ու բազմաձեւ արձաններից հոգնած երեւանցիները այս աշխատանքը դիտելիս, համենայն դեպս, շոկի մեջ չընկան, ինչպես Առնո Բաբաջանյանի արձանը։ Բայց հիացմունք ու ոգեւորություն էլ չերեւաց նրանց դեմքերին։ Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը չուզեց համեմատել Յու. Պետրոսյանի ու Դավիթ Բեջանյանի աշխատանքները։ «Կարծում եմ, որեւէ արվեստի գործ գնահատելիս չպետք է համեմատել մյուսի հետ։ Յուրաքանչյուր ստեղծագործություն գեղեցիկ է յուրովի»,- չկամեցավ վատամարդ լինել նա։ «Առավոտի» այն հարցին, թե ի՞նչ կարծիքի է հեղինակը՝ Յուրի Պետրոսյանը, իր ստեղծագործության մասին՝ ոչ իբրեւ Այվազովսկու արձան, այլ ընդհանրապես իբրեւ արվեստի գործ, վերջինս պատասխանեց. «Գոհ եմ այնքանով, որ արձանը տեղադրվեց։ Կարողացե՞լ եմ արդյոք էություն, հոգեվիճակ արտահայտել՝ կորոշվի ժամանակի ընթացքում»։ Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել