Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաբացված պատմություն

Նոյեմբեր 12,2002 00:00

Վերաբացված պատմություն Վրաց Ռոստոմ թագավորի ատենադպիր եւ գլխավոր գանձապետ Աշխարհաբեկ Բեյբությանը արքունիքին մատուցած հատուկ ծառայությունների համար 1654թ. արքայի կողմից արժանանում է խոջայի (մեծ), նաեւ մելիքի տիտղոսների, ապա քաղաքից դուրս հողակտոր ստանալով՝ ստեղծում է իր տոհմական գերեզմանատունը՝ կառուցելով նաեւ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այն հետո մարդիկ կոչել են Խոջայի վանք՝ «Խոջիվանք»։ Տարիներ անց այն վերածվում է հայ անվանի մարդկանց պանթեոնի։ Այժմ չկա եկեղեցին, իսկ տարածքն էլ անհամեմատ սեղմվել է (նրա մի մասում կառուցվում է վրացական Սուրբ Երրորդություն եկեղեցին), սակայն այն քիչը, որ այսօր պահպանվել է, եղել եւ մնում է շատ թանկ ու սրտամոտ յուրաքանչյուր հայի համար։ Դեռեւս 30-ական թվականներին սրբապիղծ կամայականությամբ քարուքանդ է արվում Խոջիվանքի գերեզմանատունը, որպեսզի նրա տեղում «բարեկամության այգի» գցվի եւ այդ ժամանակ էր, որ գերեզմանատանը հանգչող ավելի քան 1000 հայ մտավորականներից հնարավոր եղավ փրկել միայն երեք տասնյակի աճյունները։ Այդ ազգանվեր գործը իրականացրեց գեղանկարիչ, հասարակական գործիչ Գիգո Շարբաբչյանը։ Նա իր կյանքը վտանգի ենթարկելով կարողացավ հիմնադրել այն Պանթեոնը, որտեղ այսօր թաղված են Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Գ. Սունդուկյանը, Ջիվանին, Պ. Պռոշյանը, Նար-Դոսը, Մուրացանը, Ծերենցը, Ղ. Աղայանը եւ այլք։ Մոտ երկու տարի առաջ այն մեկ անգամ եւս պղծվեց, երբ խուժանը անարգեց մեր մեծերի գերեզմանները՝ ջարդուփշուր անելով տապանաքարերը եւ թալանելով գունավոր մետաղները։ Այնուհետեւ վերականգնելու եւ բարեկարգելու շուրջ տեղի ունեցան բանակցություններ։ Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետարանները ստանձնեցին պարտավորությունների իրենց մասը։ Գործընթացին մասնակցեցին նաեւ «Հզոր հայրենիք» կուսակցությունը, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Վրաստանի հայերի միությունը, «Երեւան» հիմնադրամը եւ այլ կազմակերպություններ ու անհատներ, որոնց աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 9-ին վերաբացվեց Պանթեոնը։ Երեւանից մեկնած պատվիրակության կազմում էին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, փոխքաղաքապետ, «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը, գրողների, նկարիչների, կոմպոզիտորների միությունների նախագահները, մտավորականներ, պաշտոնյաներ։ Վրացական կողմից ներկա էին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, Թբիլիսիի քաղաքապետը, Ջավախքի եւ մյուս նահանգների նահանգապետերը, հայ համայնքի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վրացի պաշտոնյաներ։ Երեւանի քաղաքապետարանը մոտ 35 հազար դոլարի աշխատանքներ է կատարել՝ Րաֆֆու հուշարձանի վերանորոգում եւ մարմարե պսակի տեղադրում գլխամասում, տեղադրվել են 32 տապանաքար, բազալտե աստիճաններ, մարմարյա խաչքար, ցայտաղբյուր, նստարաններ, եզրաքարեր։ Վրացական կողմը արտաքին պարսպապատումն ու սալահատակի հետ կապված աշխատանքներն է կատարել (մոտ 15 հազար դոլար)։ Ելույթներ ունեցան Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետերը, Վիրահայոց միության նախագահ Գենա Մուրադյանը, որը հետո մեր մասնավոր զրույցի ժամանակ պատմեց, որ Թբիլիսիում այսօր մոտ 100-120 հազար հայ է ապրում (նրանք, ում ազգանունները դեռեւս հայկական են- Ռ. Ա.)։ 1992-93թթ., երբ Վրաստանի վիճակը վատ էր, շատ ունեւոր հայեր հեռացան երկրից եւ այստեղ մնացածների եւ եկող սերունդների համար, ովքեր պիտի ապրեն այս հողի վրա, Հայաստանի հոգատարությունը եւ Վրաստանի աջակցությունը շատ կարեւոր է։ Պանթեոնի բացումն այսչափ կարեւորելը դրա վկայությունն է։ Ուշագրավ էր Վրաստանի նախագահի այցելությունը Պանթեոն, եւ այն յուրօրինակ «խոստովանությունը», որ նա արեց իր ելույթում՝ ոսկե ձեռքեր ունեցող հայերի մասին, որոնք կառուցել են Վրաստանը։ Այո՛, Թբիլիսին եղել է հայ մշակույթի երախտավորների, նաեւ շնորհաշատ հայերի բնակավայր, որտեղ նրանք կառուցել են, արարել՝ եւ ոչ միայն հայ ազգի համար։ Ժամանակները փոխվել են եւ չկա խորհրդային ռեժիմի պարտադրող շփումը, մի տեսակ մեկուսացել են երկրները, ամեն մեկը իր հոգսերի բեռի տակ կքած։ Սակայն այսօր մշակութային եւ մնացած այլ բնագավառներում շփման պասիվությունը բերում է շատ հիմնահարցերի առաջացման։ Հայ համայնքին օգնություն է պետք, նաեւ հոգատարություն։ Հատկապես եկեղեցին, որն իր համախմբող, կայացնող ու ապահովող կարեւոր գործը չի կատարում։ Ինչեւէ, խնդիրները շատ են եւ Վրաստանն էլ այսօր լավ վիճակում չէ։ Շեւարդնաձեի այցը վերահսկվում էր դեռ 5-6 փողոց այն կողմ։ Ամեն անկյունում եւ տանիքներին ավտոմատավոր զինվորներ էին կանգնած։ Հատուկ ջոկատի աշխատակիցները Պանթեոնում եւ նրա շուրջը խիստ հսկողություն էին սահմանել։ «Ջերմ ու բարեկամաբար» հենց Պանթեոնի մուտքի մոտ ստուգվեցին պատվիրակության բոլոր անդամները՝ կոշկակապերից սկսած։ Այս ջերմ վերաբերմունքից շվարած ու հատուկ ջոկատի տղաների սառը, ծակող, բացահայտ չվստահող հայացքների տակ մենք խոնարհվեցինք մեր մեծերի սուրբ ու տառապած շիրիմների առջեւ։ Ինչեւէ, շատ կարեւոր գործ է արվել, եւ այսօր վստահ կարող ենք ասել, որ Խոջիվանքի գերեզմանատունը բարեկարգ է առավել քան երբեւէ եւ կատարվածը մեզ համար շատ ավելին է, քան սոսկ Պանթեոնի վերաբացում։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել