Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ միայն Չուգունիւ կեցցե զցոյց, այլ նաեւ այծիւ

Սեպտեմբեր 07,1999 15:22

ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը մի առիթով վկայեց, թե Դաշինքի ղեկավարները պայմանավորվածություն ունեին հարթակի վրա անպայման լուրջ դեմքերով երեւալ, որ ժողովուրդն իրենց այդպես տեսնի։

Մի քանի տասնյակ լրագրողները, որ այս էլ երրորդ համր ցույցն են անում նախագահի նստավայրի դիմաց՝ խնդիր չունեն երեւալու ոչ այնպիսին, ինչպիսին կան։ Եվ ինչքան էլ մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի հետ կատարվածը եւ լուրջ ահազանգ՝ մամուլի համար, այս ցույցերն էլ բազմաթիվ կատակներով ուղեկցվեցին։

cuyc-2Այսպես, ի նշան բողոքի բերանները սեւ ժապավենով կապած լրագրողուհիներն իրենց համար գովազդ էին մոգոնել. «Լավագույն խուփբերան եւ չխոսկան հարսնացուներն ամեն օր ժամը 12-ին հավաքվում են նախագահի նստավայրի դիմաց»։

Նախագահի աշխատակազմի մի պաշտոնյա այս ցույցը հենց այդպես էլ գնահատեց. «Կամաց-կամաց հալալ կաթնակեր եք դառնում»:

Հալալ կաթնակերների այս կուռ շարքը խախտում է միայն բանաստեղծ Արմեն Շեկոյանը, որն այս էլ երրորդ ցույցին մասնակցում է մեկուսի եւ չկապված։ «Ինչո՞ւ բերանդ չես կապել» հարցին պատասխանեց. «Բայց ես ե՞րբ էի բացել որ»։ Ինչն իսկականի հետ ճիշտ է։

Ի դեպ, երբ սեպտեմբերի 3-ին առաջին անգամ մետրոյի Բաղրամյան կայարանի դիմացից փողոցն անցանք՝ մեզնից առաջ ընկան մի երկու տասնյակ կարմիր բերետավորներ եւ կանգնեցին լրագրողների եւ նախագահի ցանկապատի միջեւ։ «Տանկերը եւ այլ զինտեխնիկան ինչ-որ ուշանում են»,- մտահոգվեց «Հայկական ժամանակի» աշխատակից Հայկ Գեւորգյանը։

Փոքր-ինչ անց զինծառայողները տեղափոխվեցին նախագահի նստավայրի անցագրային բաժնի մոտ: «Սա ի՞նչ այլընտրանքային ցույց է,- հետաքրքրվեց մեզ ավելի ուշ միացած «Ար» հեռուստաընկերության փոխնախագահ Վահրամ Մարտիրոսյանը,- ի՞նչ է, իրենց բերետների կարմրությունի՞ց են բողոքում»:

Իսկ ցուցարարների շարքի առջեւով, հանդա՜րտ ճեմելով, սիգարետի ծուխը քուլա-քուլա բաց թողնելով քայլում էր «Հայքի» գլխավոր խմբագիր Արմեն Բաղդասարյանը եւ բացատրում. «Ես վայելում եմ իմ կյանքի լավագույն պահերը՝ Արտակ Գնունու բերանը փակ է»։ Վերջինս, որ կարգախոսակիր էր, իրեն կաշկանդող ժապավենը մի կերպ հաղթահարելով խոստացավ. «Ես հետո կկոմպենսացնեմ»։

Բայց այս ամենը ոչինչ էր երեկվա ցույցի համեմատ, որին մասնակցում էր այս քրեական գործի գլխավոր հերոսներից մեկը՝ «կազյոլը» («Դուք համր եք, գոնե թող այծը մկկա,- ասում էր «Ազատություն» ռ/կ-ի թղթակցուհին, որն իր ռեպորտաժի համար ձայների կարիք ուներ):

Այս այծին ոստիկանները երկար ժամանակ թույլ չէին տալիս մոտենալ նախագահի նստավայրի մատույցներին՝ «Սիրուն չէ» պատճառաբանությամբ։ «Ոնց թե,- վիրավորվեց մի ուլիկասեր լրագրող։- Հլը տեսեք ի՜նչ սիրուն աչքեր ունի»։ Ոստիկանները տեղի տվեցին։

Առժամանակ համբերատար դիմացան, քանի դեռ այծը նկարահանվում էր նախագահի նստավայրի ֆոնին, քանի դեռ նրա դնչին էլ էին սեւ ժապավեն կապում ու քանի վանկարկում էին այն նույն արտահայտությունը, որի գործող անձանցից մեկն էլ «կազյոլն» էր եւ որը հիմա Նիկոլ Փաշինյանի մեղադրականի հոդվածներից է։

Բայց երբ այծիկը մոտեցավ նախագահի նստավայրի ցանկապատին ամրացրած «Դատարանը՝ քավության կազյոլ» ցուցապաստառին, ոստիկաններին թերեւս թվաց, որ կրկնվելու է 1996-ի սեպտեմբերի 25-ը եւ այծը հիմա իր պոզերով խորտակելու է ցանկապատը։ Օրենքի անձնուրաց պաշտպանները այծիկին (վերջինս համառորեն դիմադրում էր) քարշ տվեցին դեպի ոստիկանական վիլիս։

Նստեցրին ու տարան Արաբկիրի համայնքի ոստիկանատուն։ «Ախր իր համար խաղա՜ղ ցույց էր անում»,- սրտնեղեց «Ա1+»-ի թղթակից Վիկտորյա Աբրահամյանը։

«Կներեք, հիմա դուք մեր կազյոլին նստացնելո՞ւ եք, թե՝ ուտելու»,- ոստիկաններից հետաքրքրվեց Լիզա Ճաղարյանը։

«Մենակ չծեծեք»,- պատվիրեց ուլիկասեր նույն անձնավորությունը։ Ի դեպ, օրենքի պաշտպաններին ամենաշատն այդ արտահայտությունն էր վիրավորել. «Ուրեմն, մենք կազյոլ ծեծո՞ղ ենք»։

Մի խոսքով, առանց դատարանի որոշման՝ պետականացրին մեր այծիկին։ Եվ «Օրագրի» ու «Հայկական ժամանակի» վերաբացման, Նիկոլ Փաշինյանի արդարացման պահանջներին ցուցարարները թերեւս կարող են եւս մեկը գումարել. «Վերադարձրեք, օ՜, վերադարձրեք մեր կազյոլին»։

Իսկ առայժմ Լիզա Ճաղարյանը ոստիկաններին խոստացավ. «Վաղն էլ չուգուն ենք բերելու՝ չխկչխկացնենք»։

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը մտմտում է՝ դիմե՞լ դատախազությանն իր անձնական ունեցվածքի հափշտակման վերաբերյալ. «Գուցե այդ այծն իմ ընտանիքի եկամտի արդեն իսկ միակ աղբյո՞ւրն էր»։

Լուսանկարը՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930