Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԻՇԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՈՒՐԻՇԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է

Օգոստոս 12,1999 00:00
Davit Vardanyan

«ԱրմենՏել» ՓԲԸ հիմնադրման, սեփականաշնորհման եւ գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ամփոփիչ փաստաթղթերը չցնցեցին հասարակությանը։

Հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանի առաջին ասուլիսից հետո «Առավոտը» կասկած հայտնեց, որ ուսումնասիրությունները կանցկացվեն մասնագիտական պատշաճ մակարդակում։ Կանխատեսումները, ցավոք, իրականացան։

Հանձնաժողովի եզրակացություն-փաստաթղթերի վերլուծությունը պարբերաբար կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Ժամանակավոր հանձնաժողովը ՀՀ նախագահի հրամանագրով իր ուսումնասիրությունները ներկայացնելու էր հունիսի 3-ին։ Սակայն հանձնաժողովը մոտ մեկ ամիս ավել աշխատեց։ Ի վերջո լրատվության միջոցներին ներկայացվեց մի եզրակացություն, որ ստորագրել էին հանձնաժողովի բոլոր՝ ինն, անդամները։ Ստորագրել էին, բայց մոռացել էին ամսաթիվ դնել։ Իսկ մինչ այդ հանձնաժողովը բնականաբար ժրաջան աշխատել էր։

Տեսեք, թե, օրինակ, ինչ էր փորձում պարզել հանձնաժողովը իր գործունեության սկզբից ուղիղ երեք ամիս հետո։ Հունիսի 4-ին Դավիթ Վարդանյանը պաշտոնական գրությամբ դիմում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Է. Թադեւոսյանին։ Գրության առաջին հինգ էջում հանձնաժողովը շարադրում է, թե ինչ է իրեն հաջողվել պարզել։

Ընթերցողին այդ տիտանական աշխատանքի յուրատեսակ հաշվետվությունն ըմբոշխնելու առիթից չզրկելու համար բերենք հետեւյալ մեջբերումը։ «1992-1996թթ. ընթացքում ՀՀ կապի նախկին նախարարությունն ունեցել է արտարժութային հաշիվ եւ տնօրինել է արտարժութային հսկայական միջոցների (ընդգծված է բնագրում, ոճական անհարթությունն էլ նույն ծագումն ունի- Ա. Գ.)»։

Ընդգծված հատվածին համարժեք նշում, հավակնում եմ պնդել, որ չեք գտնի որեւէ այլ փաստաթղթում։ «Հսկայական միջոցներ» արտահայտությունը շատ ավելի քաղաքական ձեւակերպում է, քան տնտեսական ու իրավական։ Վերջին երկուսը գերադասում են կոնկրետ թիվ նշել։

Շարադրելով ուսումնասիրմամբ պարզածը, հանձնաժողովը վեցերորդ (վերջին) էջում խնդրում է Է. Թադեւոսյանին «հանձնարարությունը իրավաբանական վարչության պետ Ա. Թոփուզյանին (հավանաբար խոսքը Վ. Թոփուզյանի մասին է- Ա. Գ.) պարզաբանելու. պետական գույքի ներդրումները համատեղ ձեռնարկության մեջ արդյո՞ք համարվում են օտարում եւ որպես գործընթաց դրանք ապապետականացո՞ւմ են, թե՝ սեփականաշնորհում, պետական գույքը համատեղ ձեռնարկության մեջ ներդնելու, պետական ձեռնարկությունների լուծարման, վերակազմավորման, ինչպես նաեւ արտարժութային միջոցներ ունենալու եւ տիրապետելու վերոհիշյալ գործառույթներն ի՞նչ չափով են համապատասխանել տվյալ պահին գործող ՀՀ օրենսդրությանը, եւ ՀՀ նախկին կապի նախարար Գ. Պողպատյանն իրավասո՞ւ է եղել արդյոք իրականացնելու դրանք։ Եթե նա գերազանցել է իր իրավասությունները, ապա ո՞ր մարմինները կամ պաշտոնատար անձինք են իրավասու եղել իրականացնելու նշված գործընթացները, արդյո՞ք իրավասու է եղել ՀՀ նախկին կապի նախարար Գ. Պողպատյանը TWT ընկերության հետ 1993 թ. դեկտեմբերի 8-ին կնքելու վերոհիշյալ պայմանագիրը։ Նշված պայմանագիրը համապատասխանե՞լ է արդյոք ՀՀ օրենսդրությանը»։

Այսքան հարցերն ուղղելով կառավարության իրավաբանական ծառայությանը, ընդամենը մեկ փաստաթղթով, հասկանալի է, թե մինչ այս ինչո՞վ էր զբաղված բուն հանձնաժողովը։ Կամ հետո ինչո՞վ է զբաղվել, եթե այս ծավալի ու բնույթի հարցերին խնդրել է, որ ուրիշները պատասխանեն։

Մյուս կողմից ակնհայտ խելոք քայլ է՝ ուրիշի պատասխանը նաեւ ուրիշի պատասխանատվություն է։ Մինչդեռ կրթությամբ առնվազն երկու իրավաբան կար ժամանակավոր հանձնաժողովի կազմում։ Մեկը նույնիսկ ոլորտի բարձրագույն՝ արդարադատության փոխնախարարի պաշտոնում։ Ընդ որում նման ծավալի խնդիրը կառավարության իրավաբանական վարչության առջեւ դրվում է շատ սեղմ ժամկետով։ Հանձնաժողովը խնդրում է պատասխանել մինչեւ հունիսի 11-ը։

Տեսնես հասցրե՞ց պատասխանել, պատասխանում էլ, հետաքրքիր է, բացատրվե՞լ է արդյոք, թե ինչ բան է գույքի օտարումը, ինչ՝ ներդրումը։ Հետագա՝ վերջնական եզրակացությունից, ախր, չի հասկացվում։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031