Այսօրվանից նոր նշանակված դատավորները կանցնեն իրենց սրբազան պարտականությունների կատարմանը։ Նրանք նշանակվեցին ոչ միայն նախագահ Քոչարյանի հրամանագրով, արդարադատության նախարարի եւ համանուն խորհրդի անդամների առաջադրմամբ, այլ Սահմանադրության 55 հոդվածի 11 կետի համաձայն. մի Սահմանադրության, որը հակասահմանադրական է համարվում մինչեւ օրս…
«Շշմեցուցիչ» նշանակումների մեջ այնպիսիներն են, որոնք լավագույնս ծառայեցին նախորդ իշխանություններին, նոր աստիճանի հասցնելով՝ պետպատվեր հասկացությունը։ Նրանց մեջ կան դատավորներ, որոնք ունեն փորձ, ասենք դատական նիստերն ու դատաքննությունները 4-5 տարի անպատժորեն հետաձգելու, այնպիսիները, որոնք հհշական ապօրինի ընտրությունների ձայներն էին վավեր եւ օրինական ճանաչում, այնպիսիները, որոնց գրպանները դատարկ չմնացին նաեւ այս նշանակումներից հետո, եւ նաեւ այն դատավորները, որոնք մինչեւ էլեկտրոնային քննությունները արդեն վաճառել էին իրենց մարզային բնակարանները՝ ստանալով մայրաքաղաքային գրանցումներ (սա է՞լ է պատահականություն, պարզեք ինքներդ -Ռ.Մ)։
Համենայնդեպս, նորընծա դատավորաց դասում մեզ հետաքրքրեցին, մասնավորապես, կին դատավորների նշանակումները վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարաններում…
Իսկ պատկերն այսպիսին է.
Կարդացեք նաև
Մենք ունեցանք երկու կին նախագահ՝ առաջին ատյանի դատարաններում, կանայք, որոնց անունները, հատկապես, ընտրությունների հետ կապված դատավեճերի ժամանակ մեկ անգամ չէ, որ հնչել են ԶԼՄ-ներում. Ելիզավետա Դանիելյան, որը նշանակվեց Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատարանի նախագահ, եւ Սուսաննա Ներսիսյան, որը նշանակվեց Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ։ Առաջինը Կենտրոն համայնքի դատավորն էր, երկրորդը՝ Արաբկիրի շրջանի ժողդատարանի դատավորը…
Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում կանայք հինգն են՝ Աստղիկ Խառատյան, Նոյեմ Հովսեփյան, Ալվարդ Հունանյան, Գոհար Մատինյան, Նախշուն Տավարացյան։
Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում տասներեքից առաջինն է կին՝ Եվա Դարբինյանը։ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում նշանակված յոթ դատավորների մեջ երկուսը կին են՝ Ելենա Սողոմոնյանն ու Լարիսա Սոսյանը։
Առաջին ատյանի դատարաններում «արդյունքներն» ավելի քան «գոհացուցիչ» են, բացառությամբ մեկ դատարանի, կանայք գրեթե ամենուր են։
Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում հինգից մեկն է կին-դատավոր՝ Կարինե Ղազարյանը։ Կենտրոն-Նոր Մարաշ՝ վեցից մեկը՝ Գայանե Կարախանյանը։
Աջափնյակ եւ Դավիթաշեն՝ երեքից երկուսը՝ Ելիզավետա Դանիելյանն ու Էռնա Հայրիյանը։
Ավան եւ Նոր Նորք՝ հինգից երկուսը՝ Աիդա Դավթյանն ու Նաիրա Մարգարյանը։
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն՝ հինգից մեկը՝ Սիմիզար Հովսեփյանը։
Շենգավիթ՝ չորսից մեկը՝ Նաիրա Հովսեփյանը, Մալաթիա-Սեբաստիա՝ հինգից մեկը՝ Իսկուհի Վարդանյանը։
Կոտայքի մարզ՝ յոթից մեկը՝ Ելենա Քոչարյանը։ Արմավիր՝ վեցից մեկը՝ Մարինե Մարինոսյանը։
Արագածոտն՝ չորսից երկուսը՝ Ռուզաննա Բարսեղյանն ու Գոհար Խաչատրյանը։
Շիրակ՝ տասից մեկը՝ Հայկանուշ Միքայելյանը։
Լոռի՝ տասից մեկը՝ Նարինե Հովակիմյանը։
Գեղարքունիք՝ վեցից մեկը՝ Անահիտ Սաղաթելյանը։
Տավուշի մարզ՝ չորսից կին է նախագահը։
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված դատավորներից մեկը՝ Հասմիկ Հովհաննիսյանն է։
Վայոց ձորի բախտն ակնհայտ է, որ կին-դատավորների հարցում չի բերել։ Կամ գուցե բերե՞լ է, չգիտենք։ Այս տարածաշրջանում դատի կամ մարտի կգնան միայն տղամարդ-դատավորները։
Փաստորեն, ընդհանուր թվով նրանք քսանինն են։ Նրանց տարիքային պատկերն այսպիսին է. «տարեց» դատավորներն են Նոյեմ Հովսեփյանն ու Լարիսա Սոսյանը (1947 թ.), իսկ ամենաերիտասարդը մեկն է՝ Աստղիկ Խառատյանը (1967 թ.), երեքը՝ 1953 թ., երկուսը՝ 1958 թ., երկուսը՝ 1949 թ., երկուսը՝ 1955 թ., երկուսը՝ 1962, 1963 թ. …
Այս կարգի վիճակագրությունը պիտի հետաքրքրի «կանանց հիմնահարցերով» զբաղվող ֆեմինիստական կազմակերպություններին, իսկ որակական իմաստով նրանց, ովքեր զբաղվում են դատական ժուռնալիստիկայով եւ շատ լավ գիտեն, թե ինչ ասել է կին-դատավոր։
Դիտորդների կարծիքով, դատավարությունների կոշտ ընթացքից դեպի իգականացում եւ օծանելիքների բուրմունքից զատ կին-դատավորների երրորդ առավելությունը նրանց ժամանակին կողմնորոշումն է, «նյուխը», որի թափառաշրջիկ օրինակը ծանոթ է քչերին.
Կին-դատավոր – Ձեր զբաղմո՞ւնքը…
Ամբաստանյալ – Ակրոբատ, տիկին դատավոր։
Կին-դատավոր – Սերժանտ, անմիջապես փակեք պատուհանը։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ